Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

ՏԱ վերլուծություններ

ԻԱԿ-ն ամփոփում է 2013 թվականը

10.03.2014

2013 թ.-ի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն տնօրինող տարբեր մարմինների ներկայացրել է տեղեկություն ստանալու 203 հարցում: Հարցումներից ոչ մեկին ի պատասխան տեղեկություն տնօրինողները չեն տրամադրել օրինական մերժում:

Լիարժեք պատասխանների թիվը գրեթե չի փոխվել. 2013 թ.-ին այն կազմել է 63%, 2012 թ.-ին` 65%, իսկ 2011 թ.-ին` 69%: Օրինական մերժում/հիմնավոր հղումների թիվը նույնպես ըստ էության չի փոխվել. 2013 թ.-ին այն կազմել է 6%, 2011 և 2010 թ.թ.-ին` 5%:

Թեև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը գործում է արդեն շուրջ 10 տարի, իսկ տեղեկատվության ազատության իրավունքը զարգանում է, և այդ իրավունքի կիրառման պարկտիկայում նկատվում է դրական միտում, սակայն, այսօր էլ ՏԱ ոլորտում մեծ խնդիր են մնում լուռ մերժումները, ինչպես նաև ոչ լիարժեք, թերի պատասխանները: Լուռ մերժումների թիվը, սակայն, վերջին մի քանի տարիների ընթացքում կտրուկ նվազել է: Այսպես, 2011 թ.-ին անպատասխան է մնացել ԻԱԿ-ի հարցումների 22%-ը, 2012 թ.-ին լուռ մերժումների թիվը կրճատվել է մինչև 15%, իսկ 2013 թ.-ին էլ ավելի է նվազել` կազմելով 8%: Այսինքն, 2011 թ.-ի համեմատ լուռ մերժումների թիվը 2013 թ.-ին նվազել է շուրջ 3 անգամ: Սակայն, լուռ մերժումների թիվը կրճատվում է` փոխարինվելով մեծամասամբ թերի կամ անհիմն պատասխաններով կամ անհիմն մերժումներով: , 2011 թ.-ի համեմատ` թերի պատասխանների թիվը 2013 թ.-ին աճել է 10 անգամ, անհիմն մերժումների թիվը` 4 անգամ, իսկ անհիմն պատասխանների թիվը` 2 անգամ:

Սա նշանակում է, որ նախկինում պաշտոնյաները խուսափում էին տրամադրել իրենց կամ իրենց ղեկավարած գերատեսչությունը վատ լույսի ներքո ներկայացնող տեղեկությունները և անպատասխան էին թողնում տեղեկատվություն ստանալու հարցումը: Սակայն այսօր արդեն խնդրահարույց տեղեկատվություն պահանջող հարցմանը պաշտոնյան նախընտրում է ոչ թե չպատասխանել, այլ տրամադրել թերի, խուսափողական, ոչ ըստ էության պատասխան:

ՏԱ ոլորտի հաջորդ խնդիրը տեղեկատվության տրամադրման ժամկետների պահպանումն է. շատ դեպքերում ԻԱԿ-ը ստանում է թեև լիարժեք, սակայն ուշացումով պատասխան: 2013 թ.-ին ԻԱԿ-ի ստացած լիարժեք պատասխանների շուրջ 30%-ը տրամադրվել են ուշացումով: Հաշվի առնելով, որ ուշացած պատասխանն այլևս կարող է անհրաժեշտ չլինել, լինել ժամանակավրեպ` հանգեցնելով դիմողի իրավունքի խախտման, ինչպես նաև այն, որ ՏԱ մասին ՀՀ օրենքը գործում է ավելի քան 10 տարի, իսկ հազարավոր պաշտոնյաներ անցել են վերապատրաստումներ և ուսուցումներ ՏԱ ոլորտում, քաջատեղյակ են օրենքի պահանջներին` ուշացումով տրամադրվող պատասխանների խնդիրն այսօր ձեռք է բերում մեծ կարևորություն, ինչպես նաև վկայում է պաշտոնյաների մոտ հրապարակային և բաց աշխատելու մշակույթի բացակայության, կամ այդպես աշխատելու ցանկության բացակայության մասին:

Այս ամենը հաշվի առնելով` ԻԱԿ-ը 2013 թ.-ի հուլիսի 1-ից խստացրեց Սև ցուցակի չափորոշիչները: Այսպես, Սև ցուցակում սկսեցին ներառվել ոչ միայն հարցումներն անպատասխան թողած տեղեկություն տնօրինող մարմինների ղեկավարները, այլ նաև նրանք, ովքեր տրամադրել էին թերի պատասխան, անհիմն պատասխան կամ անհիմն մերժում, ինչպես նաև էականորեն խախտել էին տեղեկատվության տրամադրման համար սահմանված ժամկետները (հաշվի առնելով, որ երբեմն հնարավոր են տեխնիկական կամ մարդկային գործոններ, որոնց պատճառով հարցման պատասխանը կարող է օրենքով սահմանված ժամկետից մի քանի օր ուշ ուղարկվել, ԻԱԿ-ը ժամկետի էական խախտում է համարում 15 և ավելի օրացույցային օր ուշացումը):

2013 թ.-ի ընթացքում տեղեկատվության ազատության իրավունքի վերաբերյալ ԻԱԿ-ի նախաձեռնած դատական գործերից ավարտվել են 5-ը: ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության և ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի դատական գործերով դատարանը ոչ միայն ճանաչեց ԻԱԿ-ի` տեղեկություն ստանալու իրավունքի խախտման փաստը, այլ նաև պարտավորեցրեց պատասխանողներին փոխհատուցել ԻԱԿ-ի կատարած դատական ծախսերը` կուսակցության դեպքում 100.000 ՀՀ դրամի, իսկ ԱԺ-ի դեպքում` 50.000 ՀՀ դրամի չափով:

Նշված գործերի մասին տեղեկություններ, ինչպես նաև դատական ակտերը հասանելի են կայքի «Դատական գործեր» բաժնում:

 ԻԱԿ-ի 2013 թ.-ի հարցումների վիճակագրությունն ու դատական պրակտիկան

 

 

← Վերադառնալ ցուցակին