Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված Պատմություններ

Հաջողված պատմություն 18

17.10.2013

 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու իր հարցումների շնորհիվ հանրության քննադատության առարկա դարձրեց ՀՀ Նախագահի բյուջեից դրամաշնորհներ ստացած եւ հանրային հաշվետվողականությունից խուսափող հասարակական կազմակերպություններին, ինչի շնորհիվ Պետական բյուջե վերադարձվեց 80 մլն. դրամ:

Այսպես, 2013թ.-ի մարտի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարությանը եւ ստացել տեղեկություններ 2010-2012թ.թ.-ին ՀՀ պետական բյուջեից ՀԿ-ներին տրամադրված ֆինանսավորման վերաբերյալ (տես` http://givemeinfo.am/hy/case/1164/): Ի պատասխան` ՀՀ ֆինանսների նախարարությունը ԻԱԿ-ին տեղեկացրել էր, որ 2010-2013թ.թ.-ի ընթացքում ՀԿ-ների ֆինանսավորման համար պետական բյուջեից նախատեսվել է շուրջ 500 մլն ՀՀ դրամ, որից 31 ՀԿ այդ 3 տարիների ընթացքում ստացել է 499 միլիոն 818 հազար ՀՀ դրամ ֆինանսավորում: Ընդ որում, դրանցից մի քանիսը ֆինանսավորում ստացել են երկու տարի անընդմեջ՝ 2011թ.-ին եւ 2012թ.-ին (օրինակ` “Երիտասարդներ երկիր” եւ “Արբանյակ” ՀԿ-ները):

ԻԱԿ-ը հրապարակեց ստացած տեղեկությունները (ԻԱԿ-ի www.foi.am կայքի “Հրապարակումներ” բաժնի “Հոդվածներ” ենթաբաժնում, 18.04.2013թ.-ի հրապարակում` http://www.foi.am/hy/articles/item/1211/), ինչին հետեւեցին տարբեր լրատվամիջոցների հետաքննությունները պետական ֆինանսավորում ստացած ՀԿ-ների գործունեության վերաբերյալ։ Հրապարակումներ եղան այն մասին, թե որ կազմակերպություններն են նման մեծ գումար ստացել ՀՀ պետական բյուջեից, որքանով են այդ կազմակերպությունները եւ նրանց իրականացրած ծրագրերը հասանելի հանրությանը, եւ որքանով է այդ կազմակերպությունների գոծունեությունը թափանցիկ:

Պարզ դարձավ, որ ՀՀ նախագահի աշխատակազմից որպես դրամաշնորհ գումարներ ստացած կազմակերպությունների մասին հանրությունն ընդհանրապես իրազեկված չէ։ Որոշ դեպքերում էլ այդ կազմակերպություններն անգամ չունեն կայքեր։ Նույնիսկ, անհնար էր գտնել նրանց կոնտակտային տվյալները:

Որպես արդյունք` ՀՀ նախագահի աշխատակազմից դրամաշնորհներ ստացած հասարակական կազմակերպությունները 2013թ. հուլիսին ստացած գումարների մեծ մասը` շուրջ 80 մլն դրամ, հետ փոխանցեցին պետբյուջե՝ Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած գյուղացիներին տրամադրելու նպատակով (տես` www.tert.am, 05.07.20132., http://www.tert.am/am/news/2013/07/05/vigen-sargsyan/?sw):


 

← Վերադառնալ ցուցակին