2010-Հուլիս-13
2010-Հունիս-30
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Նախարարական եկամուտներ
2009-Նոյեմբեր-17 Գեւորգ Հայրապետյան
2009թ.-ի հոկտեմբերին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից ստացավ ՀՀ բոլոր նախարարների 2008թ.-ի գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները:Չտրամադրվեցին միայն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանի տվյալները, քանի որ նա նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2009թ.-ի մայիսի 12-ից: Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը եւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը 2008թ.-ի ընթացքում զբաղեցրել են այլ պաշտոններ եւ գույքի եւ եկամուտների հայտարարագրեր, բնականաբար, ներկայացրել են այլ պաշտոններ զբաղեցնելու ժամանակ ստացած եկամուտների վերաբերյալ: Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում` որպես պետական բյուջեի վերահսկողության վարչության պետ, իսկ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի նախագահ: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկանքների վերլուծությունը ցույց տվեց, որ այս ժամանակահատվածում գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացրած 17 նախարարներից միայն 4-ն են 2008թ.-ի ընթացքում օտարել կամ ձեռք բերել որեւէ շարժական կամ անշարժ գույք: Այսպես, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 2008թ.-ին օտարել է “Շեւրոլե” մակնիշի ավտոմեքենա, փոխարենը ոչինչ ձեռք չի բերել: Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը օտարել է շենք եւ շինություն, 2 հողամաս` փոխարենը ձեռք բերելով շենք եւ շինություն եւ 1 հողամաս: Առանց որեւէ բան օտարելու նոր գույք ձեռք են բերել նախարարներից երկուսը՝ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը եւ Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը՝ գնելով մեկական հողամասեր: 2008թ.-ին գույքով եկամուտ ունեցել է միայն Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը՝18.400.000 ՀՀ դրամ արժողությամբ: 2008թ.-ի ընթացքում արտարժույթով եկամուտ ունեցել են Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` 13.173 Եվրո, եւ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը` 10.000 ԱՄն դոլար: 2008թ.-ին ամենաշատ եկամուտն ունեցել է Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նրա եկամուտը կազմել է 381.607.396 դրամ` ավելի քան 131 անգամ ավելի ամենաքիչ եկամուտ ստացած Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը (2.903.800 դրամ) եւ ավելի քան 12 անգամ ավելի եկամուտների ծավալով երկրորդ տեղում գտնվող Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի ցուցանիշից (30.865.620 դրամ` ներառյալ գույքով ստացված եկամուտը): Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին հաջորդում են Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը եւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` համապատասխանաբար 30.865.620 դրամ եւ 18.823.430 դրամ եկամուտներով: Ինչպես արդեն նշվեց, 2008թ.-ին ամենքիչ եկամուտն ունեցել է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` 2.903.800 դրամ: Նրան հաջորդում են Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը` համապատասխանաբար 2.906.178 դրամ եւ 3.131.900 դրամ եկամուտներով: Մնացած նախարարների` 2008թ.-ին ստացած եկամուտի չափը տատանվում է 3-12մլն դրամի սահմաններում: Անճշտությունից խուսափելու համար այստեղ հաշվի չեն առնված Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի եկամուտները, քանի որ նրանց եկամուտները բաղկացած են նաեւ արտարժույթով ստացված միջոցներից: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եկամուտը կազմել է 2.840.049 դրամ, 13.173 Եվրո, իսկ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանինը` 9.722.600դրամ, 10.000 ԱՄՆ դոլար: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում պաշտոնյաներն այլեւս չեն ներկայացնում փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրեր: Այսինքն, հասարակությունն այլեւս չի կարող իմանալ նրանց կանանց, երեխաների եւ այլ փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների մասին տեղեկություններ։ Ամեն դեպքում, տեղեկանքների հրապարակային լինելը ավելի թափանցիկ է դարձնում մեր նախարարների աշխատանքը, նրանց եկամուտների հրապարակայնությունը ավելացնում է նրանց գործունեության նկատմամբ վստահությունը:
< վերադառնալ |
