Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ազատ, գաղտնի, թափանցիկ

Հայկ Գեւորգյան
Տեղեկագիր 9

Պաշտոնյաների հայտարարագրերը յոթ դռների ետեւում

«ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքի առաջին իսկ հոդվածով ամրագրված է. «Սույն օրենքի նպատակը ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ պայքարի գործուն մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաեւ հայտարարագիր ներկայացնողների գույքի եւ եկամուտների առաջացման նկատմամբ հասարակության վստահության ապահովումն է»:

Հոյակապ նպատակ է: Այս մեջբերումից ուղղակի հետեւում է, որ ղեկավար մարմինների աշխատողների գույքը եւ եկամուտները պետք է լինեն հրապարակային, հակառակ դեպքում օրենքն ինքնին դառնում է աննպատակ: Հրապարակայի՞ն են արդյոք այդ տեղեկությունները: Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, հայտարարագրերը կարող են տեղադրվել «Ինտերնետում»: Չնայած օրենքն ուժի մեջ է մտել 2001 թվականին, այդուհանդերձ, «Ինտերնետում» այդ տեղեկությունները տեղադրված չեն: Այս պարագայում ինչպես կարող է շարքային քաղաքացին ուսումնասիրել իր վճարած հարկերի հաշվին աշխատավարձ ստացող պաշտոնյաների հայտարարագրերը: Նույն 6-րդ հոդվածով սահմանված է, որ հայտարարագրերը կարող են ստանալ միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված լրատվամիջոցները:

Այլ կերպ ասած, շարքային քաղաքացուն այդ հայտարարագրերը հասու չեն եւ նրանց կարող են հասնել միայն լրատվամիջոցների օգնությամբ: Իսկ ինչպես են այդ հայտարարագրերը տրամադրվում լրատվամիջոցներին: Ամենահետաքրքիրը հենց սա է: Օրենքը սահմանում է, որ լրատվամիջոցներին հայտարարագրեր տրամադրելու կարգը սահմանում է հարկային պետական ծառայությունը: Եւ սահմանել է՝ ՀՊԾ-ի նախկին պետ Ե.Զախարյանի ստորագրությամբ, որը գրանցված է նաեւ արդարադատության նախարարությունում: Ըստ այդմ, որպեսզի լրատվամիջոցը ստանա այդ հայտարարագրերը, պետք է իրականացնի մի ահռելի թղթատարություն: Զինվենք համբերությամբ եւ թվարկենք: ԶԼՄ-ն պետք է ներկայացնի այդ կարգին կից առանձին հավելվածով սահմանված տեսքով անվանական հայտեր՝ երկու օրինակից: Այդ հայտն ունի հատուկ ձեւ, որտեղ նշվում են այն անձանց անունները, ազգանուններն ու պաշտոնները, ում հայտարարագրերը ցանկանում է ստանալ լրատվամիջոցը: Ներկայացվում է արդարադատության նախարարության կողմից լրատվամիջոցին տրամադրված գրանցման վկայագրի պատճենը: Բացի այս, պետք է ներկայացվի մի «ուղեկցող գրություն», որտեղ պետք է նշված լինի հայտում նշված ղեկավար աշխատողների թիվը:

Այսքանից հետո, ՀՊԾ-ն սկսում է նախապատրաստել հայտարարագրերը, եւ այդ նախապատրաստական աշխատանքը, ըստ օրենքի, կարող է տեւել մեկ ամիս: Երբ հայտարարագրերն արդեն պատրաստ են եւ ենթակա են տրամադրման, լրատվամիջոցի կողմից լիազորված անձը պետք է ներկայացնի իր անձնագիրը եւ ԶԼՄ-ի ղեկավարի կողմից տրված լիազորագիրը: Այնուհետեւ լիազորված անձը պետք է ՀՊԾ-ին տրամադրի հայտարարագրերը ստանալու մասին ստացական: Այս պահանջներից մեկի խախտման դեպքում հայտարարագրերը չեն տրամադրվում: Այսքան փաստաթուղթ ներկայացնելու դեպքում՝ ԽՍՀՄ-ում կարելի էր իմանալ, թե միջուկային քանի մարտագլխիկ կա, որտեղ է տեղակայված եւ որ երկիրը ավերելու համար է նախատեսված: Գուցե գույները խտացնում ենք, բայց իր մեջ գաղտնիք չպարունակող, ի սկզբանե հրապարակայնություն ենթադրող, ինտերնետում տեղադրման ենթակա տեղեկությունների ստացման համար նման ընթացակարգ սահմանելը նշանակում է՝ իսպառ բացառել հրապարակայնությունը: Զուտ տեխնիկական տեսանկյունից հետազոտություններ, ուսումնասիրություններ անելու համար լրատվամիջոցին անհրաժեշտ է ունենալ հայտարարագրերի ամբողջ բազան: Միայն այս դեպքում կարելի է հայտնաբերել կասկածելի հայտարարագրերը: Սա նաեւ ապահովում է օպերատիվությունը: Ասենք, եթե 100 հազար դրամ աշխատավարձ ստացող որեւէ պաշտոնյա գնել է 100 հազար դոլարանոց մեքենա, ապա լրատվամիջոցը պետք է կարողանա ուսումնասիրել նրա գույքի եւ եկամուտների հայտարարագիրը անմիջապես, այլ ոչ թե մեկ ամիս անց, ինչպես սահմանում է սույն օրենքը: Իսկ ամբողջ բազան, այսինքն՝ բոլոր 46 հազար հայտարարատուների եւ նրանց փոխկապակցված անձանց հայտարարագրերը գործող կարգով ստանալու համար ԶԼՄ-ն, մեր հաշվարկներով, պետք է լրացնի եւ հարկային ծառայությանը ներկայացնի… 15 կիլոգրամ փաստաթուղթ: Այս ամբողջ ընթացակարգը կարելի է փոխարինել բոլոր հայտարարագրերը լազերային սկավառակների վրա գրանցելով ու վաճառելով: Բայց այդ դեպքում, մեկ էլ տեսար, օրենքը ծառայեց իր նպատակին: Իսկ սա ցանկալի չէ:

Skip to content