Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

ՏԱ վերլուծություններ

Հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքս - 2015. արդյունքների ամփոփում

20.10.2015

Հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսն այս տարի գործարկվում է 2-րդ անգամ՝ 2014թ.ից ի վեր, հնարավորություն տալով գնահատել պետական կառավարման մարմինների հրապարակայնության և թափանցիկության մակարդակը: Մարմինների թափանցիկությունն ու հրապարակայնությունը գնահատվում են հիսուներեք չափորոշիչների հիման վրա։

2015թ.ին գնահատվել են ՀՀ Նախագահի աշխատակազմը, ՀՀ ԱԺ աշխատակազմը, ՀՀ կառավարության աշխատակազմը, ՀՀ նախարարությունները, մարզպետարանները և կառավարությանն առընթեր մարմինները, ընդհանուր` 36 մարմին: 2015թ.-ի արդյունքները ներառում են 2014թ.-ի սեպտեմբերի 28-ից 2015թ.-ի սեպտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետներն արձանագրում են, որ 2015թ.-ի ինդեքսի համաձայն՝ գնահատման ենթարկված բոլոր մարմինները բարելավել են իրենց նախորդ տարվա ցուցանիշը, ինչը պայմանավորված է հիմնականում հետևյալով.

  • 2015թ.-ին գնահատվող բոլոր մարմիններում (որոնցում չկային) վերջապես նշանակվեցին տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնյաներ, ՏԱ պատասխանատուների մասին տեղեկատվությունը տեղադրվեց տեղեկություն տնօրինողների պաշտոնական կայքերում (տես` http://foi.am/hy/news/item/1431/ և http://foi.am/hy/news/item/1435/): ՏԱ պատասխանատու ունենալը և նրա մասին տեղեկություն հրապարակելը գնահատման երկու չափանիշներ են (ինդեքսի հարցաշարի 2.18 և 3.1 հարցեր), ուստի սա լրացուցիչ միավորներ ապահովեց տեղեկություն տնօրինողներից շատերի համար: ՏԱ պատասխանատուների մասին տեղեկատվությունը հրապարակելը նաև “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի պահանջ է, որը մինչ 2015թ. չէր իրականացվում: Տեղեկություն տնօրինող շատ մարմիններ մինչ օրս էլ օրենքի այս դրույթը չեն պահպանում:
  • Գնահատվող շատ մարմիններ կա՛մ թարմացրեցին իրենց կայքերը, կա՛մ նոր կայքեր ստեղծելով՝ դրանք հագեցրին անհրաժեշտ տեղեկություններով: Օրինակ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ խորհրդակցելով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2014թ.-ի գնահատումից հետո իր նոր կայքում ավելացրեց բաժին գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ, որը գնահատման առաձին չափանիշ է (ինդեքսի հարցաշարի 2.15 հարց): Գյուղատնտեսության նախարարության օրինակը նկատի ունենալով և ԻԱԿ-ի հետ խորհրդակցելով 2015թ.-ի ընթացքում տեղեկություն տնօրինող այլ մարմիններ (նախարարություններ, մարզպետարաններ) նույնպես իրենց կայքում նախատեսեցին բաժին գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ, ինչը լրացուցիչ միավորներ ապահովեց նրանց համար:
  • 2015թ.-ի գնահատման արդյունքների բարելավման մյուս հիմնական պատճառն այն է, որ տեղեկություն տնօրինողներից որոշները բարելավել են իրենց աշխատանքը ՏԱ հարցումներին պատասխանելու հարցում: Այսպես, նվազել են լուռ մերժումերը (անպատասխան թողնված հարցումներ), անհիմն մերժումները (Ինդեքսի 1-ին տարվա գնահատման ժամանակ ԻԱԿ-ի հարցումների 8%-ը ստացել էր անհիմն պատասխան, 17%-ը` պատասխան չէր ստացել, մինչդեռ այս տարվա գնահատման ընթացքում ԻԱԿ-ի հարցումների 2%-ն է ստացել անհիմն պատասխան, և անպատասխան է մնացել 6%-ը), ինչը լրացուցիչ մի քանի միավոր է ապահովում տեղեկություն տնօրինողների համար: Ավելին, վերջին մեկ տարվա ընթացքում տեղեկություն տնօրինող 13 մարմին առհասարակ իրենց հասցեագրված բոլոր հարցումներին տրամադրել են և լիարժեք և ժամանակին պատասխան` “Տեղեկատվության ազատության իրավունք” բաժնում հավաքելով առավելագույն 25 միավոր: Ընդ որում, այս մարմիններից շատերին ուղարկվել են 5 և ավելի հարցումներ: Հարկ է նշել սակայն, որ նշված 13 մարմինները նախարարություններ և մարզպետարաններ են, որոնք մի կողմից արդեն մեկ անգամ գնահատվել են հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսի շրջանակներում և ավելի բծախնդիր են ինդեքսում շատ միավորներ հավաքելու հարցում, մյուս կողմից այս մարմինները բավական մեծ փորձ ունեն ՏԱ ոլորտում, ունեն ՏԱ ուսուցում անցած ՏԱ պատասխանատուներ, որոնք ուշադիր են ստացված հարցումներին լիարժեք և ժամանակին պատասխան տրամադրելու հարցում: Ուստի, սա չի նշանակում, որ առհասարակ ՏԱ բոլոր հարցումները ստանում են լիարժեք և ժամանակին պատասխաններ. ժամկետների խախտումները և թերի պատասխանները դեռևս մնում են ՏԱ ոլորտի ամենամեծ խնդիրների շարքում:

Վերոնշյալ գործոնների ազդեցությունը ավելի ցայտուն է երևում ստորև` 2015թ.-ի ինդեքսում ամենաշատ և նվազագույն միավորներ հավաքած մարմինների 2014 և 2015թ.թ.-ի արդունքները համեմատելիս:

Ընդհանուր տվյալներ

Այսպես, հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսի 2015թ. գնահատման արդյունքում տեղեկություն տնօրինող որևէ մարմին չի կարողացել հավաքել 100 միավոր: Նույն պատկերն էր նաև անցյալ տարի։

Առաջատարները

2015թ.-ին հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսի լավագույն հնգյակը կազմում են.

  1. ՀՀ Կոտայքի մարզպետարան` 89 միավոր
  2. ՀՀ առողջապահության նախարարություն` 88միավոր,
  3. ՀՀ Արմավիրի մարզպետարան` 85 միավոր,
  4. ՀՀ Տավուշի մարզպետարան` 84 միավոր,
  5. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն` 83 միավոր:

5-րդ տեղը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ 83 միավորով կիսում են Վայոց Ձորի և Լոռու մարզպետարանները:

2015թ. Ինդեքսում պետական կառավարման մարմիններից լավագույն ցուցանիշը արձանագրվում է մարզպետարաններում։ Լավագույն հնգյակից երեքը հենց մարզպետարաններն են (Կոտայքի, Արմավիրի և Տավուշի): Հինգերորդ տեղն էլ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ կրկին մարզպետարաններն են կիսում (Վայոց Ձորի և Լոռու մարզպետարաններ)։ Նույն պատկերն է եղել նաև 2014թ.ին (ինդեքսի առաջատարը Արմավիրի մարզպետարանն էր, լավագույն հնգյակում էին նաև Սյունիքի և Վայոց Ձորի մարզպետարանները):

Մարզպետարանների լավ ցուցանիշները պայմանավորված են ՏԱ օրենքին համապատասխան և անհրաժեշտ տեղեկատվությամբ հարուստ, ինչպես նաև կիրառման առումով մատչելի պաշտոնական կայքեր գործարկելով, ինչպես նաև այն հանգամանքով, որ մարզպետարաններին ուղարկված բոլոր հարցումներին տրվել է լիարժեք պատասխան։ Կարևոր հանգամանք է նաև այն, որ բոլոր մարզպետարաններն ունեն ՏԱ ուսուցում անցած ՏԱ պատասխանատու պաշտոնյաներ, ովքեր ապահովում են կայքերի պատշաճ գործունեությունը և մարզպետարանների աշխատանքը ՏԱ հարցումներին պատասխանելիս:

Կառավարությանն առընթեր մարմինները դեռ լուրջ քայլեր պետք է ձեռնարկեն ՏԱ ոլորտը բարելավելու ուղղությամբ։ Այս մարմինները չեն ներգրավվել նույնիսկ Ինդեքսի լավագույն տասնյակում, չնայած այն հանգամանքին, որ տնօինում են բավականին հարուստ տեխնիկական ռեսուրսներ՝ ի տարբերություն մարզպետարանների։

Հետնապահները

2015թ.-ին հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսում վատագույն արդյունքը ցույց են տվել.

36. ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն՝ 33.5 միավոր,

35. ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե՝ 40.5 միավոր, 

34. ՀՀ պաշտպանության նախարարություն՝ 48.5 միավոր,

33. ՀՀ Ազգային ժողով՝ 51 միավոր, 

32. ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն՝ 53 միավոր:

Թեև բոլոր այս մարմինները 2014թ.ի համեմատ բարելավել են իրենց ցուցանիշը, սակայն լուրջ խնդիրներ են դեռևս առկա։ Անհանգստացնող է հատկապես այն հանգանմանքը, որ վատագույն հնգյակում հայտնվել է ՀՀ Ազգային ժողովը` Ազգային անվտանգության ծառայության կողքին։ Ազգային ժողովը մի մարմին է, որն իր բնույթով պետք է որ լիներ ամենաբացն ու հրապարակայինը։ Վատագույն արդյունք գրանցած մարմինների շարքում առկա է միայն մեկ նախարարություն՝ ՊՆ-ն։ Հատկանշական է, որ որևէ մարզպետարան չի հայտնվել այստեղ։ Մարզպետարանների ամենացածր ցուցանիշն այս տարի եղել է 79 միավորը (16-րդ տեղ՝ Արագածոտնի մարզպետարան): Իսկ նախարարությունների վատագույն ցուցանիշը ՊՆ-ից հետո արձանագրվել է ՀՀ Քաղաքաշինության նախարարության դեպքում (60.5 միավոր, 30-րդ տեղ):

Կարևոր է նշել, որ Արագածոտնի մարզպետարանի ցուցանիշը ամենացածրն է բացառապես այլ մարզպետարանների հետ համեատության դեպքում, ընդ որում` 1-ին տեղը զբաղեցրած Կոտայքի մարզպետարանին Արագածոտնը զիջում է ընդամենը 10, իսկ 5-րդ տեղը զբաղեցնող մարմիններին ընդամենը 4 միավորով: Այսինքն, ընդհանուր առմամբ Արագածոտնի մարզպետարանն ունի հրապարակայնության և տեղեկատվության ազատության մակարդակի բարձր ցուցանիշ և առաջատարներին շատ քիչ է զիջում:

Նախարարությունների շրջանում հետնապահներն են.

34. ՀՀ պաշտպանության նախարարություն՝ 48.5 միավոր,
30. ՀՀ քաղաքաշինության նախարարություն՝ 60.5 
միավոր,
29. ՀՀ բնապահպանության նախարարություն՝ 62 
միավոր:
 

ՀՀ կառավարությանն առընթեր մարմիններից վատագույններն են.

36. ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն՝ 33.5 միավոր,
35. ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե՝ 40.5 
միավոր,
32. ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն՝ 53 
միավոր:

Ինչպես 2014թ.-ին, այնպես էլ 2015թ.-ին գնահատվել են ՀՀ Նախագահի, ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերի հրապարակայնության և տեղեկատվության ազատության մակարդակները։ Այս մարմինները հետևյալ միավորներն են վաստակել.

27. ՀՀ կառավարության աշխատակազմ՝ 63 միավոր,
31. ՀՀ Նախագահի աշխատակազմ՝ 60.5 միավոր,
33. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ՝ 51 միավոր:

ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության աշխատակազմերը բավական ցածր արդյունք ունեն, զբաղեցնում են ինդեքսի վերջին տեղերը: Պատճառն այն է, որ թեև այս տեղեկություն տնօրինողներն ունեն բավական հագեցած կայքեր, սակայն որպես կանոն կայքերում բացակայում է բավարար տեղեկություն հենց աշխատակազմերի վերաբերյալ (օրինակ, աշխատակազմի բյուջեն, բյուջեի կատարման և գործունեության հաշվետվությունները): ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության աշխատակազմերի դեպքում դրական չէ նաև ՏԱ հարցումներին պատասխանելու պրակտիկան (տես` http://givemeinfo.am/hy/entity/47/from=2014-09-28;to=2015-06-18/ և http://givemeinfo.am/hy/entity/135/from=2014-09-28;to=2015-08-10/):

Լավագույն և վատագույն արդյունքների համեմատություն

Ամենաշատ միավորները հավաքել է Կոտայքի մազրպետարանը` 89 միավոր: Նախորդ տարի Կոտայքի մարզպետարանը 70 միավորով 8-րդն էր: Այսպես, 2014թ.-ի ինդեքսի արդյունքների համեմատ 2015թ.-ին մարզպետարանն իր ցուցանիշը բարելավել է 19 միավորով. նախ Կոտայքի մարզպետարանն էականորեն բարելավել է իր գործունեությունը ՏԱ հարցումներին պատասխանելու առումով` 2014թ.-ին հավաքած 12 միավորի փոխարեն 2015թ-ին հավաքելով 25 միավոր:  Բացի այդ, իր կայքում նախատեսելով առանձին բաժին գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ, հրապարակելով մարզպետարանի հաստիքացուցակները և ՏԱ պատասխանատու պաշտոնյայի տվյալները` “Հրապարակայնության/մատչելիության ապահովում տեղեկատվություն տնօրինողի սեփական նախաձեռնությամբ” բաժնում նախորդ տարվա 38-ի փոխարեն հավաքել է 44 միավոր` այսպիսով ապահովելով հրապարակայնության մակարդակի աճ 19 միավորով::

2015թ.-ի գնահատման արդյուքնում երկրորդ տեղում հայտնվել է ՀՀ առողջապահության նախարարությունը 88 միավորով: Նախորդ տարի առողջապահության նախարարությունը 5-րդն էր 74 միավորով: Այս բարելավումը նախորդ տարվա համեմատ նախարարության համար ապահովել են հիմնականում լավ աշխատանքը ՏԱ հարցումներին պատասխանելու առումով (25 միավոր 2015թ.-ին` 2014թ.-ի 18 միավորի փոխարեն), ինչպես նաև պաշտոնական կայքում գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ առանձին բաժին ստեղծելը, ՏԱ պատասխանատու պաշտոնյայի տվյալները և այլ տեղեկություններ հրապարակելը (43 միավոր 2015թ.-ին` 2014թ.-ի 37 միավորի փոխարեն):

Հարկ է նշել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության օրինակը: Այս նախարարությանը ևս հաջողվել է իր հրապարակայնության մակարդակը բարելավել 19 միավորով` 21-րդ տեղից բարձրանալով 8-րդ հորիզոնական: Այս բարելավման պայմանները հետևյալներն են. նախարարությունը բարելավել է իր աշխատանքը ՏԱ հարցումներին պատասխանելու առումով (20 միավոր 2015թ.-ին` 2014թ.-ի 12 միավորի փոխարեն), պաշտոնական կայքում գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ առանձին բաժին ստեղծելու, ՏԱ պատասխանատու պաշտոնյայի տվյալները և այլ տեղեկություններ հրապարակելու միջոցով ապահովել է պրոակտիվ հրապարակայնություն (42 միավոր 2015թ.-ին` 2014թ.-ի 36 միավորի փոխարեն), ինչպես նաև նշանակել է ՏԱ պատասխանատու պաշտոնյա (“Աշխատակազմ/աշխատաոճ” բաժնում 20 միավոր 2015թ.-ին` 2014թ.-ի 15-ի փոխարեն):

Անցած տարվա առաջատար ՀՀ Արմավիրի մարզպետարանը և երկրորդ տեղը զբաղեցրած ՀՀ արդարադատության նախարարությունը 2015թ.-ի ընթացքում նունյպես բարելավել են իրենց ցուցանիշը: Մարզպետարանը 2015թ.-ին ունի 85 միավոր 2014թ.-ի 80-ի փոխարեն, իսկ նախարարությունը 81 միավոր` 2014թ.-ի 78-ի փոխարեն: Սակայն Արմավիրի մարզպետարանը 2015թ.-ին 3-րդն է, իսկ արդարադատության նախարարությունը` 11-րդը (2014թ.-ին՝ 2-րդ): Այս հետընթացը պայմանավորված է ոչ թե տվյալ մարմիններում հրապարակայնության մակարդակի նվազմամբ, այլ տեղեկություն տնօրինող այլ մարմիններում հրապարակայնության մակարդակի կտրուկ ավելացմամբ: Այսպես, Արմավիրի մազրպետարանը և Արդարադատության նախարարությունը պահպանել և մի փոքր բարելավել են հրապարակայնության նախորդ տարվա իրենց ցուցանիշը, սակայն տեղեկություն տնօրինող մյուս մարմինները (Կոտայքի մարզպետարան, ՀՀ առողջապահության նախարարություն և այլն) էականորեն են բարելավել հրապարակայնության նախորդ տարվա իրենց ցուցանիշը և առաջ են անցել Արմավիրի մարզպետարանից և Արդարադատության նախարարությունից:

Պետք է նշել, որ 2015թ.-ին 13 մարմին հավաքել է 80 և ավելի միավոր, մինչդեռ 2014թ.-ին 80 միավոր հավաքել էր ընդամենը 1 մարմին` 2014թ.-ի առաջատար Արմավիրի մարզպետարանը:

2015թ.-ին ամենաքիչ միավորը հավաքել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը` 33.5 միավոր: Նախորդ տարի ԱԱԾ-ն կրկին հետնապահն էր, բայց 29.5 միավորով: Այս տարի ԱԱԾ-ն գրացել է 4 միավորի աճ` փոքր ինչ բարելավելով իր աշխատանքը ՏԱ հարցումներին պատասխանելու և պրոակտիվ հրապարակայնության ապահովման ոլորտներում:

2015թ.-ին վատագույններից երկրորդը ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն է` 40.5 միավորով: Նախորդ տարի կոմիտեն ուներ 37.5 միավոր: 3 միավորի բարելավումը ՏԱ հարցումներին ավելի լավ պատասխանելու արդյունքն է: Թեև կոմիտեն բարելավել է իր ցուցանիշը 2014թ.-ի համեմատ, սակայն վատացել է նրա դիրքը տեղեկություն տնօրինողների ցուցակում` 2015թ.-ին նա երկրորդ վատագույնն է, այնինչ 2014թ-ին երրորդ վատագունն էր: Պատճառն այն է, որ 2014թ.-ի երկրորդ ամենավատ արդյունք ունեցող ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն ուներ 36.5 միավոր, 2015թ.-ին բարելավել է իր հրապարակայնության մակարդակը 16.5 միավորով (հիմնականում պրոակտիվ հրապարակայնության ապահովման միջոցով), արդեն ունի 53 միավոր և հետնապահներից 5-րդն է:

Ամփոփում

Վերլուծելով հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսի 2015 և 2014թ.թ.-ի արդյունքներն ըստ ինդեքսի բաժինների` պարզ է դառնում, որ լուռ մերժումների (անպատասխան մնացած հարցումներ) թիվը առնվազն պետական կառավարման կենտրոնական մարմիններում խիստ նվազել է: Փոխարենը առաջացել է մեկ այլ` ոչ պակաս լուրջ խնդիր` թերի և խուսափողական կամ խորամանկ պատասխանների խնդիրը: Արդիական է մնում նաև ՏԱ մասին օրենքով սահմանված ժամկետների խախտումների խնդիրը: Արդյունքում տեղեկություն տնօինող մարմինները “Տեղեկատվության ազատության իրավունք” բաժնում միավորներ կորցնում են հիմնականում թերի կամ անհիմն պատասխաններ և ժամկետանց պատասխաններ տրամադրելու պատճառով:

2015թ.-ի ՏԱ Ինդեքսը ցույց տվեց, որ չնայած պրոակտիվ հրապարակայնության առումով գրանցված ընդհանուր առաջընթացին` տեղեկություն տնօրինող շատ մարմիններում սեփական նախաձեռնությամբ տեղեկություն հրապարակելու կարևորությունը լավ չի ընկալվում. պաշտոնական որևէ կայք այդպես էլ լիովին չի ներառում ՏԱ մասին օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները, շատ մարմինների կայքեր չեն պարունակում կարևոր և անհրաժեշտ բավարար տեղեկատվություն, շատ դեպքերում էլ առկա տեղեկությունը թաքնված է, տեսանելի չէ և այն դժվար է գտնել:

Դեռ արդիական է նաև ՏԱ իրավունքի վերաբերյալ պաշտոնյաների իրազեկվածության և գիտելիքի պակասի խնդիրը: Թեև ՏԱ պատասխանատուներ նշանակելն այս խնդրի լուծման ճանապարհին մեծ քայլ էր, սակայն դա բավարար չէ: Անհրաժեշտ է, որ տեղեկատվության ազատության իրավունքի մասին տեղյակ լինի յուրաքանչյուրն, ով այսպես թե այնպես առնչվում է այս իրավունքի իրացմանը (հարցումների պատասխաններ պատրաստող պաշտոնյաներ, կայքի կամ հրապարակային այլ միջոցով տեղեկության տարածման պատասխանատուներ):

ԻԱԿ-ի` հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսի 2015 և 2014թ.թ.-ի արդյունքների համեմատությունը հասանելի է www.foi.am/rating կայքի “Համեմատական” բաժնում, իսկ տեղեկություն տնօրինողների արդյունքներին ըստ տարիների և ըստ ինդեքսի բաժինների կարող եք ծանոթանալ www.foi.am/rating կայքի “ՏԱ ինդեքս” բաժնում` համապատասխան ֆիլտրերով կատարելով անհրաժեշտ տվյալների ընտրությունը:

Ինդեքսի մասին

2014թ.-ի սեպտեմբերի 28-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) գործարկեց Հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսը (www.foi.am/rating): Ինդեքսի նպատակն է գնահատել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության և հրապարակայնության մակարդակը: ԻԱԿ-ի մշակած գնահատման հիսուներեք չափանիշները բաժանվում են երեք խմբի`

  • Տեղեկատվության ազատության իրավունք – այս բաժնի չափանիշները մատնանշում են, թե որքանով է տեղեկություն տնօրինող մարմինը պատշաճ վերաբերվում հասարակությանը տեղեկատվությամբ ապահովելու իր պարտականությանը, իրականացնում ՏԱ հարցումների հիման վրա մարդուն տեղեկություն տրամադրելու իր պարտականությունը, որը սահմանված է “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով:
  • Հրապարակայնության/մատչելիության ապահովում տեղեկատվություն տնօրինողի սեփական նախաձեռնությամբ – այս բաժինը վերաբերում է բացառապես տեղեկություն տնօրինողի կողմից տեղեկատվության ազատության, հրապարակայնության և մատչելիության պրոակտիվ (սեփական նախաձեռնությամբ) ապահովմանը: Պետության նախաձեռնողականությունը հրապարակայնության և թափանցիկության ապահովման հարցում կարևորելով` այս բաժինը ներառում է չափանիշների ամենամեծ խումբը և, հետևաբար, ապահովում է ամենաշատ միավորները:
  • Աշխատակազմ և աշխատաոճ – գնահատման չափանիշների այս բաժինը գնահատում է տեղեկություն տնօրինողի ռեսուրսների պատշաճությունը չափանիշների երկու հիմնական խմբով` ունի արդյոք տեղեկություն տնօրինողը բավարար մարդկային (մասնագիտական) ռեսուրսներ, կրթված վերապատրաստված աշխատակիցներ, և որքանով է տեղեկություն տնօրինողն օգտագործում հրապարակայնության ապահովման տարբեր գործիքներ:

Գնահատման բոլոր չափանիշներին համապատասխանելու դեպքում տեղեկություն տնօրինողը կարող է ստանալ առավելագույնը 100 միավոր, որոնցից 1 միավորը համարժեք է 1 տոկոսին: Արդյունքում, տեղեկատվություն տնօրինողը կունենա այնքան տոկոս հրապարակայնության մակարդակ, որքան միավոր է հավաքել:

Գնահատման չափանիշներն ամփոփվում են ամեն տարի սեպտեմբերի 28-ի` տեղեկատվության ազատության միջազգային օրվա նախօրեին, ուստի տեղեկություն տնօրինողների հրապարակայնության մակարդակը գնահատվում է նախորդ տարվա սեպտեմբերի 28-ից մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածի համար:

 Հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքս- 2015.      արդյունքների ամփոփում

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին