Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

40. ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի

23.08.2013

2013թ.-ի մայիսի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

  1. Ե՞րբ, ի՞նչ իրավական ակտով, ու՞մ, ի՞նչ նպատակով, ի՞նչ իրավունքով (սեփականության իրավունքով, վարձակալության իրավունքով) և որքա՞ն ժամկետով է հատկացվել Փակ շուկան,
  2. Խնդրում ենք տրամադրել Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հատկացման (սեփականության կամ վարձակալության հիմքերով) պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները):

2013թ.-ի մայիսի 18-ի գրությամբ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը մերժեց տրամադրել խնդրված տեղեկությունները` հայտնելով, որ խնդրվող տեղեկությունները` տեղեկությունների մատչելիության սահմանափակումների հաշվառմամբ, հնարավոր կլինի տրամադրել տվյալ տեղեկությունը ստանալու համար օրենքով սահմանված վճարումը կատարելուց հետո: ԻԱԿ-ը սա համարեց անհիմն մերժում, քանի որ տեղեկատվության համար վճարի պահանջը հակասել է ՏԱ մասին ՀՀ օրենքով տեղեկատվության տրամադրման համար վճար գանձելու պայմաններին:

2013թ.-ի օգոստոսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմեց ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի` դատարանին խնդրելով պարտավորեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին տրամադրել Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ փակ շուկայի վարձակալության հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը անվճար կամ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքով սահմանված պայմաններով, այն է` տեղեկատվության 10 էջը գերազանցող յուրաքանչյուր էջի համար` տեղեկության տրամադրման ծախսերը չգերազանցող գումարի դիմաց:

2013թ.-ի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած առաջին դատական նիստին պատասխանողի ներկայացուցիչը չէր ներկայացել: Դատական հաջորդ նիստը տեղի ունեցավ 2014թ.-ի մայիսի 27-ին, ապա, 2014թ.-ի հունիսի 6-ին ՀՀ վարչական դատարանը հրապարակեց իր վճիռը, որով մերժեց ԻԱԿ-ի հայցը:

ՀՀ վարչական դատարանի վճիռն ԻԱԿ-ը բողոքարկեց վերաքննության կարգով: ՀՀ վերաքննիչ դատարանը 2014թ.-ի դեկտեմբերի 18-ի իր վճռով մերժեց ԻԱԿ-ի վերաքննիչ բողոքը` անփոփոխ թողնելով ՀՀ վարչական դատարանի` 06.06.2014թ. վճիռը:

ԻԱԿ-ը  բողոքարկեց վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով: ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց ԻԱԿ-ի բողոքի ընդունումը: Արդյունքում, ԻԱԿ-ը դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան:

2016թ.-ի փետրվարի 23-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը, որով ՀՀ սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչեց "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը:

Արդյուքնում, ԻԱԿ-ը դիմեց ՀՀ Վճռաբեկ դատարան` իր որոշումը վերանայելու խնդրանքով: 2017թ.-ի հուլիսի 20-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարեց ԻԱԿ-ի բողոքը՝ վերանայեց իր նախկինում կայացրած որոշումը եւ գործն ուղարկեց նոր քննության:

Նորից քննվող այս գործով դատաքննությունը դեռևս ընթացքում է։ Դատական հերթական նիստը տեղի կունենա 2019 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 11:15-ին:


ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ին 2013թ.-ի մայիսի 7-ին  ԻԱԿ-ի ուղարկած հարցմանը եւ կադաստրի պատասխանին կարող եք ծանոթանալ http://givemeinfo.am/hy/case/1218/ հղմամբ:

ԻԱԿ-ի` 2013թ.-ի օգոստոսի 19-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:

ԻԱԿ-ի` 2015թ.-ի հունվարի 18-ին ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացված բողոքին կարող եք ծանոթանալ այստեղ:

ԻԱԿ-ի` ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի ընթացքին կարող եք հետեւել այստեղ:

ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

← Վերադառնալ ցուցակին