Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Վիենայում կայացավ ՏԱ առաջին օրենքի 250-ամյակին նվիրված միջազգային համաժողովը

19.12.2016

2016թ.-ի դեկտեմբերի 12-ին Վիենայի Հոֆբուրգ պալատում տեղի ունեցավ ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպված Տեղեկատվության ազատության մասին օրենքի 250-ամյակին նվիրված միջազգային համաժողովը, որին մասնակցում էին տեղեկատվության ազատության միջազգային փորձագետներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և լրագրողներ Հայաստանից, Ալբանիայից, Ղազախստանից, Կոսովոյի Հանրապետությունից, Սերբիայից, Մակեդոնիայից, Տաջիկստանից, Բուլղարիայից և Ռուսաստանից: 

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Դունյա Միյատովիչը՝ մամուլի ազատության ԵԱՀԿ ներկայացուցիչը, Յոհանա Սուրպան՝ Ֆինլանդիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչը, Յոհան Հիրշվելդթը՝ Շվեդիայի սահմանադրական օրենքի մասնագետը, ինչպես նաև Դեյվիդ Գոլդբերգը՝ ակադեմիական և տեղեկատվության ազատության ակտիվիստը:

Հատուկ պատմական ակնարկ կատարվեց Շվեդիայի կողմից աշխարհում Տեղեկատվության ազատության մասին առաջին օրենքի ընդունման և աշխարհում այդ օրենքի զարգացման պատմությանը: Քննարկվեցին տեղեկատվության ազատության և բաց տվյալների ոլորտին վերաբերող հարցերը:

Օրակարգային հարցերից էր նաև տարբեր երկրների՝ ՏԱ օրենքի կիրառման փորձի, առկա խնդիրների և առաջարկվող լուծումների լուսաբանումը:

Հայաստանից հանդիպմանը մասնակցում էին Շուշան Դոյդոյանը՝ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետը, Ծովինար Արևյանը՝ ԵԱՀԿ ներկայացուցիչը, Լուսինե Էքսուզյանը՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացուցիչը, "Ազատություն" ռադիոկայանի լրագրող Կարլեն Ասլանյանը, և "Հետք" օրաթերթի լրագրող Հրանտ Գալստյանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացուցիչ Լուսինե Էքսուզյանն իր ելույթում նշեց Հայաստանում ՏԱ ոլորտում առկա խնդիրների, նախատեսվող լուծումների, ՏԱ օրենքի կիրառման պրակտիկայի, ինչպես նաև այն խոչընդոտների մասին, որոնց հանդիպում են լրագրողներն ու քաղաքացիները տեղեկություն ստանալու գործընթացում: Ինչպես ցույց տվեց 9 երկրի փորձը, ՏԱ ոլորտում կա զգալի առաջընթաց, բայց անելիքները շատ են. պետական մարմինները դեռևս լիովին պատրաստ չեն թափանցիկ գործելաոճին, իսկ քաղաքացիների շրջանում կա իրազեկվածության պակաս:
ԻԱԿ-ի ներկայացուցիչը նշեց, որ ցանկալի արդյունքի կարելի է հասնել քաղաքացիական հասարակության և կառավարության համատեղ ջանքերի շնորհիվ, որը կարևորեց նաև Դունյա Միյատովիչը իր եզրափակիչ խոսքում:

← Վերադառնալ ցուցակին