Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

«Շատ բան իմանան, պրծում չենք ունենա»

Հուլիսի 25-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կազմակերպել էր ուսուցում մարզի պաշտոնյաների՝ համայնքների ղեկավարների, ավագանիների անդամների համար` «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով:Քննարկման մասնակիցները 30-ն էին` գյուղապետեր, քաղաքապետեր եւ աշխատակազմերի քարտուղարներ: Քննարկման նպատակն էր սովորեցնել մասնակիցներին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, որպեսզի պետական պաշտոնյա-քաղաքացի փոխհարաբերությունները դրվեն նորմալ հարթության վրա: Բանախոս Մ. Հակոբյանը ներկաներին ներկայացրեց հրապարակային եւ թափանցիկ աշխատելու իրենց պարտականությունը, աշխատանքի տվյալ տեսակի առավելությունները, ինչպես եւ` տեղեկատվության տրամադրման կարգը եւ ժամկետները: Նաեւ հիշեցրեց համայնքապետերին, որ նրանք տեղեկատվության տրամադրման համար կատարվող ծախսերը կարող են ներառել իրենց բյուջեում, եւ Կառավարությունը դա հաշվի կառնի: Սակայն բաց տեղեկատվությամբ աշխատելու առաջարկը ոչ բոլորն ընդունեցին միանշանակ: Նոր Հաճընի քաղաքապետը, օրինակ, ոչ մի կերպ չէր կարողանում համակերպվել, որ, ասենք, Երեւանի բնակիչը կարող է իրենց բյուջեի վերաբերյալ տեղեկատվություն պահանջել: «Բան ու գործ չունենք, պետք է ամբողջ օրը Երեւանից ստացված նամակներին պատասխանենք: Հետո էլ մեր բյուջեի հաշվետվությունն իրենց ինչների՞ն է պետք»: Եվ ինչքան էլ ԻԱԿ-ի փորձագետ Մարինե Հակոբյանը փորձ էր անում բացատրելու, որ տեղեկատվություն պահանջողը պարտավոր չէ հիմնավորել, թե ինչի համար է իրեն անհրաժեշտ այդ տեղեկատվությունը, միեւնույն է, քաղաքապետ Գեւորգ Ավետիսյանը մնաց իր տեսակետին: Լեռնանիստ գյուղի գյուղապետն էլ տեղեկատվության ազատությունը նույնացնում էր լրատվության ազատության հետ եւ բողոքում, որ ինչպես կարելի է թույլ տալ, որ հեռուստատեսությամբ, օրինակ, “աները փեսայի հետ 3 ժամ նստի եւ ուղիղ եթերում զրուցի”: Իսկ այն առաջարկին, որ համայնքի վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է տեղադրել Ինտերնետում, որն էլ կհեշտացնի նրանց աշխատանքը, կրկին մեծ դժգոհություն առաջացրեց Լեռնանիստի գյուղապետ Առլիկ Արշակյանի մոտ: Թեպետ շատ դժվար եղավ մարդկանց մտածելակերպի քարացած կարծրատիպերը փոխելը, սակայն մի բան ներկաների համար պարզ դարձավ, որ տեղեկատվության տրամադրումը որքան էլ որ իրենց համար դժվար կամ անցանկալի լինի, միեւնույն է, իրենք պարտավոր են դա անել` օրենքն է պահանջում: Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում։
Skip to content