ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
"Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպությունը (ԻԱԿ) հիմնադրվել է 2001թ. հունիսի 1-ին: ԻԱԿ-ի հիմնական նպատակն է պաշտպանել մարդկանց տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքը:
ԻԱԿ-ի առաքելությունն է նպաստել տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը եւ այդ համակարգում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են.
-
Իրավական խորհրդատվություն և ռազմավարական դատավարություն: ԻԱԿ-ը քաղաքացիներին, ԶԼՄ-ներին, ՀԿ-ներին, լրագրողներին և իրավաբանական անձանց իրավական խորհրդատվություն է տրամադրում տեղեկատվություն ստանալու իրավունքի վերաբերյալ` միաժամանակ օգնելով բողոքարկել տեղեկատվություն ստանալու հարցումների անօրինական մերժումները` ներառյալ դատարական կարգով: 2001-2010թթ. ընթացքում կենտրոնը իրավական խորհրդատվություն եւ աջակցություն է տրամադրել 6000 անձի: 2006-2010թթ ընթացքում ԻԱԿ-ը տեղեկատվության տրամադրումն ապօրինի մերժած պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների դեմ 28 դատական գործ է հարուց, ինչի շնորհիվ վերականգնվել է տեղեկատվություն ստանալու խախտված իրավունքը:
-
Դիտարկում: ԻԱԿ-ն իրականացնում է ՏԱ մասին ՀՀ օրենսդրության կիրառման պրակտիկայի դիտարկում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում: Կենտրոնը տարեկան 500-600 տեղեկություն ստանալու հարցումներ է ուղարկում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ` այսպիսով լինելով “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող կազմակերպություններից մեկը:
-
Ուսուցումներ: Կենտրոնը ՀՀ ողջ տարածքում ուսուցումների միջոցով օգնում է քաղաքացիներին, ՀԿ, ԶԼՄ եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ պետական պաշտոնյաներին զարգացնել իրենց գիտելիքը Տեղեկատվության ազատության ոլորտում: 2003-2010թթ ընթացքում 5000 մարդ՝ այդ թվում 2200 պաշտոնյա, ստացել է գիտելիք եւ հմտություն տեղեկատվության ազատության օրենսդրության վերաբերյալ։
-
Հանրային քարոզարշավ: 2001թ.ից մինչ օրս կենտրոնը հրապարակում է “Դու տեղյակ լինելու իրավունք ունես” տեղեկագիրը, որը ՏԱ ոլորտի մասին միակ մասնագիտացված պարբերականն է Հայաստանում: Տեղեկագրի յուրաքանչյուր համարում հրապարակվում է այն պաշտոնյաների “Սեւ ցուցակը”, որոնք ոտնահարել են քաղաքացիների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների եւ իրավաբանական անձանց տեղեկատվություն ստանալու իրավունքը: ԻԱԿ-ը ԶԼՄ-ներով լայնորեն հրապարակայնացնում է տեղեկություն ստանալու իրավունքի խախտումները:
-
Օրենսդրական բարեփոխումներ: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ակտիվ դերակատարում է ունեցել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի մշակման և ընդունման գործում: Ներկայումս ԻԱԿ-ը նախաձեռնել է ՏԱ ենթաօրենսդրական ակտերի մշակման եւ ընդունման գործը: Արդեն մշակվել և ՀՀ կառավարություն ու ՀՀ Ազգային Ժողով է ներկայացվել 2 ենթաօրենսդրական ակտի եւ ՀՀ օրենքներում 7 փոփոխությունների նախագծեր:
-
ԻԱԿ-ն իրականացնում է ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն, որի ժամանակ ոսկե բանալի է շնորհվում ՏԱ օրենքը լավագույնս կիրառած քաղաքացիներին, ՀԿ-ներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին եւ լրագրողներին: Տրվում են նաև բացասական մրցանակներ` կողպեքներ, ՏԱ օրենքը խախտող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին:
ԻԱԿ-ը.
- Տեղեկատվության ազատության պաշտպանների միջազգային ցանցի հիմնադիր անդամ է (www.foiadvocates.net): Ցանցի 55 անդամները միավորվել են ամբողջ աշխարհում տեղեկատվության ազատության ոլորտում ակտիվորեն գործող ՀԿ-ների միջև տեղեկատվության փոխանակմանը եւ համատեղ ծրագրերի իրականացմանը նպաստելու նպատակով: ՏԱ պաշտպանների միջազգային ցանցի նպատակն է նաեւ ՀԿ-ների կոալիցիաների ստեղծումը, որոնք կգործեն տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներով ՏԱ խնդիրների լուծման ուղղությամբ:
- "Տեղեկատվության ազատություն. Եվրոպա" կազմակերպության հիմնադիր անդամ է: Կազմակերպությունը նպատակ ունի նպաստել Եվրոպայում տեղեկատվության մատչելիության իրավունքի կիրառմանը եւ աջակցել այս իրավունքի առաջընթացին ամբողջ աշխարհում:
- Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնության անդամ է (Հայաստան): Նախաձեռնությունը միավորում է Հայաստանում ՏԱ ոլորտում գործող երեք խոշորագույն կազմակերպությունները` Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը եւ Տեղեկատվական իրավունքի ինստիտուտը: Այս երեք կազմակերպությունների համագործակցության արդյունքը դարձավ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի մշակումն ու ընդունումը:
- Տեղեկատվության ազատության ամերիկյան ազգային Կոալիցիայի (www.nfoic.org) պատվավոր անդամ է, որին անդամակցում են Միացյալ Նահանգներում գործող 25 կազմակերպություն:
Կենտրոնի ղեկավարն է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Շուշան Դոյդոյանը: