Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

ԻԱԿ-ն ընդդեմ "ՓՄՁ ներդրումներ" ՈւՎԿ ՓԲԸ-ի

24.01.2012

2011թ.-ի նոյեմբերի 11-ին  "Անկախ" շաբաթաթերթը դիմել էր "ՓՄՁ Ներդրումներ" ՈւՎԿ ՓԲԸ--ին` խնդրելով տեղեկություններ ՈւՎԿ-ի կողմից ֆինանսավորված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եւ ֆինանսավորման չափերի մասին: Ի պատասխան շաբաթաթերթի  հարցմանը` "ՓՄՁ Ներդրումներ" ՈւՎԿ ՓԲԸ-ն պատասխանել է մերժմամբ` հայտնելով, որ խնդրվող տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք: Նշենք, որ 11.11.2011թ.-ի հարցմամբ խնդրված տեղեկությունները վերաբերել են պետական միջոցներից տրամադրված ֆինանսավորմանը: Ուստի, "Անկախ" շաբաթաթերթը դիմել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնին:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը "Անկախ" շաբաթաթերթին տեղեկություն ստանալու հարցում օգնելու համար 2011 թ.-ի նոյեմբերի 22-ին գրավոր հարցում էր կատարել "ՓՄՁ Ներդրումներ" ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Բադալյանին` նշելով, որ խնդրվող տեղեկությունները վերաբերում են պետական միջոցներին եւ խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

1. "ՓՄՁ Ներդրումներ" ՈւՎԿ ՓԲԸ-ն, ստեղծման օրվանից մինչև վերջին ամփոփման օրն ընկած ժամանակահատվածում քանի իրավաբանական և ֆիզիկական անձի է ֆինանսավորել "ՓՄՁ Ներդրումներ" ՈւՎԿ-ին տրամադրված պետական միջոցներից,
2. Որոնք են այդ իրավաբանական եւ ֆիզիկական անձիք (խնդրում եմ նշել ամբողջական անունները),
3. "ՓՄՁ Ներդրումներ" ՈւՎԿ-ին տրամադրված պետական միջոցներից որքան միջոցներ են հատկացվել յուրաքանչյուր իրավաբանական և ֆիզիկական անձին:

Ի պատասխան վերոնշյալ հարցման` ՈւՎԿ-ն ներկայացրել է մասնակի պատասխան: Բացի այդ, որը ՈւՎԿ-ն հղում է կատարել առևտրային գաղտնիքին (բանկային գաղտնիք), առանց մանրամասնելու, թե կոնկրետ որ ՀՀ օրենքի դրույթով է ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունը համարվում գաղտնիք:

Ուստի, 2011թ.-ի դեկտեմբերի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին` խնդրելով պարտավորեցնել "ՓՄՁ ներդրումներ" ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ վարկային կազմակերպության տնօրենին ենթարկել վարչական պատասխանատվության` 50.000 ՀՀ դրամի չափով:

Դատական առաջին նիստը տեղի ունեցավ 2012թ.-ի փետրվարի 27-ին, ժամը 15:00-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում: Նախնական դատական նիստի ժամանակ ԻԱԿ ներկայացուցիչը պնդեց հայցապահանջը, եւ գործը մտավ դատաքննության փուլ: Մարտի 2-ին կայացած դատական նիստի ժամանակ դատաքննությունն ավարտվեց, վճիռը հրապարակվեց մարտի 15-ին.  դատարանը մերժեց ԻԱԿ-ը հայցը` գտնելով, որ պահանջվող տեղեկատվությունը հանդիսանում է առևտրային գաղտնիք:

Հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:

Վճռին կարող եք ծանոթանալ այստեղ:

← Վերադառնալ ցուցակին