Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

ՏԱ վերլուծություններ

Հայաստանյան մեդիա ոլորտի քարտեզագրում ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում

01.02.2022

Հաշվի առնելով Հայաստանում մեդիա միջավայրի, իրականության փոփոխությունը՝ անհրաժեշտություն է առաջացել մտածելու ապատեղեկատվության, կեղծ լուրերի դեմ պայքարի թարմ, նոր առաջ եկած ռիսկերը կառավարող ու դրանց դիմակայող իրավական կարգավորումներ ու մեխանիզմներ ձևավորելու մասին, քանի որ գործող կարգավորումները չեն նպաստում միջավայրի առողջացմանը։ Այս համատեքստում, իշխանությունների կողմից վերջերս առաջարկվող իրավական լուծումները և մեխանիզմները հիմնականում հետապնդում են սահմանափակումներ մտցնելու պրակտիկա, որն ուղղակի պատժամիջոցներ է սահմանում, տուգանում, ինչն առավել քան խնդրահարույց է, քանի որ ստեղծում է ոչ համագործակցային պայմաններ ու միջավայր ԶԼՄ-ների գործունեության համար։

«Հայաստանյան մեդիա ոլորտի քարտեզագրում ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում» հետազոտությունն իրականացվել է 2021թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Հետազոտության նպատակն է ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում քարտեզագրել ՀՀ մեդիա միջավայրը, առանձնացնել ոլորտում հիմնական ազդեցություն ունեցողներին, նկատել ապատեղեկատվության տարածման առկա օրինաչափությունները, կեղծ լուրերի ձևավորման և տարածման յուրահատկությունները։ Հետազոտությունը նաև բացահայտում է ապատեղեկատվության, կեղծ լուրերի դեմ պայքարի ժամանակակից մեթոդները և գործիքակազմը, որն այսօր առկա է հայաստանյան մեդիա ոլորտում։

Սույն փաստաթուղթն առաջնահերթ նպատակ ունի՝

ա) ներկա պայմաններում աջակցել հասարակական ոլորտին, մեդիա քաղաքականություն մշակող պետական և ոչ առևտրային, շահույթ չհետապնդող կառույցներին ու կազմակերպություններին, որպեսզի վերջիններս կարողանան ճիշտ գնահատել հայաստանյան մեդիա իրականությունը՝ իրավական կարգավորումներ կամ ինքնակարգավորման մեխանիզմներ մշակելու առումով։

բ) լայն հանրությանը ծանոթացնել, թե ինչպիսին է հայաստանյան մեդիա միջավայրը, որոնք են ապատեղեկատվության տարածման և շրջանառման համատեքստում ազդեցություն ունեցողները՝ օգնելով խուսափել սոցիալական իրականության սխալ ընկալումներից։

գ) հավաքագրել ՀՀ-ում իրականացվող ապատեղեկատվության դեմ պայքարի ընթացիկ ծրագրերը,

դ) բացահայտել ապատեղեկատվության տարածման օրինաչափությունները և յուրահատկությունները, դրանց բնութագիրը, վտանգներն ու խնդիրները։

Հետազոտությունն իրականացվել է խառը մեթոդներով՝ համադրելով փորձագիտական հարցազրույցների և հայաստանյան մեդիա միջավայրում լսարան, ազդեցություն ունեցողների տեղեկատվական հարթակների ուսումնասիրությունը, թեմայի վերաբերյալ նախկինում առկա հետազոտական հասանելի փաստաթղթերը։

Ուսումնասիրության հիմնական բացահայտումներն ամփոփել ենք ներքոնշյալ եզրահանգումներով.

1. Հիմնվելով փորձագետների գնահատականների վրա՝ հնարավոր է եղել ամրագրել, որ վերջին երկու տարիներին պայմանավորված մի շարք երևույթներով ու գործընթացներով՝ կորոնավիրուսային վարակ, պատերազմ, հետցնցումային ու ներքաղաքական լարվածություն, ապատեղեկատվության հոսքերը զգալիորեն ավելացել են հայաստանյան մեդիա միջավայրում։

2. Հանրային վստահությունը ԶԼՄ-ների հանդեպ բավականին ցածր է։ Վստահելի ԶԼՄ-ների թվում հիմնականում առկա են հեռուստաընկերություններ, որոնք ունեն համապետական սփռում։ Առցանց լրատվամիջոցների տեղեկատվության հանդեպ հանրային վստահություն գրեթե չկա։

3. Հայաստանում հեռուստաընկերությունները շարունակում եմ մնալ որպես ամենից ազդեցիկ ԶԼՄ-ներ։

4. Ապատեղեկատվություն ուղարկողներին և տարածողներին նշելիս փորձագետներն հիմնականում առանձնացնում են աղբյուրների մի քանի խմբեր:

5. Ապատեղեկատվության տարածման հիմնական հարթակները բարձր դիտողականություն և տեսանելիություն ունեցող ԶԼՄ-ներն են իրականացնում՝ մասնավորապես՝ հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերում տարածելով կեղծ պատմույթներ:

6. Շրջանառվող ապատեղեկատվության հիմնական բնութագիրը, օրինաչափությունները և յուրահատկությունները բացահայտելու համար կիրառելի է փորձագետների գնահատականների հիման վրա մշակված պարզեցված սխեման, որը ներառում է երեք հիմք՝ տեղեկատվություն ուղարկող, տեղեկատվության ուղերձ և հաղորդակցության կոնտեքստ։ Ամբողջը պայմանականորեն կարելի է խմբավորել երեք հիմքով՝«ո՞վ է ասում», «ի՞նչ և ինչպե՞ս է ասում», «ինչո՞ւ կամ ի՞նչ կոնտեքստում է ասում»։

7. Լրագրողների տեղեկություն ստանալու հարցումներն անօրինական մերժելը կամ դրանց թերի, ոչ լիարժեք պատասխանելը ապատեղեկատվության տարածման առումով առանցքային խնդիրների պատճառն են դառնում։ Մասնավորապես, երբ պետական մարմինները չեն տրամադրում ժամանակին և լիարժեք տեղեկատվություն, ինչպես նաև պրոակտիվ եղանակով չեն հրապարակում տեղեկատվություն, սա պարարտ հող է ստեղծում ապատեղեկատվության և կեղծ լուրերի տարածման համար, խեղաթյուրում կառավարություն-հասարակություն հաղորդակցությունը։ Գործնականում մեծ թիվ են կազմում ուշացած պատասխանները և անօրինական մերժումները։

8. Պետական կառավարման մարմինները նաև պրոակտիվ հրապարակային չեն գործում։ Սեփական նախաձեռնությամբ լիարժեք չեն հրապարակում իրենց գործունեությանն առնչվող տեղեկատվությունը՝ մատչելիության, արդիականության և ամբողջականության սկզբունքների հիման վրա՝ ժամանակին, հասանելի և հասկանալի մարդկանց համար: Պետական մարմինների պաշտոնական կայքերը լիարժեք չեն բավարարում հրապարակայնության և արդյունավետ հաղորդակցության անհրաժեշտ չափանիշները։ Պաշտոնական կայքերում հրապարակված փաստաթղթերը չեն համապատասխանում բաց տվյալներ ձևաչափին։ Այս պատճառով դժվարանում կամ անհնարին է դառնում լրագրողների համար տարբեր փաստաթղթերի համադրումը, վերլուծումը, դրանցում առկա տեղեկատվության հետ հետագա աշխատանքը։

9. Ապատեղեկատվության, կեղծ լուրերի շարունակական աճը մեծ վտանգ է հանդիսանում ժողովրդավարական գործընթացներում Հայաստանի հաջողելու համատեքստում։ Ապատեղեկատվությունը նաև լուրջ վտանգ է ներկայացնում հասարակության համար՝ չնպաստելով տեղեկատվական դաշտի զարգացմանը, որտեղ փաստերի վրա հիմնված բանավեճը չի գերազանցում կոնտեքստային տեղեկության շահարկմանը, մանիպուլյացիաներին ու կեղծիքին:

10. Պետական պաշտոնյաները և գերատեսչությունները սխալ հաղորդակցություն են վարում այնպիսի զգայուն թեմաներով, ինչպիսիք են պատերազմն ու դրա հետևանքները, ինչն ավելացնում է տեղեկատվական վտանգներն ու անապահովության միջավայրը: Առանձին կարևորություն ունի ռազմագերիների և Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծի երկայնքով տեղի ունեցող գործընթացների թեման, որը հաճախ ադրբեջանական տեղեկատվական հոսքերի միջոցով որպես ապատեղեկատվություն է ներթափանցվում Հայաստանի տեղեկատվական միջավայր։ Չունենալով նաև այսօրինակ դեպքերի դեմ պայքարի միջոցառումների համալիր ռազմավարությունը՝ հայաստանյան մեդիա միջավայրն իրավիճակին պատասխանում է այդ կեղծ լուրերի շրջանառմամբ մինչ այն պահը, երբ պետական գերատեսչությունները ժամանակ են գտնում արձագանքելու։

11. Որոշ գործոններ վտանգավոր են դարձնում համավարակի վերաբերյալ կեղծ լուրերն ու ապատեղեկատվությունը, դավադրության տեսությունների շրջանառումը. մեդիա դաշտը լցված է կեղծ պատմույթներով, ինչը հանրության ուշադրությունը շեղում է հանրային առողջության վերաբերյալ հրահանգներից և ուղղորդումներից:

12. Չնայած ապատեղեկատվության տարածման հանդեպ մտահոգության առկայությանը՝ փորձագետների պնդումների հիմա վրա արձանագրվել է, որ ի տարբերություն առավել մասնագիտական՝ փաստերի ստուգման լրագրությամբ զբաղվող հարթակների ու խմբագրությունների, հայաստանյան մեդիա միջավայրում ապատեղեկատվության դեմ կանոնակարգված, մշտական պայքար դրան հակազդում չի իրականացվում մեդիա միջավայրի մյուս դերակատարների կողմից։ Վերջիններս առավելապես զբաղվում են սեփական բովանդակություն ստեղծելու խնդրով, քան ապատեղեկատվության դեմ պայքարելով։

13. Հայաստանում գործում են փաստերի ստուգման լրագրությամբ զբաղվող առանձին խմբագրություններ, որոնց նպատակը բացառապես ապատեղեկատվության դեմ պայքար ծավալելն ու հակազդելն է։

14. Քաղաքական դերակատարները շարունակում են օգտագործել սուտ տեղեկություններ ՔՀԿ-ների գործունեության, օտարերկրյա դոնորների և նրանց ենթադրյալ քաղաքական նպատակների մասին: Սա թույլ է տալիս թիրախավորված կեղծ տեղեկատվական արշավներ իրականացնել, որոնք օգտագործվում են հասարակության պառակտելու, խարխլելու քաղաքացիական հասարակության հանդեպ վստահությունը և կասկածի տակ առնելու ժողովրդավարությունը:

15. Հանրային հետաքրքրության հարցերը պետական մարմինների կողմից չեն պարզաբանվում ժամանակին և մատչելի կերպով՝ ստեղծելով տեղեկատվական բաց, որն էլ լցվում է կա՛մ կեղծ և մանիպուլյատիվ տեղեկատվությամբ, կա՛մ մնում է դատարկ` խարխլելով հանրային վստահությունը պաշտոնական տեղեկատվության հանդեպ։

16. Փորձագետների պնդումներում արձանագրվել է, որ առ այսօր չի մշակվել և ընդունվել ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգային որևէ փաստաթուղթ, ռազմավարություն և գործողությունների պլան։ Ապատեղեկատվության դեմ պայքարը բնորոշվում է որպես հատվածային, այժմրոպեական, կարճաժամկետ ազդեցություն ապահովող և սահմանափակող միջոցառումների ամբողջություն։

17. Վերջին երկու տարիներին Կառավարությունը և Ազգային ժողովը ժամանակ առ ժամանակ հանդես են եկել օրենսդրական տարբեր նախաձեռնություններով՝ փորձելով ստեղծել որոշակի սահմանափակող կարգավորումներ՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու և ատելության խոսքն ու անօրինական բովանդակության ծավալը նվազեցնելու նպատակով: Սակայն այդ օրենսդրական նախաձեռնությունները հիմնականում հատվածային և դրվագային բնույթ ունեին։ Փորձագետների արձանագրմամբ, դրանք պրոֆեսիոնալ լրագրողական համայնքի կողմից հիմնականում գնահատվել են որպես խոսքի և մամուլի ազատության վրա ճնշումներ:

 «Հայաստանյան մեդիա ոլորտի քարտեզագրում ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում» հետազոտությունն ամբողջությամբ

← Վերադառնալ ցուցակին