Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

ՏԱ վերլուծություններ

Պրոակտիվ հրապարակման ապահովումը պաշտոնական ինտերնետային կայքերում

15.03.2017

 Այս մոնիտորինգի նպատակն է գնահատել, թե Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններն ինչպես են ապահովում պրոակտիվ հրապարակումը պաշտոնական ինտերնետային կայքերում, ամփոփել էլեկտրոնային տեղեկատվության ազատությանը վերաբերող ՀՀ օրենսդրության պահանջները և  համապատասխան մարմիններին ներկայացնել անհրաժեշտ փոփոխությունների առաջարկների փաթեթ: Մոնիտորինգն իրականացրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՍեքԴև հիմնադրամի աջակցությամբ:   

 
Մշտադիտարկման հիմնական խնդիրներն են.    
  • գնահատել տեղեկատվության ազատության ոլորտում տեղեկատվություն տնօրինող մարմինների ակտիվությունը և սեփական նախաձեռնությամբ տեղեկությունների հրապարակումը պաշտոնական ինտերնետային կայքերում,
  • գնահատել ՀՀ պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքերը՝ օրենսդրության պահանջների համապատասխանության և նախապես մշակված չափորոշիչների հիման վրա,
  • վեր հանել ՏԱ օրենսդրության կիրառմանը խոչընդոտող խնդիրները և բացթողումները,
  • ներկայացնել համապատասխան առաջարկներ ուղղված պետական կառավարման մարմիններին, քաղաքացիական հասարակությանը:  
Մոնիտորինգն իրականացվել է 2016թ.-ի նոյեմբեր- 2017թ.-ի հունվար ժամանակաշրջանում: 
 
Մոնիտորինգում ընդգրկվել են պետական կառավարման կենտրոնական 37 մարմին, դրանք են. 
 
ՀՀ կառավարության աշխատակազմ
18 նախարարություններ՝ http://gov.am/am/structure/
8 Կառավարությանն առընթեր մարմիններ՝ http://gov.am/am/adjunct-bodies/
10 մարզպետարաններ՝ http://gov.am/am/regions/
 
Մոնիտորինգի մեթոդաբանությունը
 
Մոնիտորինգն իրականացվել է երկու հիմնական մեթոդով՝ տեղեկություն տնօրինողների պաշտոնական ինտերնետային կայքերի ուսումնասիրությամբ և հարցազրույցների անցկացմամբ: ՏԱ ապահովումը սեփական նախաձեռնությամբ՝ պրոակտիվ հրապարակումը  գնահատելու համար ուսումնասիրվել են պետական կառավարման 37 մարմինների պաշտոնական ինտերնետային կայքերը: Արդյունքում գնահատվել է հրապարակվող տեղեկության բովանդակության համապատասխանությունը ՏԱ օրենսդրության պահանջներին: 
 
Գնահատումն իրականացվել է հետևյալ սկզբունքներով՝ 
  • Օրենսդրությամբ պահանջված տեղեկության առկայությունը / բացակայությունը,
  • Տեղեկության ամբողջականությունը և ճշգրտությունը. պաշտոնական կայքում տեղադրված տեղեկության բովանդակությունը  պետք է արտացոլի այս կամ այն չափորոշիչի մասին ամբողջ անհրաժեշտ տեղեկատվական ծավալը: Օրինակ, հաշվետվությունները պետք է կայքում տեղադրված լինեն ամբողջությամբ, այլ ոչ թե քաղվածքների տեսքով:  Օրինակ, եթե պետական մարմինը նախորդող ժամանակաշրջանում պատրաստել է հինգ հաշվետվություն, ապա բոլոր հինգն էլ պետք է տեղադրված լինեն պաշտոնական կայքում,
  • Թարմացումը և օպերատիվությունը. պաշտոնական կայքերում տեղեկության նորության աստիճանը, դրա թարմացման հաճախականությունը:
  • Մատչելիությունը. փաստաթղթերի մատչելիությունը, որոնման հարմարությունը, փաստաթղթի ներբեռնման ձևաչափը, ինչը օգտագործողներին հնարավորություն է տալիս հետագայում օգտագործելու այդ տեղեկությունը: 
Մոնիտորինգը բաղկացած է երեք հիմնական բաժիններից.
 
Ա. Սեփական նախաձեռնությամբ պաշտոնական տեղեկատվության տրամադրման սկզբունքները և օրենսդրական հիմքերը
Բ. Մոնիտորինգում ընդգրկված մարմինների պաշտոնական կայքերի գնահատման արդյունքները
Գ. Եզրահանգում և առաջարկություններ
 
 "ՊՐՈԱԿՏԻՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ" Մշտադիտարկման զեկույց, հունվար, 2017թ.
 
 

← Վերադառնալ ցուցակին