Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

ՏԱ վերլուծություններ

Շուրջ 1400 թափուր աշխատատատեղ կա պետական մարմիններում, սակայն դրանց մասին տեղեկատվությունը չի հրապարակվում

06.06.2018

Պետական բոլոր մարմինները պարտավոր են սեփական նախաձեռնությամբ հրապարակել թափուր աշխատատեղերի մասին տեղեկությունները և դրանցում կատարված փոփոխությունները՝ հանրության համար մատչելի ձևով և տեղեկատվության տնօրինողի՝ ինտերնետային էջի առկայության դեպքում նաև դրանով՝ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի ։ Որքանո՞վ են օրենքի այս պահանջը կատարում 17 նախարարությունները եւ Կառավարության աշխատակազմը հեղափոխությունից հետո առաջացած կադրային լուրջ փոփոխությունների համատեքստում։

Մայիսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցում ուղարկեց ՀՀ կառավարության աշխատակազմ և 17 նախարարություններ՝ պարզելու, թե մայիսի 23-ի դրությամբ գերատեսչություններում ի՞նչ թափուր հաստիքներ կան, և որոնք են դրանց հրապարակման աղբյուրները:

Նույնաբովանդակ հարցումներ ուղարկվել են նաև ԱԺ աշխատակազմին (մայիսի 29-ին), ՀՀ Ոստիկանությանը և Պետական եկամուտների կոմիտեին (մայիսի 31-ին):

Հարցման պատասխանների վերլուծության արդյունքում պարզ դարձավ, որ Տեղեկատվության մասին օրենքի պահանջը կատարել է միայն 8 նախարարություն՝ Բնապահպանության, Գյուղատնտասության, Առողջապահության, Արտաքին գործերի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, Տարածքային կառավարման և զարգացման, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները:

Օրենքի պահանջը չեն կատարել ՀՀ կառավարության աշխատակազմը, Ոստիկանությունը և մյուս 9 նախարարությունները:

Այսպես. ՀՀ կառավարության աշխատակազմում առկա թափուր հաստիքների թիվը հայտնի չէ, քանի որ, ինչպես տեղեկանում ենք պաշտոնական պատասխանից, ներկայումս տեղի է ունենում աշխատակազմի լուծարման և վարչապետի աշխատակազմի ձևավորման գործընթացը: Օրենսդրությամբ սահմանված կարգով միայն համապատասխան իրավական ակտերի ընդունումից և վերոնշյալ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթները կատարելուց հետո պարզ կլինի թափուր հաստիքների առկայությունը: Պատասխանը համարել ենք անհիմն: Թեև Կառավարության աշխատակազմը շարունակում է նոր նշանակումներ անել, սակայն պատասխանում նշում է, որ թափուր հաստիքների մասին տեղեկատվություն առկա չէ։ http://www.givemeinfo.am/hy/case/2384/։ Կառավարության աշխատակազմը չի կատարել ՏԱ մասին օրենքով սահմանված պարտադիր հրապարակման պարտականությունը, քանի որ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը կառավարության պաշտոնական կայքում հրապարակված չէ:

ՀՀ Պաշտպանության նախարարությունը մերժել է տրամադրել թափուր հաստիքների մասին տեղեկատվություն՝ այն համարելով պետական գաղտնիք՝ համաձայն նախարարի 2015թ.-ի հուլիսի 9-ի N9-Ն հրամանի հաստատված ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի։ Հաստիքակազմակերպչական, անձնակազմի համալրման և կադրային հարցերի վերաբերյալ տեղեկությունները գաղտնագրման ենթակա են,- նշված է պատասխան գրության մեջ։

Նախարարություններից ամենից շատ թափուր հաստիք ունի ՀՀ Ֆինանսների նախարարությունը՝ 86: Նախարարության պատասխան գրությամբ նշվել է, որ թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքի «Նախարարություն» բաժնի «Կարիերա» ենթաբաժնի «Թափուր աշխատատեղեր» հատվածում (http://www.minfin.am/hy/page/tapur_ashkhatategher/): Թեև նախարարությունը նշել է հստակ հղումը, բայց այնտեղ նշված է միայն մեկ հաստիքի՝ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի առաջատար մասնագետի թափուր հաստիքի մասին հայտարարություն: Նախարարությունում թափուր են նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետի տեղակալի, Ներքին աուդիտի վարչության պետի տեղակալի և այլ հաստիքներ՝ http://www.givemeinfo.am/hy/case/2401/։ Թեեւ նախարարության տրամադրած պատասխանը լիարժեք է, սակայն այն չի կատարել ՏԱ մասին օրենքով սահմանված պարտադիր հրապարակման պարտականությունը, քանի որ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը նախարարության կայքում հրապարակված չէ:

84 թափուր հաստիք է առկա ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որոնց մասին հայտարարությունները հրապարակվել են «Հանրային ծառայություն» շաբաթաթերթում և նախարարության կայքում՝ չմասնավորեցնելով հրապարակման հստակ հղումը, ինչի համար պատասխանը համարվել է թերի: Այստեղ թափուր են նախարարի գլխավոր խորհրդականի, նախարարի խորհրդականի հաստիքները, բժիշկ-փորձագետի 5, միասնական ընդունարանի ղեկավարի 15 թափուր հաստիքները՝ http://www.givemeinfo.am/hy/case/2385/: Նախարարությունը չի կատարել ՏԱ մասին օրենքով սահմանված պարտադիր հրապարակման պարտականությունը, քանի որ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը նախարարության կայքում հրապարակված չէ:

Հաջորդը ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն է՝ 29 թափուր հաստիք, այդ թվում նախարարի առաջին տեղակալի, նախարարի տեղակալի, գլխավոր խորհրդականի, նախարարի տեղակալի օգնականի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի հաստիքներ: Նախարարությունը տրամադրել է թափուր հաստիքների ցանկը, բայց չի նշել, թե որտեղ է հրապարակվել այն, ուստի պատասխանը համարել ենք թերի: Պատասխանում նշվել է միայն մեկ թափուր հաստիքի հայտարարության հրապարակման աղբյուրը: Նախարարությունը չի կատարել ՏԱ մասին օրենքով սահմանված պարտադիր հրապարակման պարտականությունը, քանի որ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը նախարարության կայքում հրապարակված չէ: http://www.givemeinfo.am/hy/case/2385/

24 թափուր հաստիք կա ՀՀ Բնապահպանության նախարարությունում: Թափուր պաշտոնների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում (http://mnp.am/am/pages/185): Թափուր են օրինակ նախարարի առաջին տեղակալի, օգնականի, մամուլի քարտուղարի և այլ հատիքներ: http://www.givemeinfo.am/hy/case/2390/ :

Նախարարությունը լիարժեքորեն կատարել է ՏԱ մասին սահմանված պարտադիր հրապարակման պարտականությունը, քանի որ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը նախարարության կայքում ամբողջական հրապարակված է:

Առողջապահության նախարարության 23 թափուր հաստիքների մասին հայտարարությունը, ըստ նախարարության պատասխանի, տեղադրված է նախարարության` http://moh.am/uploads/31%2005%2018hastiqacucak%20Tapur.pdf, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական կայքերում և «Հանրային ծառայություն» շաբաթաթերթում: Թափուր են Միջազգային հարաբերությունների վարչության պետի, Հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետի, Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետների և այլ հաստիքներ: Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.givemeinfo.am/hy/case/2386/: Նախարարությունը կատարել է ՏԱ մասին օրենքով սահմանված պարտադիր հրապարակման պարտականությունը:

ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության 22 թափուր հաստիքների ցանկն ըստ տրամադրված պատասխանի հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական կայքում և «Հանրային ծառայություն» շաբաթաթերթում, սակայն կայքերում հրապարակման պատշաճ հղումը չի տրամադրվել, որի պատճառով պատասխանը թերի է համարվել: Թափուր են Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի, Էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժնի պետի, Արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետի, Միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի առաջատար և առաջին կարգի մասնագետների և այլ թափուր հաստիքներ, որոնց ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ պատասխան գրության մեջ այստեղ՝ http://www.givemeinfo.am/hy/case/2387/:
Թեև նախարարության կայքում թափուր աշխատետեղերի մասին հայտարարությունների հրապարակման համար առանձին էջ կա, սակայն այստեղ միայն մեկ հայտարարություն է տեղադրված՝ http://moj.am/announcements/browse#block_1: Այսպիսով, Արդարադատության նախարարությունը ևս չի կատարել ՏԱ մասին օրենքով սահմանված պարտադիր հրապարակման պարտականությունը:

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է առկա 20 հաստիքների ցանկը: Ցանկը տրամադրվել է նաև հարցման պատասխանում, սակայն նախարարությունը չի նշել կայքում հրապարակման պատշաճ հղումը: Պատասխանը համարվել է թերի այդ պատճառով։ http://www.givemeinfo.am/hy/case/2392/
Նախարարությունը թեեւ չի նշել կայքում հրապարակման հղումը, սակայն տեղեկությունը հրապարակված է կայքում: Նախարարությունը կատարել է ՏԱ մասին օրենքով սահմանված պարտադիր հրապարակման պարտականությունը՝ թափուր հաստիքացուցակը հրապարակելով նախարարության էջում՝ http://www.minenergy.am/page/436 :

19 թափուր հաստիք առկա է ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում: Տեղեկությունը հրապարակված է նախարարության կայքում http://mtcit.am/main.php?lang=1&page_id=588: Թափուր են Կապի և հեռահաղորդակցության վարչության գլխավոր մասնագետի 2, Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչության պետի և գլխավոր մասնագետի, Երկաթուղու վարչության պետի տեղակալի, գլխավոր և առաջատար մասնագետների, Քարտուղարության տնտեսական բաժնի պետի, Ճանապարհային ոլորտը կարգավորող բաժնի պետի և այլ հաստիքներ: http://www.givemeinfo.am/hy/case/2400/ Նախարարությունը լիարժեքորեն կատարել է ՏԱ մասին օրենքով սահմանված պարտադիր հրապարակման պարտականությունը, քանի որ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը նախարարության կայքում հրապարակված է:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը ԻԱԿ-ին տրամադրել է իր 18 թափուր հաստիքի ցանկը, որին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.givemeinfo.am/hy/case/2391/։ Նախարարությունում կան Վերլուծության, Անձնակազմի կառավարման բաժինների պետերի, վարորդի, գործավարի և այլ թափուր հաստիքներ: Պատասխանում նշված է, որ նախարարության հաստիքացուցակը, որում առկա է նաև թափուր հաստիքների մասին նշում, հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքում՝ http://minagro.am/public/uploads/2016/10/hastiq-2018.pdf :
Նախարարությունը լիարժեք կատարել է ՏԱ մասին օրենքով սահմանված պարտադիր հրապարակման պարտականությունը, քանի որ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը նախարարության կայքում հրապարակված է:

ՀՀ Սփյուռքի նախարարությունը տրամադրել է 16 թափուր հաստիքների ցանկը: Քաղծառայության խորհրդի կայքում և «Հանրային ծառայություն» շաբաթաթերթում հրապարակվել է միայն մեկ հաստիքի համար հայտարարված մրցույթի մասին տեղեկություն, իսկ նախարարի ֆեյսբուքյան էջում վերջերս հրապարակվել է նախարարի մամուլի քարտուղարի թափուր պաշտոնի վերաբերյալ հայտարարությունը: Նախարարությունը նաև հայտնել է, որ վերջին շրջանում թափուր տեղերի համար մրցույթներ չեն հայտարարվել քաղծառայության մասին օրենքի փոփոխության հետ կապված: Նախարարության կայքում այս տեղեկատվությունը հրապարակված չէ, ուստի նախարարությունը չի կատարել ՏԱ մասին օրենքով սահմանված պարտադիր հրապարակման պարտականությունը: http://www.givemeinfo.am/hy/case/2397/

