Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

Տեղի է ունեցել ՀՀ պետական գնումների գործընթացը և ՀԿ-ներին տրվող դրամաշնորհները թեմայով հանդիպում լրագրողների հետ

27.04.2022

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ապրիլի 26-ին, Բաց կառավարման գործընկերության շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի և նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի մասնակցությամբ կազմակերպել էր լրագրողների հետ իրազեկման հանդիպում։

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան համակարգող, Հայաստանյան կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը։

Հանդիպման նպատակն է բարձրացնել ԲԿԳ նախաձեռնության և դրանից բխող հանձնառությունների վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների իրազեկվածության մակարդակը։

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշել է, որ լրագրողների օգնությամբ է միայն հնարավոր իրազեկել հանրությանը այն բարեփոխումների մասին, որոնք հանձնառել է Հայաստանը ԲԿԳ նախաձեռնության շրջանակում։ Շ Դոյոդյանը հավելել է, որ կարևոր է նաև ներկայացնել, թե որոնք են այս ծրագրի հիմքում ընկած բարեփոխումների նպատակները, ինչ անմիջական ազդեցություն կարող են  դրանք ունենալ  մեր քաղաքացիների կյանքի  բարելավման վրա։

«Մենք արձանագրել ենք երկու հիմնական խնդիր։ Վերջին տարիներին ֆինանսների նախարարությունը ակտիվորեն ստեղծում է նոր էլեկտրոնային հարթակներ, որոնք պարունակում են հսկայածավալ, բազմաթիվ հետաքրքիր և կարևոր փաստաթղթեր գնումների գործընթացի վերաբերյալ, բայց ցավոք, լրատվամիջոցների շատ փոքր մասն է դրանց հանդեպ հետաքրքրություն դրսևորում, ավելին՝ նրանք ամենօրյա լուրերը պատրաստելիս չեն օգտագործում կամ վերլուծում նյութերը։ Սակայն այստեղ կա նաև մյուս խնդիրը, մեր դիտարկումները ցույց են տվել, որ որոշ հարթակներում հրապարակված տվյալները ոչ միշտ են ամբողջական, ոչ միշտ են թարմացված՝ հեշտ ու մատչելի օգտագործման համար։ Այն ձևաչափը, որն այսօր ներկայացվում է լրագրողներին հնարավորություն չի տալիս համադրել փաստաթղթերը, վերլուծել դրանցում առկա տվյալները կամ աշխատել այդ փաստերի հետ»,-ասել է Շ Դոյդոյանը։

Ավագ Ավանասեյանի խոսքով՝ ՀՀ-ում գնումների համակարգը գերթվայնացված է։ Վերջինս նշել է, որ երբ համամետում ենք այլ երկրների օրինակի հետ, որոնք համարվում են առաջադեմ գնումների թվային համակարգի տեսանկյունից, պարզվում է, որ  որոշ գործընթացներ են լինում, որ  շատերի դեպքում նույնսիկ դեռևս թվայնացված չեն, իսկ Հայաստանը արդեն դա իրականացրել է չորս կամ հինգ տարի առաջ։

Փոխնախարար Ավանեսյանը կարևորել է նոր համակարգի թարմացման կարևորությունը և ընդգծել լրագրողական համայնքի դերակատարությունը այս գործընթացում, քանի որ լրագրողներն են այն հիմնական «պատվիրատուները», ովքեր պետք է ասեն, թե ինչ տեղեկատվություն են ցանկանում ստանալ համակարգից և ինչ ձևաչափով են ցանկանում։

«Վերլուծության ընթացքում որքան քիչ ժամանակ լրագրողները ծախսեն տեղեկատվությունը փնտրելու ուղղությամբ, վերլուծական հատվածի վրա ժամանակը ավելի շատ կլինի, իսկ նյութերը կլինեն ավելի որակյալ։ Մենք լրագրողներից ակնկալում ենք, շարունակաբար մեզ տեղեկացնել , թե ինչն է թերի համակարգում, ինչ կցանկանային ավելացնել նոր հարթակում»,-մեջբերել է Ա․Ավանեսյանը։

Սերգեյ Շահնազարյանը լրագրողներին  ներկայացրել Է ՀՀ պետական գնումների համակարգի բարեփոխման գործընթացները ԲԿԳ համատեքստում և հասարակական կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհային գործընթացի վերաբեյալ մի շարք հարցեր։

Ս․ Շահնազարյանը տեղեկացրել է, որ ԲԿԳ ծրագրի 2018-2020թթ․եղել է պայման, որ պետք է կանոնակարգվի պետական բյուջեից իրավաբանական անձանց դրամաշնորհների հատկացման գործընթացը, և ԲԿԳ ծրագրում, ընդգրկվել են նոր մոտեցումներ և մոդելներ, որոնք պետք է  ներդնել բյուջեից դրամաշնորհների հատկացման գործընթացի ուղղությամբ։

Ոլորտի փորձագետը լրագրողներին հանգամանալից ներկայացրել է, թե ինչ է դրամաշնորհը, ինչպես է այն տրամադրվում, որն է դրա նպատակը, ինչ խնդիրներ և ռիսկեր են առաջանում այս գործընթացներում։ Վերջինս նաև ներկայացրել է պետական գնումների գործընթացը, ընդգծել այն բարեփոխումները, որոնք միտված են ոլորտի առավել թափանցիկությանը, հաշվետվողականությանը։

Սերգեյ Շահնազարյանը նաև խոսել է էլեկտրոնային համակարգերի կարևորության և դրանց շուտափույթ թարմացման մասին, որտեղ նաև հնարավոր կլինի ստեղծել մրցույթների կայացման վերաբերյալ ամբողջական տեղեկատվական բազա, այսինքն՝ թղթային տարբերակից անցնել ամբողջովին էլեկտրոնայինի։

Հանդիպման վերջում  հարց ու պատասխանի միջոցով մասնակիցները ամփոփել են միջոցառումը։

Հանդիպումն իրականացվել է   Բաց կառավարման գործընկերության աջակցությամբ՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավովող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար»  ծրագրի շրջանակներում։ 

 

← Վերադառնալ ցուցակին