Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված Պատմություններ

Հաջողված պատմություն 16

25.12.2012

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը պարտավորվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրել նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման մասին տեղեկատվություն և փոխհատուցել 100.000 ՀՀ դրամ կազմող դատական ծախսերը՝ պետտուրքը և փաստաբանին վճարված գումարը՝ համաձայն 2012թ. դեկտեմբերի 21-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով (դատավոր՝ Արայիկ Մելքումյան):

Դեռևս 2012թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցամբ դիմել էր Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

  1. Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը 25.04.2012թ.-ի դրությամբ որքա՞ն գումար է ծախսել նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար:
  2. Ծախսած գումարներից որքա՞ն են կազմում կուսակցության սեփական միջոցները, որքա՞նը՝ կուսակցությանը կատարված նվիրատվությունների գումարը:

ՀԴԿ-ն ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան: 2012թ.-ի մայիսի 16-ին ԻԱԿ-ը կրկնակի հարցում ուղարկեց Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը, որը, սակայն, նույնպես մնաց անպատասխան:

2012թ.-ի հուլիս 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմեց դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀԴԿ-ին 5-օրյա ժամկետում տրամադրել տեղեկատվություն եւ փոխհատուցել դատական ծախսերը:

2012թ.-ի դեկտեմբերի 21-ին դատարանը ճանաչեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը եւ պարտավորեցրեց ՀԴԿ-ին տրամադրել տեղեկատվություն եւ փոխհատուցել դատական ծախսերը՝ 100.000 դրամի չափով։

Ի դեպ, սա 2012 թ. ընթացքում կայացված երկրորդ վճիռն էր, որով փոխհատուցվում է ՀԿ-ի կատարած դատական ծախսերը՝ տեղեկատվության ազատությանն առնչվող դատական գործով:

2013 թ.-ի հունվարի 21-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը բողոքարկեց Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը ՀՀ վերաքննիչ դատարան: 2013թ.-ի մայիսի 2-ին հրապարակված վճռի համաձայն` Դատարանը որոշեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության վերաքննիչ բողոքը մերժել եւ ուժի մեջ թողնել Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` ԻԱԿ-ի օգտին կայացված վճիռը:

2013 թ.-ի մայիսի 24-ին ՀԴԿ-ն բողոքարկեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը վճռաբեկության կարգով: Սակայն նույն թվականի հունիսի 26-ին կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրեց ՀԴԿ-ի վերաքննիչ բողոքը: Այսինքն, ԻԱԿ-ի օգտին կայացված` Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը մնաց ուժի մեջ, եւ ԻԱԿ-ը վերջնականապես հաղթեց այս գործը` վերականգնելով տեղեկություն ստանալու խախտված իրավունքը: Արդյունքում, ճանաչվեց ԻԱԿ-ի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը, իսկ ՀԴԿ-ն պետք է տրամադրի ԻԱԿ-ի պահանջած տեղեկատվությունը, ինչպես նաեւ փոխհատուցի ԻԱԿ-ի կողմից վճարված պետական տուրքի գումարը եւ փաստաբանի վարձատրության գումարը` 100.000 դրամի չափով:

 

 

← Վերադառնալ ցուցակին