Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված Պատմություններ

Հաջողված պատմություն 27

23.08.2019

Տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիներին տրանսպորտային ծառայությունների մատուցումը՝ «Մատչելի տրանսպորտ» ծրագրի թիրախում

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և «Հայկական ճամբար» լեզվի և առագաստանավի դպրոց հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում մեկնարկել են «Մատչելի տրանսպորտ» ենթադրամաշնորհային ծրագիրը: Ծրագիրն ուղղված է Երևան քաղաքում տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց տրանսպորտային միջոցների հարմարեցման համար նախատեսված բյուջետային ծախսերի մշտադիտարկմանն ու դրանց հանրայնացմանը: Նպատակն է աջակցել Երևան քաղաքում տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիներին տրանսպորտային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանը:

Ծրագրի ղեկավարի խոսքով՝ 2014 թվականին ընդունվել է համապատասխան որոշում, ըստ որի Երևան քաղաքում ավտոբուսները պետք է համալրվեն վերելակային հարմարանքներով այն դեպքում, երբ դրանք նախատեսված չեն դրա համար:
«2015-2016 թվականներին 96 միլիոն դրամի չափով գումար է ծախսվել 25 վերելակային հարմարանքների ձեռքբերման և տեղադրման վրա: 2017 թվականին արդեն անհրաժեշտություն է եղել վերանորոգել դրանք և դրա վրա ծախսվել է լրացուցիչ ևս 12 միլիոն դրամ: 2019 թվականին իրականացված մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ 25-ից միայն 1 ավտոբուսի վերելակային համակարգն է աշխատում»,- նշում է Վարդուհի Արամյանը` ծրագրի ղեկավարը: Նրա խոսքով արդեն բավականին արդյունքներ ունեն.

«Իրականացրել ենք ամբողջ գնումների գործընթացի մշտադիտարկում, աշխատում ենք գրեթե բոլոր դերակատարների հետ, ովքեր ներգրավված են այդ շղթայում՝ սկսած Երևանի քաղաքապետարանից, վերջացրած շահառուներով ու այդ ավտոբուսների վարորդներով: Մասնակցային մոնիտորինգ ենք անցկացրել, ինչը թույլ է տալիս վերլուծություն անել, արդյունքների մասին խոսել»,- ասում է նա:

Ծրագրի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ:

← Վերադառնալ ցուցակին