2010-Հուլիս-13
2010-Հունիս-30
|
||||||
|
Տեղեկատվության ազատության սկզբունքներ Սկզբունքներն ընդունվել են 2005թ. դեկտեմբերի 9-ին` Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, Երեւանում քաղաքացիական հասարակության եւ իշխանության 70 ներկայացուցիչների կողմից «Տեղեկատվության ազատությունը Հայաստանում» աշխատանքային քննարկման ընթացքում, որը կազմակերպվել էր Հայաստանի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Փաստաթուղթը մշակվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբանական բաժնի կողմից: Փաստաթղթի համար հիմք են ծառայել Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 2002թ.ին ընդունված «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության վերաբերյալ» հանձնարարականը եւ 2005թ.-ի սեպտեմբերի 28-ին` Տեղեկատվության ազատության միջազգային օրը Բաց Հասարակության Արդարադատության նախաձեռնության ընդունած Տեղեկատվության ազատության սկզբունքերը: ՏԱ Սկզբունքներն հիմնված են տեղեկատվության ազատության միջազգային չափանիշների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի առանցքային դրույթների վրա` ներառելով ՏԱ ազգային եւ միջազգային պրակտիկան: Համոզված լինելով, որ տեղեկատվության ազատությունը կենսական նշանակություն ունի Հայաստանում ժողովրդավարական հասարակության զարգացման եւ բարգավաճման, ինչպես նաեւ մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար, Հաշվի առնելով, որ տեղեկատվության ազատությունը.
Հաշվի առնելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի 19-րդ հոդվածի, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային համաձայնագրի 19-րդ հոդվածի, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 2002թ.-ի «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության վերաբերյալ» (2002)2 հանձնարարականի, ՄԱԿ-ի՝ Տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության եւ բնապահպանական հարցերում արդարադատության մատչելիության Օրհուսի կոնվենցիայի, եւ Բաց Հասարակության Արդարադատության նախաձեռնության «Տեղեկատվության ազատության» հիմնադրույթները, Հավաստում ենք մեր պատրաստակամությունը ընդունել եւ իրականացնել տեղեկատվության ազատության հետեւյալ սկզբունքները. 1. Տեղեկություն ստանալու իրավունքը յուրաքանչյուրինն է: Յուրաքանչյուր ոք` անկախ իր մասնագիտությունից, սեռից, դիրքից, պաշտոնից եւ այլ հանգամանքներից, իրավունք ունի ծանոթանալ իր փնտրած տեղեկությանը եւ (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը։ Այս իրավունքից կարող է օգտվել յուրաքանչյուր ոք առանց խտրականության։ 2. Տեղեկատվության ազատությունը կանոնն է, գաղտնիությունը` բացառությունը: 3. Մարդիկ իրավունք ունեն տեղեկություն ստանալ բոլոր պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական հիմնարկներից, պետական եւ համայնքային բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններից, ինչպես նաեւ հանրային նշանակության մասնավոր կազմակերպություններից եւ դրանց պաշտոնատար անձանցից: 4. Տեղեկություն ստանալու հարցումը հիմնավորման կարիք չունի: 5. Տեղեկություն ստանալու գործընթացը պետք է լինի պարզ, հեշտ եւ արագ: 6. Տեղեկատվության տրամադրման մերժումները պետք է հիմնավորված լինեն: 6.2. Տեղեկություն ստանալու իրավունքի սահմանափակումները պետք է հստակ ամրագրված լինեն օրենքով, անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությանը եւ ուղղված լինեն օրինական շահերի պաշտպանությանը: 7. Հանրային շահը առաջնահերթ է գաղտնիության շահի նկատմամբ: 8. Յուրաքանչյուր ոք ունի տեղեկություն ստանալու իրավունքը խախտող որոշման վերանայման եւ բողոքարկման իրավունք: Այդ որոշումը պետք է վերանայվի արագ եւ արդյունավետ ընթացակարգով: Տեղեկություն տրամադրելուց ապօրինի հրաժարվելու, կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելու, ինչպես նաեւ ՏԱ իրավունքի այլ խախտումներն առաջացնում են պատասխանատվություն օրենքի առաջ: 9. Յուրաքանչյուր մարմին պետք է սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի՝ հրապարակելու իր մոտ պահվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ հրապարակի իր գործառույթներին եւ պարտավորություններին վերաբերող տեղեկություններ` առանց տեղեկություն ստանալու հարցման: Տեղեկությունները հրապարակվում են հանրության համար մատչելի ձեւով, տեղեկատվություն տնօրինողի ինտերնետային էջի առկայության դեպքում` նաեւ դրանով: 10. Տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանությունը պետք է երաշխավորվի Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաեւ ՀՀ դատարանների կողմից։ |
