Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված Պատմություններ

Հաջողված պատմություն 31

05.09.2019

Թափանցիկ բյուջե՝ ամուր ու զարգացող համայնք. քաղաքացիները մասնակցում են համայնքային բյուջեի կառավարմանը

Եվրոպական միության համաֆինանսավորմամբ «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Համայնքային բյուջեի վերահսկողություն՝ երկխոսության միջոցով» ծրագիրը: Այն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Իրազեկ Հայաստան» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում, Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համագործակցությամբ:

Ծրագիրն ուղղված է համայնքային բյուջեների բնապահպանական ծախսերի մշտադիտարկմանը և արդյունավետության գնահատմանը: Այդ նպատակով ՀԻՄԿ-ը ուսումնասիրություններ է անցկացնում Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա և Սպիտակ քաղաքներում:

Նախագծի շրջանակում նախատեսվում է բարձրացնել հանրության իրազեկության մակարդակը, հանրային մոնիտորինգի եւ վերահսկողության մեխանիզմների ներդրմամբ նպաստել համայնքային բյուջեի ձեւավորման ևւ կատարման թափանցիկությանն ու հաշվետվողականությանը, քաղաքացիական հասարակության, հանրության, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ ստեղծել երկխոսության հարթակ, հիմքեր ստեղծել 2020թ-ի մասնակցային բյուջեի ձևավորման համար:

Ծրագրի ղեկավար, համակարգող Մարի Չաքրյանը նշեց, որ իրենք ցանկանում են ցույց տալ՝ ինչ բնապահպանական խնդիրներ ունեն տեղական համայնքները և որքան գումար ունեն այդ խնդիրների վերացման, կանխարգելման համար:
«Մեզ համար կարևոր է նաև հանրության իրազեկումը, մարդկանց խրախուսումը, որպեսզի հնարավորինս ակտիվ մասնակցեն համայնքային բյուջեի թե՛ ձևավորման քննարկումներին, թե հետագա վերահսկողությանը»,- ասաց նա:
Երեք ամիսը մեկ համայնքներում ավագանու արտահերթ նիստ է հրավիրվում, որտեղ ներկայացվում է նաև բյուջեի կատարողականի եռամսյակային հաշվետվություն, ինչը բաց է հանրության համար:

«Սակայն, ինչպես նկատում ենք, հանրությունը հետաքրքրված չէ, չի հավատում, որ ինչ-որ բան կարող է փոխել, իր առաջարկը կարող է հաշվի առնվել, և մենք ուզում ենք փորձել կոտրել այդ կարծրատիպը: Մշակում ենք նաև օնլայն գործիք, որով քաղաքացին կարող է մուտք գործել տվյալ հարթակ, տեսնել իր համայնքի բյուջեի ուղղությունները, խնդիրները, իր հայեցողությամբ նշել, թե որ խնդիրն է համարում առաջնահերթ և բյուջեի որ մասը ինչ խնդրի լուծմանը կհատկացներ»,- հավելեց Մարի Չաքրյանը:

Ծրագրով իրազեկման միջոցառումներ են անցկացվում Ալավերդի, Ախթալա, Սպիտակ համայնքներում, որտեղ համայնքապետարանի ներկայացուցիչը ներկայացնում է համայնքի բյուջեն, իսկ իրենք ներկայացնում են այն գործիքները, որոնց միջոցներով հանրությունը տեղեկանում է՝ ինչպես կարող է մասնակցել իր համայնքի, մասնավորապես բյուջեի կառավարմանը:

Ծրագրի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ

← Վերադառնալ ցուցակին