Սպիտակ և Սև ցուցակներ
Չափորոշիչներ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը յուրաքանչյուր եռամսյակ հրապարակում է տվյալ ժամանակահատվածում մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած գերատեսչությունների ղեկավար պաշտոնատար անձանց Սեւ ցուցակ։ Օգտագործելով եռամսյակային տվյալները` ԻԱԿ-ը հրապարակում է տարեկան Սեւ ցուցակը:
Սեւ ցուցակում հայտնվում են այն պետական կառավարման մարմիների, ՏԻՄ-երի կամ հանրային նշանակության կազմակերպությունների ղեկավարները, ովքեր.
- չեն պատասխանում տեղեկատվություն ստանալու հարցումներին,
- տեղեկատվություն ստանալու հարցումներին պատասխանում են "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ (չնայած "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը ՏԱ գրավոր հարցումներին պատասխանելու համար սահմանում է 5 աշխատանային օրյա ժամկետ, ԻԱԿ-ը հաշվարկում է լրացուցիչ 4 աշխատանքային օր` որպես փոստային առաքման ժամկետ: Ուստի, պատասխանը համարվում է ժամկետ խախտած, եթե այն չի ստացվել ՏԱ հարցումն ուղարկելուց 9 աշխատանքային օր հետո),
- անհիմն մերժում են տեղեկատվություն ստանալու հարցումները,
- թերի, ոչ լիարժեք, կամ կեղծ տեղեկատվություն են տրամադրում,
- տեղեկատվության տրամադրման համար անօրինական վճարներ են սահմանում եւ/կամ գանձում,
- տեղեկատվության տրամադրման ոչ պատշաճ աղբյուրների են հղում կատարում,
- պատշաճ կերպով չեն հրապարակում "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում (Հոդվածներ 3 եւ 7)։
Տեղեկատվության ազատության իրավունքը խախտած գերատեսչության ղեկավարը հայտնվում է Սեւ ցուցակում, որովհետեւ ա) նա է ներկայացնում գերատեսչությունը եւ պաշտոնապես, եւ գործնականում, եւ բ) "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը պահանջում է, որ բոլոր պետական մարմինները հետեւեն սահմանված կարգին եւ պաշտպանեն եւ նպաստեն քաղաքացիների` տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացմանը, եւ այդ առումով, եթե գերատեսչությունը չի կատարում օրենքի պահանջները, վերջնական պատասխանատվությունն ընկնում է գերատեսչությունը ղեկավարող պաշտոնյայի վրա:
Որեւէ պաշտոնատար անձի եւ համապատասխան գերատեսչությանը Սեւ ցուցակում ներառելուց առաջ ԻԱԿ-ը ձեռնարկում է հետեւյալ անհրաժեշտ քայլերը.
Քայլ 1. Վերոնշյալ աշխատանքային 9-օրյա ժամկետը լրանալուց հետո ԻԱԿ-ի աշխատակից զանգահարում եւ ճշտում է, թե արդյոք տեղ է հասել հարցումը. եւ եթե այո, ապա ում վրա է մակագրված։
Քայլ 2. Թերի, ոչ լիարժեք պատասխան կամ անհիմն մերժում ստանալուց կամ ընդհանրապես պատասխան չստանալուց հետո կենտրոնն ուղարկում է կրկնակի հարցում (այս դեպքում նույպես վերջնաժամկետը աշխատանքային 9-օրյա ժամկետն է):
Քայլ 3. Կրկնակի հարցումն անպատասխան թողնելու դեպքում տվյալ մարմինը եւ դրա ղեկավարը հայտնվում են Սեւ ցուցակում:
Ի դեպ, ԻԱԿ-ի Սեւ ցուցակն անփոփոխ չէ։ Բոլոր այն գերատեսչությունները, որոնք եռամսյակային Սեւ ցուցակում հայտնվելուց հետո կվերանայեն տեղեկատվության ազատության ոլորտում իրենց գործունեությունը եւ բարեփոխումներ կիրականացնեն տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով, այլեւս չեն ընդգրկվի տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյաների տարեկան ամփոփ Սեւ ցուցակում: Այդպիսի գերատեսչությունների առաջընթացը ԻԱԿ-ը կնշի Սեւ ցուցակում: Տարեվերջին տարեկան Սեւ ցուցակ է կազմվում եռամսյակային սեւ ցուցակների տվյալների հիման վրա: Տարեկան Սեւ ցուցակում նույնպես կնշվեն համապատասխան գերատեսչությունների կողմից իրականացված դրական փոփոխությունները: