Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Լրատվություն կա՞, որ լրատվական ծառայություն լինի

Ոսկան Սարգսյան, Տավուշի մարզ Տեղեկագիր 14  «Աչքից հեռու, տալդա տեղ»: Տարիներ առաջ այսպես էր  վերնագրել իմ գործընկերներից մեկը Տավուշի  տարածաշրջաններից  մեկի մասին իր նյութը: Այսօր իրավիճակն էապես չի փոխվել: Երեւանից ինչքան հեռանում ես, այնքան ազատ խոսքի եւ լրատվության վիճակը վատանում է: Իսկ Տավուշը հանրապետության քարտեզի ծայրին է: Լրատվական ոլորտն այստեղ թույլ է զարգացած: Գործում են Նոյեմբերյանի «Քամուտ» եւ Իջեւանի «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերություններ եւ ոչ մի տեղական ռադիոկայան: Եվ վերջապես, այդ թերթերը մեծ պահանջարկ չունեն. կարիքավոր տավուշցիները 100 դրամը ծախսում են ոչ թե թերթ գնելու, այլ հանապազօրյա կարիքի համար, մանավանդ տեղական թերթերն էլ  հիմնականում ձանձրալի եւ անորակ են:  Մարզի տեղական թերթերը շատ փոքր լսարան ունեն, դրանց խմբագրակազմն ու լրագրողները սովորաբար այլ մասնագիտության տեր  են, քննադատական հոդվածներն էլ թերթում` սակավ, եղածն էլ բարոյախոսական թեմաներով, առանց կոնկրետ հասցեատիրոջ են, անհասցե, օդում հնչած կրակոցներ, օրինակ` ինչու են բնակիչներն աղբը թափում փողոցում եւ այլն: Թերթերից ավելի մեծ լսարան եւ ազդեցություն ունեն վերոհիշյալ  2 հեռուստաընկերությունները, սակայն դրանցում պարբերական լրատվական թողարկումների բացակայությունը խանգարում է ազդեցության աճին, ռեալ վարկանիշ ունենալուն: Մարզում գործում են Հ1 եւ Հ2 հեռուստաընկերությունների տեղական թղթակիցները, հանրապետական այլ լրատվամիջոցներ Տավուշում հաստիքով թղթակիցներ չունեն: Մի խոսքով, Տավուշի լրատվական դաշտը դեռեւս կայացած չէ:  Տավուշի մարզում գործում է մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Բաժնի վարիչ Անի Մելիքսեթյանը մասնագետ լրագրող է, նա սերտ կապեր ունի մարզի լրագրողների հետ, պատրաստակամ է իր ունեցած տեղեկատվությունը հաղորդելու նրանց: Սակայն մարզպետարանի հետ լրագրողիս 9-ամյա շփումը թույլ է տալիս ասելու, որ մարզպետարանի վարչությունների պետերն ու բաժնի վարիչները միշտ չէ, որ կարեւոր, հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունը ժամանակին տրամադրում են լրատվության բաժին:  Բաժնում, բացի Անիից, միայն մեկ աշխատող կա: Վերջինս մասնագիտությամբ լինելով հեռուստաօպերատոր, չի կարող փոխարինել բաժնի վարիչին: Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը գործում է մարզպետարանի քարտուղարության վարչության կազմում: Սա ինքնին վկայում է, թե ինչպես է գնահատվում լրատվության տեղն ու դերը: Մարզպետարանն ունի նաեւ ինտերնետային էջ` www.tavush.region.am: Ինչպես մյուս մարզերի կայքերը, սա եւս ունի «Ընդհանուր», «Հասարակական կառույցներ»,  «Ձեռնարկություններ», «Դատարաններ», «Բյուջե», «Որոշումներ, իրավական ակտեր», «Մարդիկ», «Սոցիալական», «Կրթություն», «Առողջապահություն», «Նորությունների արխիվ» բաժիններ, որտեղ հայտնված տեղեկատվությունը լրագրողին իր ամենօրյա աշխատանքը կատարելու համար քիչ թե շատ օգտակար է լինում:  Իջեւանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի եւ Բերդի քաղաքապետարաններում լրատվական ծառայություններ չկան: Բերդի քաղաքապետ Անդրանիկ Շառյանն ու  Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը մեզ հետ զրույցում ասացին, որ կարեւորում են  լրատվական ծառայության դերը, սակայն  համայնքապետարանները ֆինանսական հնարավորություններ չունեն  լրատվական ծառայության աշխատող պահելու համար: Մարզի քաղաքապետերն անձամբ են շփվում լրագրողների հետ: Սա լավ է այն առումով, որ տեղեկատվությունն առաջին ձեռքից է ստացվում: Սակայն միշտ չէ, որ հնարավոր է քաղաքապետերին տեղում գտնելը. մեկ մարզկենտրոնում ժողովի են մասնակցում, մեկ էլ` Երեւանում են: Իսկ առանց քաղաքապետի, շառից-փորձանքից հեռու մնալու մտայնությամբ, համայնքապետարանների պատասխանատուները սովորաբար գերադասում են լրագրողներից հեռու մնալ: «Ամենաիդեալական» պատկերը մարզկենտրոն Իջեւանում է: Այստեղ քաղաքապետարանը Իջեւան անունով թերթ է հրատարակում (ամիսը կամ երկու ամիսը մեկ): Այդ թերթը ամեն 3 տարին մեկ, քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի վերընտրության ժամանակ շքեղ, գունավոր տեսք է ստանում, պաթոսով պատմում քաղաքապետի կատարած գործերի եւ պայծառ հեռանկարների մասին: Արդեն 1 տարի գործող եւ կրկին քաղաքապետի գովքին լծված «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերությունն էլ փաստացի նույն քաղաքապետի սեփականությունն է:  Ապրում ենք մարզի լրատվական ճահճում, ճահճին հատուկ անդորրով ու տաղտուկով, բայց հույսով, որ իրավիճակը մի օր կփոխվի: Պահանջարկն է ծնում առաջարկ:  Մարզի տնտեսական զարգացման, բնակչության կենսամակարդակի, ծառայությունների աճի արդյունքում  ժամանակի ընթացքում  մարզում կգործեն տնտեսապես մրցունակ, հասարակ մարդկանց տեղեկանալու պահանջմունքը եւ ոչ թե ինչ-որ պաշտոնյայի, փողատիրոջ կամ կուսակցության շահերը բավարարող լրատվամիջոցներ: Նրանց հետ առնչվելու համար մարզի քաղաքապետարանները կունենան եթե ոչ լրատվական ծառայություններ, ապա գոնե այս ոլորտի  մեկ աշխատող:

Skip to content