Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված Պատմություններ

Հաջողված պատմություն 32

05.09.2019

Հանրային վերահսկողություն՝ ճանապարհաշինական ծրագրերի իրականացման նպատակով ծախսվող միջոցների նկատմամբ

Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի տեղեկանալու, թե յուրաքանչյուր ոլորտ բարեկարգելու համար որքան գումար է հատկացնում պետությունը: Անմասն չեն նաև Ճանապարհաշինական նպատակներով տրամադրվող պետական վարկային միջոցները: Արդյո՞ք ՀՀ քաղաքացին այսօր իրազեկված է, և որքանո՞վ է տեղեկատվությունը հասանելի նրա համար: Այս հարցերի պատասխաններն ստանալու, ինչպես նաև ոլորտը բարեփոխելու նպատակով Եվրոպական միության համաֆինանսավորմամբ Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ ՀԿ-ն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացնում է «Ճանապարհաշինական ծրագրերի ծախսերի հրապարակայնությունն ու հանրային վերահսկողությունը» ենթադրամաշնորհային ծրագիրը։

ՃԱԱԽ-ն այս ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում առաջարկել է ընդհանրապես ճանապարհաշինական ծախսերի հրապարակայնությունն ապահովելու համար մշակել եւ ներդնել ամփոփիչ տվյալների ձեւաթուղթ, որը հնարավորություն կտա հանրության լայն շրջանակի համար մատչելի ձեւով պարբերաբար հրապարակվող տեղեկությունների միջոցով ունենալ «իրական» հրապարակայնություն եւ ընդլայնել քաղհասարակության վերահսկողական ու հակակոռուպցիոն գործառույթները։

Հասարակական կազմակերպությունը սկսել է ուսումնասիրել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաև «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքերում առկա տեղեկատվությունը:
«Սա այն ծրագիրն է, որը միշտ հետաքրքրել է մարդկանց և եղել է ուշադրության կենտրոնում,քանի որ ճանապարհների անվտանգ լինելը շատ կարևոր է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կայքերում բյուջեի ծախսերի մասին շատ տեղեկատվություններ կան, դրանք բարդ է հասկանալը և կարող է մոլորության մեջ գցել. հնարավոր չէ համադրելի տեղեկատվություն ստանալ պաշտոնական ձևաչափերով, քանի որ դրանից միայն կհասկանան կազմողները: Սրանից կարելի է հետևություն անել, որ քաղաքացին կդժվարանա տեղեկացված լինել»,- նշում է ծրագրի համակարգող Լիլիթ Գալստյանը:

Դեռ 2018 թվականից «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի առկա չարաշահումները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում:Այսօր յուրաքանրյուրին հետաքրքրում է ճանապարհային ծրագրի իրականացման ընթացքը, կառուցվող ճանապարհների որակը, և որ ամենակարևորն է՝ դրա համար ծախսվող միջոցները:

Ծրագրի նպատակը ՀՀ-ում տրանսպորտի ոլորտում ճանապարհաշինական ծրագրերի իրականացման նպատակով ծախսվող (պետբյուջե եւ վարկային հատկացումներ) միջոցների հրապարակայնության, դրանց նկատմամբ հանրային վերահսկողության հնարավորությունն է, ինչը մեծապես կարող է նպաստել այդ միջոցների ծախման արդյունավետության բարձրացմանը։

Ծրագրի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ:

← Վերադառնալ ցուցակին