Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված Պատմություններ

Հաջողված պատմություն 6

01.10.2009

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009թ.-ի սեպտեմբերի 9-ին դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ դիմումում վերհանելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի թերությունները: Թեև ՍԴ-ն 05.02.2010թ.-ի որոշմամբ մերժեց ԻԱԿ-ի դիմումը, սակայն նշեց, որ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում կա բաց, որի արդյունքում ԱԺ-ն 2011թ.-ի հունվարի 31-ին համապատասխան փոփոխություններ կատարեց օրենսգրքում: Եվ ի վերջո սկսեց գործել ավելի քան 10 տարի չգործած ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.7 հոդվածը, որը տեղեկատվություն չտրամադրող պաշտոնատար անձանց համար պատասխանատվություն է սահմանում:

Նախապատմությունը հետևյալն է. 2010թ.-ի փետրվարի 5-ին ՀՀ Սահմանադրական դատարանում քննվեց ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 151 և 152 հոդվածները ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու վերաբերյալ ԻԱԿ-ի դիմումը: Այդ հոդվածները սահմանում էին, որ տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյաներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Հենց նույն օրն էլ Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը: Սահամանադրական դատարանը որոշեց, որ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 151 և 152 հոդվածները Սահմանադրությանը չեն հակասում: Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ խնդիրը կայանում է այս ոլորտում օրենսդրական բացի առկայության մեջ: Անհրաժեշտ է, որպեսզի իրավասու մարմինը, այսինքն` ՀՀ Ազգային ժողովը համապատասխան նախաձեռնություն իրականացնի` ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում բարեփոխումներ կատարելու և վարչական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի օրենսդրական բացը լրացնելու համար: Վերջում ՀՀ Սահմանադրակյան դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ԻԱԿ-ին նման կարևոր խնդրին անդրադառնալու համար:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի այս նախաձեռնությունն անհետևանք չմնաց. 2011թ.-ի հունվարի 31-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենք, որով հստակեցվեց նաև մարդկանց` տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը: Փոփոխությունների համաձայն` ՏԱ իրավունքը խախտած պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու համար այլևս վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն անհրաժեշտ չէ: Այսինքն, տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու փաստն արդեն բավարար է պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին