Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

80. ՏՎԽ կարծիք. «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ընդդեմ Թեհմինե Ենոքյանի

04.04.2022

 ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ընդդեմ Թեհմինե Ենոքյանի՝ թիվ ԱՎԴ3/0965/02/18 դատական գործի վերաբերյալ

 

2018 թվականի սեպտեմբերի 5-ին «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ լրագրող և բնապահպան Թեհմինե Ենոքյանի՝ պահանջելով պարտավորեցնել նրան հերքել ընկերության գործարար համբավն արատավորող հրապարակային հայտարարությունները, վճարել փոխհատուցում 1 միլիոն դրամ, ինչպես նաև՝ փաստաբանի ծառայության համար 300 հազար դրամ։
Հայցի համար հիմք է հանդիսացել Թեհմինե Ենոքյանի՝ 2018 թվականի օգոստոսի 12-ին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում իրականացրած և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակած հրապարակային ելույթը: Հայցվորը համարել է, որ այդ ելույթի հետևյալ հատվածները զրպարտել ու արատավորել են ընկերության գործարար համբավը․

«Ողջույն….ողջունում եմ … և հատկապես էն բոլոր մարդկանց, ովքեր 51 օր շարունակ պահում են մեր Ամուլսարի պոստերը և թույլ չեն տալիս Լիդիանի նման հանցագործը շարունակի իր հանցագործությունները
.․. ինչպես նաև կուզենամ ասել, որ այս տարիների ընթացքում Լիդիանը բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է արել, կեղծ տեղեկատվություն է տարածել, թշնամանք է փորձել հրահրել համայնքային, միջհամայնքային, նաև միջպետական վեճեր է փորձել հրահրել, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև…»

Հայցում նշված է, որ վերոհիշյալ արտահայտությունները, մասնավորապես, որ «Լիդիան Արմենիա»-ն կատարել է հանցագործություններ, պրովոկացիաներ, տարածել է կեղծ տեղեկություններ, հրահրել է թշնամանք ու վեճեր համայնքների միջև, արատավորել են ընկերության գործարար համբավը, քանի որ դրանք հանրության կողմից կարող են ընկալվել այն իմաստով, որ ընկերությունը դրսևորել է անբարեխիղճ վարքագիծ, իր գործունեությունը ծավալել է ՀՀ օրենսդրության նորմերի և պահանջների կոպիտ խախտմամբ: Հայցվորը նաև պնդել է, որ պատասխանողը, թույլ տալով նման արտահայտություններ, ի սկզբանե հետապնդել է ընկերության գործարար համբավն արատավորելու նպատակ, ինչը հաստատվում է ոչ միայն այն փաստով, որ պատասխանողը ողջամիտ հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար, այլև չի հիմնավորել ստույգ փաստերով, չի ներկայացրել դրանք հանրությանը, նույնիսկ կոչ է արել, որպեսզի հետևեն ֆեյսբուքյան էջերին, միանան ցուցարարներին, որոնց անօրինական գործունեության հետևանքով խափանվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բնականոն գործունեությունը:

Պատասխանողն առարկել է հայցի դեմ և, հիմնվելով Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի վրա, նշել է, որ որպես բնապահպան, լրագրող և Գնդեվազ համայնքի բնակիչ իրացրել է իր արտահայտվելու ազատության իրավունքը և մատնացույց է արել որոշ խնդիրներ, որոնք օբյեկտիվորեն վտանգ են ներկայացնում հասարակության համար։ Ըստ Թեհմինե Ենոքյանի՝ իր խոսքերը ոչ թե պետք է ընկալվեն որպես փաստերի շարադրանք՝ ուղղված հայցվորի գործարար համբավի արատավորմանը, այլ՝ կարծիք և մտահոգություն, որոնց նպատակը եղել է հրավիրել հանրության և ղեկավար մարմինների ուշադրությունը էկոլոգիական լուրջ խնդիրների վրա, և ակնհայտ է, որ այդ մտահոգությունն առարկայազուրկ չէ, հիմնված է որոշակի փաստական հանգամանքների վրա, որոնք հրապարակվել են ավելի վաղ։ Տվյալ դեպքում խոսքը հանքարդյունաբերող ընկերության մասին է, որի վերաբերյալ www.google.com որոնողական համակարգը տրամադրում է մի շարք աղբյուրներ, թե ինչ վնաս կարող է տալ նրա գործունեությունը հանրության առողջությանը:

2021 թվականի դեկտեմբերի 15-ին դատարանը հայցը բավարարվել է մասնակիորեն․ Թեհմինե Ենոքյանի հրապարակային հայտարարությունը համարվել է զրպարտող, և վճռվել է պարտավորեցնել պատասխանողին հնչեցրած հայտարարությունները հերքել իր ֆեյսբուքյան էջում և առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթում։ Բացի այդ, դատարանը վճռել է Թեհմինե Ենոքյանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բռնագանձել 12000 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, և 100000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Դատարանն ամբողջությամբ մերժել է հայցվոր ընկերության 1 միլիոն դրամի փոխհատուցման պահանջը և զգալիորեն նվազեցրել է փաստաբանի վարձատրության փոխհատուցման չափը։

Դատավարության կողմերը վճիռը բողոքարկել են Վերաքննիչ քաղաքացիական դատարան։

Կ Ա Ր Ծ Ի Ք

Սույն դատական գործը վերաբերում է ձեռնարկատիրություն իրականացնող խոշոր ընկերության հրապարակային քննադատությանը՝ բնապաշտպանի և լրագրողի կողմից։ Խորհուրդը նախկինում անդրադարձել է նմանատիպ գործերին և արտահայտել իրավական դիրքորոշում, որ տեղեկատվական այսպիսի վեճերում կարևոր է հաշվի առնել հետևյալ գործոնները ․ 1) վիճահարույց արտահայտությունների բնույթը, 2) հայտարարության թեմայի հանրային նշանակությունը, 3) հայտարարություն տարածողի կարգավիճակը, 4) քննադատության թիրախ դարձած կազմակերպության գործունեության բնույթը, 5) դատական ակտի հետևանքը պատասխանողի վրա։

Ինչ վերաբերում է առաջին գործոնին, ապա վիճահարույց հայտարարությունները սուր քննադատական մտքեր են, որոնք կարող էին արատավորել «Լիդիան Արմենիա»-ի գործարար համբավը, ինչն էլ իր հերթին կարող էր վնասակար ազդեցություն ունենալ ընկերության առևտրային գործունեության և նրա բաժնետերերի և աշխատակիցների հարաբերությունների վրա։ Այդուհանդերձ, տվյալ արտահայտությունները ատելության խոսք չեն, և ոչ էլ պարունակում են բռնության, թշնամության կոչեր։ Խորհուրդը նաև նկատում է, որ խնդրո առարկա արտահայտությունները, մասնավորապես, որ ՓԲԸ-ն կատարել է հանցագործություններ, տարածել թշնամություն և հրահրել սադրանքներ, օբյեկտիվորեն կարող են որակվել որպես գնահատող դատողություններ՝ ինչպես ներկայացրել է պատասխանողը դատարանում։ Թեհմինե Ենոքյանն այդ դատողությունները հիմնավորել է նրանով, որ ընկերության անօրինական գործունեության վերաբերյալ առկա են բազմաթիվ տեղեկատվական նյութեր սոցիալական հարթակներում, մասնավորապես՝ www.google.com-ում, որի հետ հնարավոր չէ չհամաձայնվել։ Հայտնի է նաև, որ «Լիդիան Արմենիա»-ի գործունեության առնչությամբ հարուցվել է քրեական գործ բնապահպանական խնդիրների հիմքով, որի քննությունը շարունակվում է։

Գնահատող դատողության իրավաչափությունը հիմնավորվում է դրան վերաբերող փաստական տվյալների առկայությամբ, որը տվյալ դեպքում ակնհայտ է։ Հետևաբար, ըստ Խորհրդի՝ խնդրո առարկա արտահայտությունները, որքան էլ որ դրանք ուղեկցվել են սուր բնորոշումներով, կարող էին բնորոշվել որպես գնահատող դատողություններ, ոչ թե փաստացի հայտարարություններ։ Այդուհանդերձ, դատարանը դրանք գնահատել է որպես փաստացի հայտարարություններ՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով իր ընդունած ակտի իրավաչափությունը։ Միևնույն ժամանակ, Խորհրդի համար էական է, որ հայտարարությունը չի պարունակում առերևույթ անօրինական և հանրային վտանգավորություն ներկայացնող արտահայտություններ, ինչպիսիք են ատելության խոսքը, բռնության կոչերը և հայհոյախոսությունը։

Անառարկելի է, որ հայտարարությունը վերաբերում է հանրային մեծ հետաքրքրություն ու կարևորություն ներկայացնող թեմայի՝ հանքարդյունահանման ձեռնարկության գործունեությանը և բնապահպանության խնդիրներին, որի վերաբերյալ տևական ժամանակ ընթանում են հանրային բաց և լարված քննարկումներ՝ ներառելով հասարակության գրեթե բոլոր շերտերը։ Հետևաբար, կարևոր է, որ այդ թեմայի շուրջ հանրային դիսկուրսը շարունակվի, և դատարանները, մասնավորապես, չկայացնեն այնպիսի որոշումներ, որոնք կաշկանդեն քննարկումների ծավալումը՝ հատկապես այդ գործընթացում կարևոր դերակատարների վրա անհամաչափ ծանր բեռ սահմանելով։
Վերը նշվածի հետ սերտ առնչություն ունի պատասխանողի կարգավիճակը։ Թեհմինե Ենոքյանը լրագրող է, որն իրականացնում է նաև բնապահպանական գործունեություն։ Հայտարարությունը հնչեցնելիս՝ նա չի հետապնդել մասնավոր նպատակներ, առավել ևս՝ չի իրականացրել առևտրային գործունեություն, նրա գործողությունը միտված է եղել բացառապես համայնքային, հանրային շահերի պաշտպանությանը։ Այս առումով կարևոր է, որ իրավական գործընթացները չկաշկանդեն նման դերակատարությունը և անհարկի չսահմանափակեն տեղեկատվական հոսքը, որ ստանում է հասարակությունը նման անձանց գործունեության արդյունքում։ Անհրաժեշտ է նաև հաշվի առնել այն վտանգները, որոնց, որպես կանոն, ենթարկվում են նման գործունեություն իրականացնող անձինք։

Ինչ վերաբերում է հայցվոր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի դիրքորոշմանը, ապա Խորհուրդն այս հարցում հետամուտ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշմանը, ըստ որի՝ այն հանգամանքը, որ խոշոր առևտրային ընկերությունները, ինչպես նաև՝ դրանց ղեկավար գործարար անձինք, անխուսափելիորեն և գիտակցաբար իրենց հասանելի են դարձնում լայն քննադատության համար իրենց իսկ գործողությունների կապակցությամբ, նրանց նկատմամբ թույլատրելի քննադատության սահմանները դարձնում է շատ ավելի լայն։ Միևնույն ժամանակ ՄԻԵԴ-ը նաև գտնում է, որ նման հարաբերություններում առկա է նաև մրցակցող լեգիտիմ շահ, այն է՝ պաշտպանել ընկերությունների և հաջողությունն ու կենսունակությունը՝ ի շահ բաժնետերերի և աշխատակիցների, ինչպես նաև ի շահ ավելի լայն տնտեսական բարեկեցության (Սթիլն ու Մորրիսն ընդդեմ Միացյալ Թագավորության, կետ 68416/01, 15/02/2005, կետ 94): Հետևաբար, տվյալ հանգամանքում կարևոր է, որ բնապաշտպանի և առևտրային ընկերության իրավունքներն ու շահերը արդյունավետ փոխհավասարակշռվեն՝ հաշվի առնելով հանրային ընդհանուր շահը։ Որոշելու համար, թե արդյոք այդ շահերը փոխհավասարակշռվել են, Խորհուրդը ուշադրություն կդարձնի դատական ատյանների վերջնական եզրակացությամբ սահմանված պատասխանատվության միջոցին, որպես վերը նշված հինգերորդ գործոնի դրսևորում, և դատական ակտում զետեղված եզրահանգումներին՝ որպես իրավական պաշտպանության երաշխիքի միջոցի։

Մասնավորապես, եթե անդրադառնանք պատասխանատվության միջոցին, ապա, ինչպես նշվեց, դատարանը մերժել է գործարար համբավն արատավորելու համար դրամական փոխհատուցման պահանջն ամբողջությամբ, իսկ փաստաբանի վարձատրության գումարը զգալիորեն նվազեցրել է։ Այդուհանդերձ, Խորհուրդը գտնում է, որ դատարանի որոշումը՝ պարտավորեցնել պատասխանողին հերքում հրապարակել առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթում, անհամարժեք պատասխանատվության միջոց է։

Ինչ վերաբերում է դատարանի եզրահանգումներին, ապա Խորհուրդը նկատում է, որ վճռում անդրադարձ չկա վերը նշված հինգ գործոններին։ Եզրահանգումները հիմնականում այն մասին են, որ վիճահարույց հայտարարությունները զրպարտող էին, քանի որ պատասխանողը չի ապացուցել դրանց ճշմարտացիությունը, հետևաբար, պետք է կրի պատասխանատվություն։ Դատարանը քննության առարկա չի դարձրել պատասխանողի անձը, նրա գործունեության բնույթը, դրա հանրային նշանակությունը, չի վերլուծել, թե արդյո՞ք խնդրո առարկա արտահայտությունները գնահատող դատողություններ էին, թե՝ փաստացի հայտարարություններ, և թե արդյո՞ք դատողությունների համար առկա էին բավարար փաստական տվյալներ։ Քննության առարկա չի դարձրել նաև այն, թե արդյո՞ք հայցվոր կազմակերպության դիմումը հետապնդում է իրավական պաշտպանություն հայցելու, թե բնապաշտպան-լրագրողին քողարկված կերպով պատժելու նպատակ։ Սա կարևոր հանգամանք է, քանի որ տարածված պրակտիկա է, երբ խոշոր ընկերությունները հետևողականորեն հարուցում են դատական գործընթացներ իրավապաշտպանների և իրավապաշտպան կազմակերպությունների, լրագրողների և լրատվամիջոցների դեմ՝ նպատակ ունենալով նրանց լռեցնել, կանխել որևէ քննադատություն ընկերության գործունեության վերաբերյալ։ Նման պրակտիկան անընդունելի է, և դա նույնպես պետք է քննության առարկա դառնար։

Այսպիսով, դատարանն ընդհանրապես փորձ չի արել խնդիրը դիտարկել հանրային իրավահարաբերութունների լույսի ներքո՝ փոխհավասարակշռելով հանրային և մասնավոր շահերը։ Դա հատկապես մտահոգիչ է, քանի որ խոսքն այնպիսի խնդրահարույց իրադարձություններ լուսաբանելու և դրանց առնչությամբ իրավապաշտպան գործունեություն իրականացնելու մասին է, ինչպիսին սույն գործի հանգամանքներն են։ Այդ առումով Խորհուրդը գտնում է, որ դատարանի վճիռը չի տրամադրում բավարար երաշխիքներ ՀՀ սահմանադրության 42-րդ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածների հիմքով արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանության համար։

 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) - Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան - «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան - Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան - Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան - Փաստաբան
Դավիթ Սանդուխչյան - Փաստաբան

 

 

 

← Վերադառնալ ցուցակին