ՀՀ Մշակույթի նախարարությունում մայիսի 23-ի դրությամբ առկա է 13 թափուր հաստիք, որոնց, ըստ նախարարության պատասխանի, կարող ենք ծանոթանալ նախարարության կայքում`http://www.mincult.am/ministry_staff.html: Սակայն այս հղումը չի պարունակում թափուր հաստիքների վերաբերյալ որեւէ տեղեկություն. այստեղ հրապարակված է միայն նախարարության հաստիքացուցակը: Թափուր հաստիքների ցանկը չի տրամադրվել: Ուստի պատասխանը համարվել է թերի: Նախարարությունը չի կատարել նաեւ ՏԱ մասին օրենքով սահմանված պարտադիր հրապարակման պարտականությունը, քանի որ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը նախարարության կայքում հրապարակված չէ: http://www.givemeinfo.am/hy/case/2394/

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը տրամադրել է քաղաքացիական ծառայության 7 թափուր հաստիքի ցանկը և նշել, որ այն հրապարակված է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական կայքում և նախարարության կայքում: Նախարարությունը չի նշել կայքում հրապարակման պատշաճ հղումը, ուստի պատասխանը համարվել է թերի: http://www.givemeinfo.am/hy/case/2398/ Սակայն մենք ինքներս գտանք նախարարության կայքի համապատասխան բաժինը՝ http://www.mtad.am/hy/mta-vacancies/, որտեղ հրապարակված է միայն 4 հաստիքի համար մրցույթի հայտարարությունը: Այսպիսով, նախարարությունը մասամբ է կատարել ՏԱ մասին օրենքով սահմանված պարտադիր հրապարակման պարտականությունը:

5 թափուր հաստիք կա ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններում: Նախարարությունը տրամադրել է ցանկը որը տեղադրված է նաև նախարարության կայքում՝ (http://www.msy.am/category/tapour-pashtonner.html): Թափուր են նախարարի տեղակալի, Մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետի, Միջազգային կապերի և իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի, Երիտասարդական քաղաքականության վարչության համագործակցության և վերլուծությունների բաժնի 1-ին կարգի մասնագետի, Բյուջետային ֆինանսավորման և ծրագրերի համակարգման վարչության ծրագրերի համակարգման և գնումների բաժնի 1-ին կարգի մասնագետի հաստիքները: http://www.givemeinfo.am/hy/case/2396/ Նախարարությունը կատարել է ՏԱ մասին օրենքով սահմանված պարտադիր հրապարակման պարտականությունը:

ՀՀ Կրթության և գիտության նախարարության 4 թափուր հաստիքների ցանկը հրապարակված է նախարարության կայքում, բայց պատասխանում չի նշվել ցանկի հրապարակման պատշաճ հղումը, ուստի պատասխանը համարել ենք թերի։ http://www.givemeinfo.am/hy/case/2393/։ Թափուր են Ֆինանսաբյուջետային վարչության գլխավոր և առաջին կարգի մասնագետների, Գնումների և հաշվապահական հաշվառման վարչության գնումների կազմակերպման բաժնի պետի և Իրավաբանական վարչության առաջին կարգի մասնագետի հաստիքները: Նախարարությունը չի կատարել ՏԱ մասին օրենքով սահմանված պարտադիր հրապարակման պարտականությունը, քանի որ ցանկով տրամադրված թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը նախարարության կայքում՝ http://edu.am/index.php/am/events/category/118 , հրապարակված չէ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատասխան գրության մեջ նշել է, որ թափուր հաստիքների մասին տեղեկատվությունը հրապարակվում է նախարարության կայքում (http://www.mes.am/hy/mta-vacancies/) և քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական կայքում: Կայքերից ոչ մեկում նախարարության թափուր հաստիքների վերաբերյալ հունիսի 6-ի դրությամբ հայտարարություն չկա: Պատասխանը թերի է, քանի որ չեն տրամադրել ցանկը կամ նշել՝ առկա՞ են թափուր հաստիքներ, թե ոչ՝ չպատասխանելով առաջին հարցին։ http://www.givemeinfo.am/hy/case/2388/ Նախարարությունը չի կատարել ՏԱ մասին օրենքով սահմանված պարտադիր հրապարակման պարտականությունը, քանի որ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը նախարարության կայքում հրապարակված չէ:

Միակ նախարարությունը, որտեղ, ըստ նախարարության պատասխանի, ընդհանրապես այս պահին թափուր հաստիքներ գոյություն չունեն՝ ԱԳՆ է։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը նշում է թափուր հաստիքները համալրվում են մրցույթով, որի մասին հայտարարությունը տրվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում և/կամ նախարարության կայքում առնվազն մեկ ամիս առաջ: Այժմ մրցույթային կարգով համալրվող թափուր հաստիքներ չկան ԱԳՆ-ում: http://www.givemeinfo.am/hy/case/2389/

Ազգային ժողովի աշխատակազմում կա 21,5 թափուր հաստիք, որոնցից մեկը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնականի 0,5 հաստիքը, հայեցողական է: Կա նաև պետական ծառայողի 17, տեխնիկական սպասարկում իրականացնողի՝ գործավարի 1, քաղաքացիական աշխատանք կատարողի 1 և բյուջետային գրասենյակի աշխատողի՝ փորձագետի 2 հաստիք: Ցանկին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.givemeinfo.am/hy/case/2381/ :

ՀՀ ոստիկանությունում թափուր հաստիքներ կան բարձրագույն (2 հաստիք), գլխավոր (29), ավագ (32), միջին (323), կրտսեր (622) խմբերի պաշտոններում, տեխնիկական սպասարկում իրականացնողների (38), քաղաքացիական աշխատանք կատարողների պաշտոններում (47), ընդհանուր՝ 1093 թափուր հաստիք: Պատասպանում նաև նշվել է, որ թափուր հաստիքները համալրելու առաջնահերթությունը տրվում է ոստիկանության ծառայողներին, ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվողներին, ինչպես և ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում բարձրագույն կամ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստացած ծառայողներին։ http://www.givemeinfo.am/hy/case/2382/ Թափուր հաստիքների ցանկը Ոստիկանության կայում չգտանք՝ http://www.police.am/news/view/hayt310518.html, ուստի չի կատարվել ՏԱ մասին օրենքով սահմանված պարտադիր հրապարակման պարտականությունը:

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ մարմնում առկա է 145 թափուր հաստիք, այդ թվում՝ նախագահի առաջին տեղակալի, աշխատակազմի ղեկավարի, նախագահի խորհրդականի և այլ հաստիքներ: Ամբողջական ցանկն այստեղ՝ http://www.givemeinfo.am/hy/case/2383/ 

Այսպիսով, Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ բոլոր 17 նախարարություններում առկա է 370 թափուր աշխատատեղ, 1093 թափուր հաստիք կա Ոստիկանությունում, 21, 5-ը՝ ԱԺ-ում։

Պատասխանների ժամկետները

Այսպիսով, տրամադրված պատասխանների 71%-ը եղել է ժամանակին, մյուս 29%-ը՝ ուշացած:

ԻԱԿ-ի հարցմանն ամենից արագ պատասխանել են Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը` 1 օր անց, ինչպեն նաև Մշակույթի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական զարգացման և ներդրումների, Սփյուռքի նախարարություները՝ 2 օր անց:

Ուշացած պատասխան են տրամադրել Արտաքին Գործերի, Առողջապահության, Բնապահպանության և Գյուղատնտեսության նախարարությունները (6 օր անց), ՀՀ կառավարության աշխատակազմը (7 օր անց): Ամենաուշը՝ 8 օր անց, պատասխան է տրամադրել ՊԵԿ-ը: 

ԻԱԿ-ի էլեկտրոնային հարցմանը գրավոր, թղթային տարբերակով են պատասխանել Արտաքին Գործերի նախարարությունը, ՀՀ կառավարության աշխատակազմը, իսկ Բնապահպանության նախարարությունը պատասխանել է և՛ էլեկտրոնային, և՛ թղթային եղանակով: Մյուս պատասխանները տրամադրվել են էլեկտրոնային փոստով:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին