Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

«Իրազեկ Հայաստան» ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019 

Դրամաշնորհային ծրագրի հրավեր

23.11.2018

ԵՄ-Հայաստան հարաբերություններին առնչվող պետական քաղաքականության ծրագրերի և բյուջետային ծախսերի մշտադիտարկում և լուսաբանում

Դիմելու վերջնաժամկետը՝ 24 դեկտեմբերի, 2018 թ.
Մեկնարկի ամսաթիվը՝ 20 հունվար, 2019 թ.
Տևողությունը՝ մինչև 4 ամիս
Աշխարհագրությունը՝ ՀՀ
Բյուջեյի առավելագույն չափը՝ 2000 եվրո

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ


Ինֆորմացիայի ազատության կենտրոն (ԻԱԿ) ՀԿ-ն Մաաստրիխտում գործող Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համագործակցությամբ և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացնում է «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագիրը:
Ծրագիրը նպատակ ունի հզորացնել պետական քաղաքականության և բյուջետային ծախսերի մշտադիտարկման ոլորտում տեղական ՔՀԿ-ների և լրատվամիջոցների կարողությունները՝ նպաստելով քաղհասարակություն-կառավարություն արդյունավետ երկխոսությանը մարզային և ազգային մակարդակներում:

Այս նպատակին հասնելու համար ծրագրի առաջին փուլում անցկացվել են «Տեղեկատվության ազատություն և բյուջեի հանրային վերահսկողություն» խորագրով վերապատրաստման դասընթացներ Երևանում և բոլոր մարզերում գործող 90 ՔՀԿ-ների և լրատվամիջոցների համար: Դասընթացները հնարավորություն են տվել մասնակիցներին ավելի լավ պատկերացում կազմել ԵՄ-Հայաստան հարաբերությունների, դրանց շրջանակներում իրականացվող բարեփոխումների և տեղեկատվության մատչելիության վերաբերյալ, ծանոթանալու վերահսկողական մեխանիզմների կիրառման միջազգային լավագույն փորձին:

Ձեռք բերված գիտելիքը գործնականում կիրառելու նպատակով դասընթացներին մասնակցած ՔՀԿ-ներին և լրատվամիջոցներին ծրագրի շրջանակում կտրամադրվեն շահերի պաշտպանությանն ուղղված 10 հատուկ փոքր դրամաշնորհ(ենթադրամաշնորհների 1-ին փուլ):

Ընդհանուր դրույթներ

ԻԱԿ-ը հրավիրում է վերոնշյալ դասընթացին մասնակցած ՔՀԿ-ներին և ԶԼՄ-ներին հայտադիմում ներկայացնել ԵՄ-Հայաստան համագործակցությանն առնչվող ոլորտներում հանրային ​​քաղաքականության, պետական ​​բյուջեի ծախսերի մշտադիտարկման և լուսաբանման ծրագրի իրականացման համար:

Ով կարող է դիմել

Դրամաշնորհի համար կարող են դիմել Երևանում և մարզերում գործող այն ՔՀԿ-ները, լրատվամիջոցներն ու քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք մասնակցել են ԻԱԿ-ի մարզային և երևանյան վերապատրաստման դասընթացներին (սեպտեմբեր-նոյեմբեր, 2018 թ.): Մասնակիցները կարող են դիմել նաև խմբային հայտերով: Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ներկայացնել միայն մեկ առաջարկ՝ առանձին կամ որպես կոալիցիայի անդամ:

Դրամաշնորհի թեմատիկ շրջանակը

Ներկայացվող ծրագրային առաջարկները պետք է վերաբերեն ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակում իրականացվող ծրագրերի հանրային հաշվետվողականությանը, ինչպես նաև առողջապահության, տրանսպորտի, շրջակա միջավայրի, էներգախնայողության, կոռուպցիայի և խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտներում հանրային քաղաքականության և պետական/համանյքային ​​բյուջեի ծախսերի մշտադիտարկմանը, ինչպես նաև՝ վերահսկողությանն ու հանրայնացմանը:

Ծրագրի հիմնական բաղադրիչները

Առաջարկվող ծրագրերում պետք է ներառված լինեն ինչպես վերահսկողական/մշտադիտարկման միջոցառումներ, այնպես էլ պետական ​​մարմինների հետ համագործակցության բարելավմանն ուղղված գործողություններ: Դիմող կազմակերպությունները պետք է ծրագիրը կառուցեն այնպես, որ ներկայացված գաղափարները ներառեն հետևյալ պարտադիր բաղադրիչները.

  • մշտադիտարկում և վերահսկողական այլ մեխանիզմների կիրառում,
  • մշտադիտարկման ընթացքում և դրանից հետո պետական և ՏԻՄ մարմինների հետ համագործակցություն (օրինակ` ոլորտային թեմաներով խմբային աշխատանքային հանդիպումների կազմակերպում (առնվազն 4 աշխատանքային հանդիպում ոլորտին առնչվող հանրային քաղաքականության ներկայացուցիչների հետ), հայեցակարգային փաստաթղթերի համատեղ մշակում և այլն),
  • պետական կառույցների հետ համատեղ աշխատանքի փաստաթղթավորում (համատեղ աշխատանքի հավաստագրեր, համատեղ մշակված հայեցակարգային, խորհրդատվական փաստաթղթեր, թեմային առնչվող հրապարակումներ),
  • ծրագրի բոլոր բաղադրիչների հանրայնացում և լուսաբանում:


Դրամաշնորհային ծրագրերի ժամանակային և գումարային պայմանները

Ենթադրամաշնորհային յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսված գումարը կազմում է 2000 եվրո:
Ծրագրերի տևողությունը մինչև 4 ամիս է: Հայտատուն պետք է ծրագիրը սկսի ոչ շուտ քան 2019 թվականի հունվարի 20-ը և ավարտի մինչև նույն տարվա մայիսի 20-ը:

Ընտրության չափորոշիչները

Մրցույթի պայմաններին համապատասխանող հայտադիմումների գնահատումը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա.

  1. Ծրագրի նկարագրություն (60 միավոր)
  • Համապատասխանությունը պահանջվող թեմաներին, Հիմնախնդրի նկարագրություն և կարիքի հիմնավորում,
  • Պետական և ՏԻՄ մարմինների հետ համագործակցություն,
  • Պահանջվող բաղադրիչների առկայություն,
  • Ներկա իրավիճակի բարելավմանը, վերոհիշյալ ոլորտների զարգացմանն ուղղված նորարարական գաղափարների առկայություն,
  • Երիտասարդության, կանանց և այլ սոցիալական խմբերի ներգրավում։

         2. Ակնկալվող արդյունքներ (30 միավոր)

  • Գործողությունների և ակնկալվող արդյունքների միջև տրամաբանական կապի ապահովում,
  • ակնկալվող արդյունքները լինեն կոնկրետություն և չափելիություն,
  • կատարված աշխատանքի տարբեր փուլերում շահագրգիռ կողմերի և պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքի փաստաթղթավորում,
  • ծրագրի բաղադրիչների և արդյունքների հանրայնացում,

         3. Բյուջե (10 միավոր)

  • Բյուջեի նպատակային բաշխում,
  • առաջարկվող ծախսերի ողջամտություն,
  • համաֆինասավորում (ծրագրի բյուջեի առնվազն 10%-ի չափով ֆինանսական ներդրում):

Դիմելու պայմանները

Ներկայացվող փաթեթը պետք է ներառի.

  • դրամշնորհային ծրագրի առաջարկը (հավելված 1)
  • ծրագրային բյուջեն (հավելված 2)
  • ծրագրի համակարգողի ինքնակենսագրականը(CV),
  • վերջին 3 տարիների ընթացքում իրականացրած ծրագրերի ցանկն ու համառոտ նկարագրությունը:
  • Փաթեթը պետք է ստորագրված լինի կազմակերպության ղեկավարի կողմից։

Հայտադիմումը և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել հայերեն կամ անգլերեն տարբերակով foicasubgrant@gmail.com էլեկտրոնային հասցեին ոչ ուշ քան դեկտեմբերի 17-ը՝ ժամը 18:00: Նամակի վերնագիր նշեք ԻԱԿ փոքր դրամաշնորհ կամ FOICA Small Grant բառակապակցությունը:

Հարցերի համար կարող եք զանգահարել Մանե Մադոյանին 560360 հեռախոսահամարով կամ գրել foicasubgrant@gmail.com էլ հասցեին:

Հավելվածներ

Հավելված 1. դրամշնորհային ծրագրի առաջարկ

 

Հավելված 2. Ծրագրային բյուջեն

 

 

← Վերադառնալ ցուցակին