Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Մեր մասին

Ընդհանուր տեղեկություն

Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2001թ.-ի հուլիսի 1-ին Երեւանում մի խումբ լրագրողների եւ իրավաբանների կողմից: ԻԱԿ-ի առաքելությունն է նպաստել տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը և այդ համակարգում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը:

ԻԱԿ գործունեության հիմնական ուղղություններն են.

Իրավական խորհրդատվություն և ռազմավարական դատավարություն (2001-2012)

2001-2012թթ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը քաղաքացիներին ապահովում է տեղեկատվության ազատության իրավունքի վերաբերյալ խորհրդատվությամբ: Մինչ օրս կենտրոնն ապահովել է խորհրդատվությամբ 6850 քաղաքացու։

ԻԱԿ-ը քաղաքացիներին, ԶԼՄ-ներին, ՀԿ-ներին, լրագրողներին և իրավաբանական անձանց իրավական խորհրդատվություն է տրամադրում տեղեկատվություն ստանալու իրավունքի վերաբերյալ` միաժամանակ օգնելով բողոքարկել տեղեկատվություն ստանալու հարցումների անօրինական մերժումները` ներառյալ դատարական կարգով: Ռազմավարական դատական գործերի ստեղծումը ԻԱԿ-ի հիմնական գործիքներից է՝ որպես տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության կարեւորագույն երաշխիք։ ՏԱ մասին դատական գործերը դրականորեն են ազդում տեղեկատվության ազատության վիճակի վրա` զերծ պահելով պաշտոնյաներին խախտում կատարելուց: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական գործեր այն պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը, անպատասխան են թողնում ՏԱ հարցումներին կամ տրամադրում են ողջ ամբողջական կամ թերի տեղեկատվություն: Այս գործընթացի շնորհիվ աստիճանաբար ձեւավորվում է տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական նախադեպային պրակտիկա: 2006-2012թթ ընթացքում ԻԱԿ-ը տեղեկատվության տրամադրումն ապօրինի մերժած պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ 37 դատական գործ է հարուցվել՝ 80% դրական արդյունքով, ինչի շնորհիվ վերականգնվել է տեղեկատվություն ստանալու խախտված իրավունքը:

Դիտարկում (2003-2012)

2003թ.ից սկսած՝ ՏԱ օրենքի ընդունումից ի վեր, ԻԱԿ-ը պարբերաբար իրականացրել է մոնիտորինգներ՝ պարզելու համար տեղեկատվության ազատության վիճակը ՀՀ-ում: Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում տեղեկատվության ազատության իրական վիճակը գնահատելու, պետական մարմիններին բաց եւ թափանցիկ աշխատելուն պարտավորեցնելու, ինչպես նաեւ քաղաքացիների համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տարեկան 1000-ից ավելի տեղեկություն ստանալու հարցումներ է ուղարկում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ` միաժամանակ լինելով “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող կազմակերպություններից մեկը:
ԻԱԿ-ի իրականացրած մոնիտորինգների մասին առավել ամբողջական տեղեկատվություն կարելի է ստանալ այստեղից՝ http://www.foi.am/hy/research/:

Ուսուցումներ (2002-2012)

Կենտրոնը ՀՀ ողջ տարածքում ուսուցումների միջոցով օգնում է քաղաքացիներին, ՀԿ, ԶԼՄ եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ պետական պաշտոնյաներին զարգացնել իրենց գիտելիքը եւ հմտությունները Տեղեկատվության ազատության ոլորտում: 2003-2012թթ ընթացքում 6650 մարդ՝ այդ թվում 2763 պաշտոնյա, ստացել է գիտելիք եւ հմտություն տեղեկատվության ազատության օրենսդրության վերաբերյալ։

Հանրային քարոզարշավ (2001-2012)

2001թ.-ից մինչ օրս Կենտրոնն իրականացնում է հանրային լայն քարոզարշավ տեղեկատվության ազատության խնդիրներին հանրությանն իրազեկելու նպատակով։ Կենտրոնը հրապարակում է "Դու տեղյակ լինելու իրավունք ունես" տեղեկագիրը, որը ՏԱ ոլորտի մասին միակ մասնագիտացված պարբերականն է Հայաստանում: Տեղեկագրի յուրաքանչյուր համարում հրապարակվում է այն պաշտոնյաների "Սև ցուցակը", որոնք ոտնահարել են քաղաքացիների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների եւ իրավաբանական անձանց տեղեկատվություն ստանալու իրավունքը: ԻԱԿ-ը ԶԼՄ-ներով լայնորեն հրապարակայնացնում է տեղեկություն ստանալու իրավունքի խախտումները:
Տեղեկատվության ազատության ոլորտում ամենակարեւորն այն է, որ պետական մարմինները իրենց սեփական նախաձեռնությամբ հրապարակեն հանրության համար կարեւոր տեղեկություններ։ Այս նպատակով ԻԱԿ-ը համայնքներին՝ գյուղական եւ քաղաքային, տրամադրում է տեղեկատվական ցուցատախտակներ՝ համայնքին առնչվող պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները փակցնելու համար:
2007թ. մինչ օրս ԻԱԿ-ը ՀՀ 57 համայնքներում տեղադրել է 270 տեղեկատվական ցուցատախտակ, որոնց միջոցով տեղական ինքնակառավարման մարմինները պետք է հրապարակեն իրենց տնօրինման տակ գտնվող տեղեկատվությունը: Այս տեղեկատվական ցուցատախտակները տեղական ինքնակառավարման մարմինների համար պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները մատչելի դարձնելու ճկուն, ոչ ծախսատար եւ արդյունավետ միջոց են:
 

Բարեփոխումներ էլեկտրոնային կառավարման ոլորտում (2009-2012)

ԻԱԿ-ն իրականացնում է մի շարք ծրագրեր կառավարման համակարգում էլեկտրոնային կառավարման նոր մեխանիզմներ ներդնելու, կատարելագործելու եւ դրանց հրապարակայնության ապահովմանն ու մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքի իրականացմանն ուղղելու նպատակով։ Այս նպատակով 2011թ. ԻԱԿ-ի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ արդիականացվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ 10 մարզպետարանների պաշտոնական կայքերը: Ինչպես եւ 2009-2010թթ ԻԱԿ-ն աջակցել է ՀՀ մարզպետարաններում ներդնելու էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Մալբերի համակարգը՝ այդ նպատակով կազմակերպելով ուսուցումների շարք, նաեւ՝ տրամադրելով համակարգիչներ քաղաքապետարաններին ու մարզպետարաններին: 
 

Օրենսդրական բարեփոխումներ (2001-2012)

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ակտիվ դերակատարում է ունեցել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի մշակման և ընդունման գործում: Ներկայումս ԻԱԿ-ը նախաձեռնել է ՏԱ օրենսդրության բարեփոխումների երկրորդ սերնդի մշակման եւ ընդունման գործընթացը։ Բարեփոխումների փաթեթը մշակվել է ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի և քաղաքացիական հասարակության հետ համատեղ։ Ներկայումս փաթեթն արդեն պատրաստ է և ընդգրկված է ՀՀ Ազգային Ժողովի նստաշրջանի օրակարգ։

ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն (2003-2012)

ԻԱԿ-ն իրականացնում է ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն, որի ժամանակ ոսկե բանալի է շնորհվում ՏԱ օրենքը լավագույնս կիրառած քաղաքացիներին, ՀԿ-ներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին և լրագրողներին: Տրվում են նաև բացասական մրցանակներ` կողպեքներ, ՏԱ օրենքը խախտող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին:

ԻԱԿ-ն անդամակցում է.

 ԻԱԿ կանոնադրություն