Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղեկատվության տրամադրման արհեստական խոչընդոտ

Արթուր Հովհաննիսյան Տեղեկագիր 14 Հայաստանում տեղեկություններ ստանալու ազատությունը կամ իրավունքը տրված է… Սակայն հասարակության սոցիալապես անապահով մասի, այսինքն` մեծամասնության համար, նշված ազատությունը արհեստական խոչընդոտով, ըստ էության, սահմանափակված է, հետեւաբար ձեւական բնույթ ունի: Ի՞նչ նկատի ունենք… Թվում էր, թե 2003թ. նոյեմբերի 15-ից, երբ ուժի մեջ մտավ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, Հայաստանում տեղեկատվության մատչելիության հետ կապված խնդիր չպետք է լիներ, գոնե օրենսդրական առումով: Սակայն անցած 7-8 ամսվա  ընթացքում առիթներ ունեցանք համոզվելու, որ իշխանության գործադիր եւ օրենսդիր թեւերը մտադիր չեն հեշտությամբ տեղի տալ եւ ապահովել տեղեկատվության  մատչելիությունը: Եթե ավելի որոշակի ներկայացնենք,ապա ՀՀ Ազգային Ժողովը համապատասխան փոփոխություն չի կատարել 2001թ.  ապրիլի 3-ին ընդունած «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում: Վերջինիս համաձայն, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ չափերով պետական տուրք է գանձվում նաեւ «պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու համար»: ՀՀ կառավարությունը, իր հերթին, համապատասխան փոփոխություն չի կատարել 2001թ. հուլիսի 25-ի թիվ 674 որոշմամբ հաստատած «Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի եւ պետական գրանցամատյանների տեղեկություններից  օգտվելու» կարգի 4-րդ կետում: Նշված կետի համաձայն, «Յուրաքանչյուր շահագրգիռ անձ կարող է պետական  միասնական գրանցամատյանի եւ  պետական  գրանցամատյանների  տեղեկություններն  ստանալ  անմիջականորեն  կամ  փոստով` վճարելով պետական տուրք` օրենքով սահմանված կարգով եւ չափով»: Պահանջվող տուրքն այժմ 1000 դրամ է, ինչը չունեւոր անձանց համար քիչ չէ, եւ շատերին կարող է հարկադրել հրաժարվելու  անհրաժեշտ  տեղեկատվությունը ստանալու մտքից: Բացի այդ, չկա որեւէ երաշխիք, որ առաջիկայում պետտուրքի չափը չի բարձրացվի: Ակնհայտ է, որ վերոհիշյալ կարգի 4-րդ կետի փոփոխությունն անհրաժեշտ էր եւ անհրաժեշտ է` «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունման եւ դրա պահանջների հետ նշված կետի հակասության փաստից ելնելով: Իսկ ի՞նչ հակասության մասին է խոսքը… «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի (Տեղեկությունների տրամադրման պայմանները) համաձայն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման համար գանձում չի կատարվում նաեւ հետեւյալ դեպքերում.  «• մինչեւ 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս. • տեղեկությունն էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով) տրամադրելիս»: Հայաստանի Հանրապետությունում պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը` ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, ինչպես նաեւ նրա տարածքային ստորաբաժանումները պետական մարմիններ են: Մինչդեռ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաեւ կառավարության հիշյալ որոշմամբ հաստատված կարգը պետտուրք  չվճարելու վերը մեջբերված բացառությունները  չեն նախատեսում: Եվ սա այն դեպքում, երբ իրավաբանական անձանց  պետական միասնական գրանցամատյանը, որը  ձեւավորվում է վերոհիշյալ տարածքային ստորաբաժանումների  կողմից վարվող  պետական գրանցամատյաններից, պարունակում է որոշակի տեղեկություններ ՀՀ-ում գրանցված բոլոր իրավաբանական անձանց (բացառությամբ բանկերի եւ ֆոնդային բորսաների), անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ  իրավաբանական անձանց  առանձնացված  ստորաբաժանումների եւ  հիմնարկների  մասին: Նշված  տեղեկությունների ցանկը սահմանված է «Իրավաբանական անձանց  պետական գրանցման  մասին» ՀՀ  օրենքի 20-րդ  հոդվածով: Այդ տեղեկություններից են, օրինակ, իրավաբանական անձանց  հիմնադիրների (մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի) կազմը եւ նրանց վերաբերյալ տեղեկությունները: Սակայն… «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն  ուժի մեջ է մտել 2003 թվականից: Չնայած դրան, իրավաբանական եւ ֆիզիկական անձինք (նրանց թվում նաեւ` լրագրողները), առանց պետտուրք  վճարելու, չեն  կարողանում  ստանալ այդ  տեղեկությունները: Չեն կարողանում  օգտվել դրանցից` անկախ նրանից, թե նշված տեղեկության ծավալը 10 տպագրված էջը  գերազանցու՞մ է, թե՞ ոչ, խոսքը տեղեկությունն էլեկտրոնային փոստով  տրամադրելու մասի՞ն է, թե՞ ոչ: Այսպիսով շուտափույթ  լուծում  պահանջող օրենսդրական  հակասությունն ակնհայտ է: Պետք է նաեւ նկատի ունենալ, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ընդունվել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» օրենքի ընդունումից 2 տարի հետո: Այսինքն` նրանից անհամեմատ   թարմ է եւ, հետեւաբար, ՀՀ  կառավարությունը պետք է  առաջնորդվեր «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով: Կարող է պատճառաբանվել, թե կառավարությունն իր հաստատած  վերոհիշյալ  կարգում  փոփոխություն  չէր  կարող  կատարել, քանի դեռ «Իրավաբանական անձանց  պետական  գրանցման  մասին» ՀՀ օրենքի  4-րդ  հոդվածում  փոփոխություն  կատարված  չէ:  Այդ  դեպքում,  սակայն,  կառավարությունը  հենց  ինքը պետք է  հանդես  գար  նշված  հոդվածում (օրենքում) փոփոխություն  կատարելու  օրենսդրական  նախաձեռնությամբ,  ինչը  չի  արել: Փաստն այն է, որ  առ այսօր օրենսդրական  վերոհիշյալ   հակասությունը  չվերացնելով ու  պահպանելով, անտեսվում է  Եվրախորհրդի նախարարների  կոմիտեի  2002թ. ընդունած եւ վերը նշված անհրաժեշտությունները կարեւորող «Պաշտոնական  փաստաթղթերի  մատչելիության  վերաբերյալ»  հանձնարարականը:

Skip to content