2010-Հուլիս-26
ՏԱ մրցանակաբաշխության թեկնածուների առաջադրում մանրամասն>>

2010-Հուլիս-13
Սեւ ցուցակ 2010. երկրորդ եռամսյակ մանրամասն>>

2010-Հունիս-30
Երկրորդ անգամ կքննվի ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործը մանրամասն>>


Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի
2009-Նոյեմբեր-12

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009թ. սեպտեմբերի 17-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. Մինչեւ սույն թվականի օգոստոսի 1-ը ՊՈԱԿ-ի ռեեստրում փորձաքննություն իրականացնող քանի՞ մասնավոր ընկերություն է գրանցված եւ այդ ընկերություններն ու՞մ անունով են գրանցված: Նշեք հավատարմագիր ստացած ընկերությունների անունները:
2. Տրամադրեք նաեւ ՊՈԱԿ-ի աշխատողների 2008 եւ 2009 թվականների հաստիքացուցակներն ու նույն ժամանակահատվածի աշխատողների աշխատավարձերի չափը հաստատող ցուցակը:

ՊՈԱԿ-ից ստացված կես էջանոց պատասխան գրության մեջ նշված է. “ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 04.08.2009թ-ի թիվ 99-Ա հրամանի համաձայն` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների կամ նրանց կողմից իրականացվող գործառույթների վերաբերյալ տեղեկատվությունը տրվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության միջոցով:

Վերոգրյալի հիման վրա առաջարկում եմ տեղեկատվության ստացման նպատակով Ձեր հարցումն ուղղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը”:

Այս գրությամբ, փաստորեն, պատասխան չի տրվել ԻԱԿ-ի հարցմանը: 2009թ.-ի սեպտեմբերի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի տեղեկատվություն տրամադրել պարտավորեցնելու եւ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարչական հայց է ներկայացրել դատարան:

2010թ.-ի հունվարի 14-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի դատական գործի դատաքննությունը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պնդեց հայցը, իսկ պատասխանող կողմն էլ շարունակեց առարկել ԻԱԿ-ի պահանջների դեմ: “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը դատաքննության ժամանակ պնդեց ՊՈԱԿ-ի մերժման օրինականությունը (այն է` ԻԱԿ խնդրած տեղեկությունները պետք է ստանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից)` որպես հիմք նշելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 04.08.2009թ-ի թիվ 99-Ա հրամանը: Սակայն, ինչպես պարզվեց դատաքննության ժամանակ, վերոնշյալ հրամանի համաձայն ՊՈԱԿ-ին ոչ թե պարտադրվում էր հղում անել ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը, այլ տեղեկատվություն տրամադրելու պահանջի դեպքում տեղեկությունների տրամադրումը համաձայնեցնել ԱԻՆ-ի մամուլի ծառայության հետ: Այսինքն, սա, ըստ էության, տեղեկատվության տրամադրման ներքին կարգ, պայման սահմանող հանձնարարական է:

2010թ.-ի հունվարի 29-ին հրապարակվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի դատական գործով դատարանի վճիռը: Դատարանը վճռեց հայցը ամբողջությամբ բավարարել` պարտավորեցնելով “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ին հնգօրյա ժամկետում տրամադրել հայցվող տեղեկատվությունը: Վերջինս ԻԱԿ-ին տրամադրեց պահանջվող ողջ տեղեկատվությունը: Սակայն “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ը չի փոխհատուցել ԻԱԿ-ի վճարած պետական տուրքի գումարը, ոստի ԻԱԿ-ը դիմելու է ՀՀ ԱԴ Դատական ակտերի հարկադրի կատարման ծառայություն` ՊՈԱԿ-ին դատարանի վճիռն ամբողջությամբ կատարել պարտավորեցնելու համար:




Հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ

Վճռին կարող եք ծանոթանալ այստեղ



< վերադառնալ

© Ինֆորմացիայի ազատության կենտրոն ® Բոլոր իրավունքները պաշտպանված են: 2010
Դիզայնը և ծրագրավորումը` Բրոնկովեյ:

Կայքը պատրաստված է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: