Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Սպիտակ և Սև ցուցակներ

2021 2020 2019 2018 2017 2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006 2005 2004 2003 2002 2001

Ըստ տարիների

 Սև ցուցակ 2021

Այս գերատեսչությունների ղեկավարները 2021 թվականի ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։ Սև ցուցակը կազմվում է հետևյալ չափանիշների հիման վրա։
  • ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյան

2021թ․ հունվարի 7-ին «Փաստինֆո» լրատվական գործակալությունը տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե 2021թ. հունվարի 7-ի դրությամբ քանի նահատակված զինվորի վերաբերյալ ունեն տվյալներ, նրանցից քանիսն են ժամկետային զինծառայող, քանիսը` պահեստազորային, քանիսը` կամավոր։ Ի պատասխան՝ ՊՆ-ից նշել են, որ «զոհված, գտնվելու վայրն անհայտ և ինքնությունը չհաստատված զինծառայողների թվաքանակների ճշգրտման աշխատանքներն ընթացքի մեջ են և տվյալները ներկա դրությամբ ամբողջությամբ հստակեցված չեն, հետևաբար տեղեկատվության տրամադրումը գտնում ենք ոչ նպատակահարմար»։ Մերժումը համարվել է անհիմն, քանի որ մերժման նման հիմք նախատեսված չէ օրենսդրությամբ։ Հարցումների ու դրանց՝ ՊՆ արձագանքի մասին մանրամասն ներկայացված է լրատվամիջոցի «Զոհված զինծառայողների թվային տվյալներին ՊՆ-ն չի տիրապետում. պաշտոնական» հրապարակման մեջ։ http://www.givemeinfo.am/hy/case/3192

  • ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արշակ Կարապետյան

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող Օֆելյա Սիմոնյանը 2021թ․ հուլիսի 26-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերով քանի զինծառայող է պայմանագիր կնքել մեկնարկից մինչ հարցումն ուղարկելու օրը։ Նախարարությունը հրաժարվել է տրամադրել տեղեկությունը՝ որակելով այն ծառայողական գաղտնիք։ Մերժումը համարվել է անհիմն, հատկապես, որ «Հրապարակ» թերթի՝ 2020թ.-ին ուղարկած նույնաբովանդակ հարցմանն ի պատասխան ՊՆ-ն տրամադրել էր լիարժեք պատասխան (https://hraparak.am/post/8e8cc3f2ee6ba6036e8f800e29e3004dhttp://www.givemeinfo.am/hy/case/3309/

  • Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության

• 2021թ․ օգոստոսի 12-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն Երևանի Սիլիկյան հին խճուղու բնակելի թաղամասի անմիջական հարևանությամբ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողի վրա անօրինական գործող քարի արտադրամասի մասին և հստակեցնել, թե ինչու է Երևանի քաղաքապետարանը դրսևորել անգործություն և չի կասեցրել վերջինիս գործունեությունը։ Քաղաքապետարանը տրամադրել է անհիմն պատասխան՝ ըստ էության չպատասխանելով հարցմանը (http://www.givemeinfo.am/hy/case/3312/)։ Նույնը շարունակվել է նաև կրկնակի հարցումների դեպքում (ավելի մանրամասն՝ http://www.foi.am/hy/all-cases/item/2136/), իսկ ԻԱԿ-ի վերադասության կարգով բողոքը մնացել է անպատասխան (http://www.givemeinfo.am/hy/case/3331/

ԻԱԿ-ը 2021թ․օգոստոսի 30-ին դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին (բողոք թիվ 1/8619-21)։ ՄԻՊ-ը 2021թ. դեկտեմբերի 3-ի որոշմամբ արձանագրել է, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանի հարցումներին պատշաճ և սպառիչ պատասխան չտրամադրելով՝ Երևանի քաղաքապետարանը խախտել է ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով և միջազգային փաստաթղթերով ամրագրված տեղեկություններ ստանալու վերջինիս իրավունքը» (ՄԻՊ որոշումը՝ այստեղ):

Երևանի քաղաքապետարանին վերոնշյալ հարցման լիարժեք պատասխան տրամադրելու պարտավորեցման պահանջով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2021 թ. նոյեմբերի 1-ին դիմել է նաև ՀՀ վարչական դատարան։

• Երևանի քաղաքապետարանը 2021 թվականին խախտել է Երևանի Ֆիզիկայի բանավանի բնակիչների տեղեկություն ստանալու իրավունքը։ Քաղաքապետարանը չի տրամադրել և/կամ ուշացրել է թաղամասում 12 հարկանի շենքի կառուցման վերաբերյալ կարևոր փաստաթղթերի տրամադրումը, Գիտավանի բնակիչները պատշաճ չեն տեղեկացվել հանրային լսումների մասին, թեև Քաղաքապետարանը տեղյակ է եղել նրանց հետաքրքրվածության մասին՝ ունենալով նամակներ ու հարցումներ, լսումների բովանդակությունը կեղծվել է․ համայնքի անունից խոսել են այդ համայնքի հետ կապ չունեցող մարդիկ, ինչի արդյունքում, ըստ էության, ազդակիր շենքերի բնակիչները հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու իրենց մտահոգությունները։

  • ՀՀ Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոն է դիմել քաղաքացի Հարություն Ծատրյանը՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու հարցում։ Քաղաքացին 2021 թվականի մարտի 20-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել տվյալներ այն մասին, թե քանի ՀՀ քաղաքացի է ՀՀ-ից մեկնել Ռուսաստանի Դաշնություն և նույն ժամանակահատվածում քանի ՀՀ քաղաքացի է Ռուսաստանի Դաշնությունից եկել ՀՀ։ Վարչապետի աշխատակազմը հարցումը վերահասցեագրել էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, որը պատասխան գրությամբ նշել էր, որ չի տնօրինում նման տվյալներ։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, հաշվի առնելով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ստացած այս պատասխանը (http://www.givemeinfo.am/hy/case/3298/), 2021թ. ապրիլի 9-ին հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով նշել՝ տնօրինում է արդյոք ՀՀ վարչապետի աշխատակազմը վերոնշյալ հարցմամբ պահանջվող տեղեկությունները կամ դրանց մի մասը և եթե ոչ, նշել, թե որ պետական մարմինն է տնօրինում այդ տեղեկությունները։ Վարչապետի աշխատակազմը մերժել է տրամադրել պահանջվող տեղեկությունը՝ նշելով․ «Հայտնում ենք, որ հայցվող տեղեկատվությունը տնօրինող պետական մարմինների ցանկը հաստատված է «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22- ի թիվ 884-Ն որոշմամբ»: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ փաստացի պատասխան չի տրվել ԻԱԿ-ի հարցմանը, և չեն տրամադրվել պահանջվող տեղեկությունները։
http://www.givemeinfo.am/hy/case/3297/

 

  • ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյան (այժմ Զեյնալյանը նախագահում է ՀՀ ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովը)

ՀՀ քաղաքացի Մուշեղ Հովսեփյանը 2021թ. հունվարի 12-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով։ Հարցումը վերաբերել է հանձնաժողովի կողմից Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մշտադիտարկմանը և դրա շրջանակում Հանձնաժողովի կողմից 2020թ․-ին ձեռնարկված գործողություններին։ Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տրամադրել է հարցերին չառնչվող անհիմն պատասխան։ http://www.givemeinfo.am/hy/case/3190/

  • ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան

2021 թ․ օգոստոսի 2-ին ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը զուգորդվել է խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի խիստ սահմանափակումներով: Lրագրողական կազմակերպություններն արձանագրել են, որ խորհրդարանում իրականացված սահմանափակումները կիրառվել են առանց նախնական քննարկումների ու ԶԼՄ-ներին՝ աշխատանքային պայմանների փոփոխությունների մասին նախապես տեղեկացնելու։ Եվ ամենակարևորը՝ չի ընդունվել որևէ նորմատիվ-իրավական ակտ, որը հիմք կհանդիսանար նման գործողությունների համար, և միայն նույն օրը՝ օգոստոսի 2-ին, երբ արդեն կիրառվել են սահմանափակումները, հրապարակվել է դրանց վերաբերող ԱԺ նախագահի համապատասխան որոշումը։ Մասնագիտական համայնքի բոլոր դիտարկումները մնացել են անպատասխան։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս նախաձեռնության համար 2021թ․-ին արժանացել է ԻԱԿ-ի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության բացասական մրցանակի «Տեղեկատվության ազատությանը սպառնացող նախաձեռնության հեղինակ պետական կառույց» անվանակարգում։

  • ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գոռ Գևորգյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2021թ. ապրիլի 14-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Գոռ Գևորգյանին՝ խնդրելով տրամադրել պատգամավորական գործունեության ընթացքում իր կողմից (համա)հեղինակած օրենսդրական նախաձեռնությունների ցանկը՝ նշելով դրանց կարգավիճակը 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ։ Հարցումը մնացել է անպատասխան։ http://www.givemeinfo.am/hy/case/3288/