Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ուսուցումներ

Իրականացված

«Փաստերի ստուգման հմտություններ բիզնեսի համար» առցանց աշխատաժողով` մասնավոր հատվածի համար

20.12.2021

Դեկտեմբերի 17-ին և 18-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի» (CIPE) հետ համատեղ իրականացրեց «Փաստերի ստուգման հմտություններ բիզնեսի համար» խորագրով առցանց աշխատաժողով՝ 16 մասնավոր կազմակերպությունների 24 ներկայացուցիչների համար։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ իրազեկում իրականացնում է 2018 թվականից ի վեր, սակայն մինչ օրս մենք աշխատել են պետական պաշտոնյաների և ՔՀԿ-ների ներկայացուցիչների հետ։ Ուրախ եմ, որ Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի շնորհիվ մենք այսօր հնարավորություն ունենք այս կարևոր գործում ներգրավելու նաև գործարար համայնքին»,- նշում է ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։

Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի (CIPE) հայաստանյան ծրագրերի համակարգող Լուիզա Այվազյանն իր խոսքում նշեց. «CIPE-ն աշխարհի այն եզակի կառույցներից է, որ աշխատում է մասնավոր հատվածի հետ։ Սա կարևոր է, քանի որ գործարար համայնքը գրագետ աշխատանքով ոչ միայն կարող է իր ներդրումն ունենալ ապատեղեկատվության դեմ պայքարի գործում, այլև զգալի օգուտ ստանալ դրանից»։

Աշխատաժողովի առաջին փուլում մասնակիցները փաստերի ստուգման փորձագետ Արթուր Պապյանի հետ ուսումնասիրեցին մեդիագրագիտությանն ու ապատեղեկատվությանն առնչվող խնդիրներն ու դրանց ազդեցությունը գործարար ոլորտի վրա, ծանոթացան փաստերի ստուգման գործիքներին։

Դասընթացի առանձին հատված նվիրված էր իրական շահառուների թափանցիկության ապահովման կարգավորումներին։ Ընկերությունների իրական շահառուների հայտարարագրման նոր կարգավորությունները մասնավոր հատվածի համար նոր պարտավորություններ են նախատեսում, որոնց խախտումը կարող է առաջ բերել վարչական և քրեական պատասխանատվություն։ Ուստի աշխատաժողովը նաև այս խնդրին առնչվող հնարավոր հարցերին պատասխանելու և ոլորտի վերաբերյալ իրազեկության մակարդակը բարձրացնելու նպատակ ուներ։ Մասնակիցների՝ թեմային առնչվող հարցերին պատասխանեցին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետ Տաթևիկ Մկրտչյանն ու իրական շահառուների ոլորտի փորձագետ Անի Վարդերեսյանը։ 

← Վերադառնալ ցուցակին