Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված Պատմություններ

Հաջողված պատմություն 21

01.10.2014

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցելու շնորհիվ ՀՀ ոստիկանությունը տեղեկատվության ազատության եւ հրապարակայնության ոլորտում էական առաջընթաց է արձանագրել:

2014թ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել էր “Հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության” ինդեքս, որը 53 հարցից կազմված հարցաշար է: Լրացնելով բոլոր հարցերը՝ տեղեկություն տնօրինողները կարող են առավելագույնը 100 միավոր հավաքել` որպես հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ցուցիչ: 2014թ.-ի հունիսին ԻԱԿ-ը հարցաշարն այլոց թվում ուղարկեց նաեւ ՀՀ Ոստիկանությանը: Արդյունքում ՀՀ Ոստիկանությունը, 100 հնարավորից հավաքելով 58.5 միավոր, զբաղեցրեց 25-րդ հորիզոնականը 37 մարմիների շարքում:

“Հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության” ինդեքսը ստանալուց հետո ՀՀ Ոստիկանությունը դիմեց ԻԱԿ-ին` խնդրելով ԻԱԿ-ի աջակցությունը` ՀՀ Ոստիկանության գործունեությունը տեղեկատվության ազատության առումով բարեփոխելու եւ Ոստիկանության www.police.am պաշտոնան կայքի միջոցով հրապարակայնություն ապահովելու համար:

ԻԱԿ-ի եւ Ոստիկանության համագործակցության արդյունքում նախ ավելացավ Ոստիկանության կայքում ներառված տեղեկատվությունը. այսուհետ Ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում հասանելի են.

  • Ոստիկանությունից տեղեկություն ստանալու կարգը,
  • Տեղեկություն ստանալու օրինակելի ձեւը,
  • Ոստիկանությանը դիմած քաղաքացիների գրությունների վիճակագրությունը,
  • Գաղտնազերծված տեղեկությունները (առաջինն են պետական կառավարման համակարգում),
  • Անձնագրային բաժինները առցանց հետեւելու հնարավորություն,
  • Ոստիկանությունում տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնյաների կոնտակտային տվյալները:

Բացի այդ` ՀՀ Ոստիկանության պետի` 17.09.2014թ.-ի ցուցումով ՀՀ Ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունների, Կրթահամալիրի, Երեւան քաղաքի եւ մարզային վաչությունների, ինչպես նաեւ նրանց տարածքային բաժինների, “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնի պետերին հանձնարարվեց 10-օրյա ժամկետում նշանակել տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձանց:

Կարեւոր է, որ ցուցմամբ անդրադարձ է կատարվել տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնյաների մասնագիտական պատրաստվածությանը: Այսպես, ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչության պետին հանձնարարվել է ըստ անհրաժեշտության պարբերաբար կազմակերպել սեմինար-պարապմունքներ` ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում տեղեկատվության ազատության համար պատասխանատու նշանակված անձանց մասնագիտական որակները բարելավելու եւ տեղեկատվության ազատության ոլորտում ավելի արդյունավետ գործելու համար:

Ցուցման մեջ նշված էր նաեւ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի պահանջները խստորեն պահպանելու անհրաժեշտության մասին:

ՏԱ իրավունքի իրականացման համար Ոստիկանության իրականացրած աշխատանքներն արտացոլվեցին նաեւ “Հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության” ինդեքսում: Ոստիկանության կողմից իրականացված փոփոխությունները եւ հրապարակված նոր տեղեկությունների հաշվի առնելով` ԻԱԿ-ը փոփոխություն մտցրեց ինդեքսում առկա համապատասխան հարցերում, ինչի արդյունքում Ոստիկանության ցուցանիշը 58.5 միավորից դարձավ 70.5 միավոր, իսկ նախկի 25-րդ հորիզոնականից Ոստիկանությունը բարձրացավ 7-րդ հորիզոնական:


 

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին