Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղեկատվության ազատությունը Գեղարքունիքի մարզում

Պապին Մուրադյան, Գեղարքունիքի մարզ Տեղեկագիր 15 Հինգ քաղաք եւ ութսունյոթ գյուղ ունեցող Գեղարքունիքի մարզն ունի հինգ տեղական լրատվության միջոց` երկու թերթ («Գեղամա աշխարհ»-ը խմբագրի հիվանդության պատճառով մայիսից չի գործում, սակայն արդեն նշանակվել է նոր խմբագիր եւ շուտով թերթը կտպագրվի), երեք հեռուստաընկերություն: Էլեկտրոնային լրատվամիջոցի մյուս տեսակը` ռադիոն, այս մարզում բացակայում է  (ինչպես գրեթե բոլոր մարզերում): Ճամբարակ եւ Վարդենիս քաղաքներում ԶԼՄ չկա:   Բնականաբար Գեղամա աշխարհի լրագրողները տեղական իրադարձությունների մասին ընթերցողներին ու հեռուստադիտողներին տեղեկացնում են այնքանով, ինչքանով իրենց են տեղեկացնում:  Ըստ Մարտունու «Զանգակ» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Երանոսյանի`  մարտունեցիները մարզպետի եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասին միայն գովազդներ կարող են լսել, երբեմն էլ` վերոհիշյալ կառույցների շահից բխող ինֆորմացիա միայն: Գավառցիները կարոտ են ֆինանսական բնույթի տեղեկությունների, ինչը «Քյավառ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Վահագն Դաբաղյանի խոսքերով` «ավելի դժվար է տրամադրվում»:  Փոխարենը գավառցի լրագրողներին օգնության է հասնում մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքը` www.gegarkunik.region.am: Այստեղ տեղադրված են մարզպետի որոշումները, իրավական ակտերը,  մարզի հասարակական կառույցների, ձեռնարկությունների, բյուջեի, ինչպես նաեւ առողջապահական, կրթական ու սոցիալական բնագավառներին վերաբերող տվյալներ: Սեւան քաղաքում այս առումով կարծես թե վիճակը բարվոք է, թե «STV1» հեռուստաընկերության լրագրողները, թե «Սեւան» թերթի թղթակիցները փաստեցին, որ մարզպետից եւ քաղաքապետից ինֆորմացիա ստանալը հեշտ է:  Հետաքրքրական է, որ այդ նույն մարզպետը մարտունեցի լրագրողների համար գովազդատու է, իսկ սեւանցի լրագրողների համար` ինֆորմացիայի աղբյուր:  Ի վերջո, Մարտունու «Զանգակ» հեռուստաընկերությունը ինֆորմացիայի աղբյուր է համարում հասարակ քաղաքացիներին, իսկ փաստերը չխեղաթյուրելու եւ ժուռնալիստական էթիկայի առջեւ չմեղանչելու համար Դավիթ Երանոսյանը հավաստիացնում է, որ «դրանք համեմատվում են, ճշտվում, նոր եթեր հեռարձակվում»: Լրատվական ծառայությունները կոչված են լրագրողների գործունեությանը նպաստելուն:  Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը կատարում է իր առաքելությունը, քանի որ տեղի լրագրողները հիմնականում չէին դժգոհում այս կառույցից:  Միայն «Զանգակ» հեռուստաընկերության տնօրենի պատասխանի մեջ դժգոհության տարր կար. «Բնականաբար տալիս են իրենց հարմար ինֆորմացիա»:   Գեղարքունիքի մարզպետի մամուլի քարտուղար Խոսրով Խլղաթյանից տեղեկացանք, որ իրենց դիմում են միայն «Քյավառ» հեռուստաընկերության լրագրողները:  Սակայն օտարերկրյա պատվիրակությունների այցերի  եւ այլ առաջնակարգ լուրերի մասին տեղեկացնում են  անգամ առանց դիմելու: Քաղաքապետարաններից միայն Սեւանում կա լրատվական ծառայություն, որի աշխատանքից‘ «STV1» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Սուրեն Բարսեղյանը չի դժգոհում, իսկ «Սեւան» թերթի թղթակից Աննա Մովսիսյանն էլ ասում է. «Ոչ նպաստում է, ոչ էլ խանգարում»: Գավառի տեղեկատվական կենտրոնի դռները բաց են լրագրողների առջեւ, որտեղից Վահագն Դաբաղյանն ու իր գործընկերները հեշտությամբ են ձեռք բերում անհրաժեշտ տեղեկատվությունը: Մարզի բոլոր լրագրողները տեղեկատվություն տրամադրելու հարցում ընդգծված դժգոհում էին տեղի իրավապահ մարմիններից:  Միայն այն տարբերությամբ, որ Մարտունիում` «տեղեկատվություն չեն տրամադրում», Գավառում` «ավելի հաճախ հրաժարվում են», իսկ Սեւանում իրավապահների թվին ավելանում են անձնագրային բաժնի աշխատակիցների անունները:  Այստեղ տեղին է ավելացնել նաեւ բուժաշխատողների անունները, սակայն մի տարբերությամբ` վերջիններս տեղեկություն չեն տրամադրում ոչ թե լրագրողներին, այլ հասարակ քաղաքացիներին: Սեւան թերթի թղթակիցներ Աննա Մովսիսյանը եւ Արմինե Ղարիբյանը սեփական օրինակով ներկայացրին իրավիճակը: Սեւան քաղաքի բնակիչ Աննա Մովսիսյանն անցած տարի սեպտեմբերին չորս ամսեկան երեխայի բժշկական հետազոտման արդյունքների թերթիկները վերցնելու  համար մի շարք  խնդիրներ է ունեցել Սեւանի հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչությունում: Իսկ երբ տեսչությունում տեղեկանում են, որ քաղաքացի Աննան «Սեւան» թերթի թղթակից Աննա Մովսիսյանն է, վերաբերմունքը 180 աստիճանով փոխվում է: Արմինե Ղարիբյանի  մտաբերած դեպքը եւս առնչվում է առողջապահության ոլորտին. «Հարցազրույցի էի գնացել պոլիկլինիկայի գլխավոր բժշկի մոտ: Միեւնույն ժամանակ նրան սպասում էր մի քաղաքացի, ով ինձ հետ  չարժանացավ գլխավոր բժշկի բարեւին: Երբ բժիշկը տեղեկացավ, որ լրագրող եմ, բարեւելուց բացի հարցրեց որպիսությունս, առաջարկեց նստել եւ նույնիսկ սիրով պատասխանեց հարցերիս,- պատմում է Արմինեն ու հավելում,- ոչ թե հարգում են մեզ` լրագրողներիս, այլ վախենում են մեզանից»: Երկու տարուց ավել գործող «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին Գավառում, վստահում են եւ դիմում օրենքի օգնությանը: Որպես օրենքին ծանոթ մարդ` Վահագն Դաբաղյանը հատկապես ընդգծում է գրավոր հարցման ձեւի կարեւորությունը: «Զանգակ» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Երանոսյանի կարծիքով` «Օրենքը նպաստում է, բայց ընդհանուր առմամբ չի օգնում»:  Պատճառը ոչ թե օրենքի թերի լինելն է, այլ տնօրենի թերահավատությունը տեղական պաշտոնյաների հանդեպ. ըստ նրա` միեւնույնն է, եթե չեն ուզում, ինֆորմացիա չեն տալիս: Տնօրենի խոսքերով` «հազար ու մի անգամ գրավոր հարցմամբ դիմել ենք տարբեր պաշտոնյաների ու պատասխան չենք ստացել»:  Սակայն մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում «հազար ու մեկից» եւ ոչ մեկը չմտաբերեց: Սեւանի թե տպագիր, թե էլեկտրոնային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարծում են, որ օրենքները շատ են օգնում, միայն պետք է դրանց ծանոթ լինել:

Skip to content