Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ուսուցումներ

Ընդհանուր տեղեկություն

2003-2010թ.թ. ընթացքում ԻԱԿ-ի կազմակերպած դասընթացների շնորհիվ օրենքի կիրառման եւ օգտագործման վերաբերյալ գիտելիք եւ հմտություն է ստացել 6 հազարից ավելի մարդ։

 

Որպես ուսուցումների անցկացման ինստիտուցիոնալ հիմք՝ 2010թ.-ի նոյեմբերին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հիմնադրեց “Տեղեկատվության ազատության ոչ ֆորմալ կրթական կենտրոն՝ այդպիսով դառնալով պետական պաշտոնյաներին ՏԱ ազատության վերաբերյալ գիտելիքով եւ հմտություններով ապահովող կայուն ինստիտուցիոնալ մեխանիզմ: Կենտրոնի նպատակն է ուսուցանել քաղաքացիական եւ համայնքային ծառայողներին տեղեկատվության ազատության իրավունքի, “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի կիրառման պրակտիկայի, տեղեկատվության էլեկտրոնային կառավարման, ինչպես նաեւ պաշտոնյաների էթիկայի վերաբերյալ:

 

2001-2011թ.թ.-ի ընթացքում ԻԱԿ-ը ՀՀ ողջ տարածքում տեղեկատվության ազատության վերաբերյալ տասնյակ դասընթացներ է կազմակերպել պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար` օգնելով դասընթացների մասնակիցներին զարգացնել իրենց գիտելիքները տեղեկատվության ազատության ոլորտում: Միայն 2008-2010թթ.. ընթացքում ԻԱԿ-ն անցկացրել է 40 ուսուցում ՀՀ 10 մարզերում /յուրաքանչյուրում 4 անգամ/՝ ՛՛Տեղեկատվության ազատության մասին՛՛ ՀՀ օրենքի կիրառման եւ օգտագործման վերաբերյալ:

ԻԱԿ-ը նաեւ տեղեկատվության ազատության վերաբերյալ աշխատանքային քննարկումներ է կազմակերպել տարբեր թիրախային խմբերի համար՝ իրավապահ մարմինների, լրագրողների, մարզպետարանների աշխատակազմերի ներկայացուցիչների, վարչական շրջանների ներկայացուցիչների եւ այլոց համար: 2009-2010թթ.. ընթացքում մի շարք ուսուցումներ է կազմակերպել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Մալբերի համակարգի վերաբերյալ: 2010թ. փետրվար-ապրիլ ամիսներին ԻԱԿ-ը հատուկ 2-օրյա դասընթացներ է կազմակերպել ՀՀ 10 մարզպետարանների աշխատակիցների համար՝ ծանոթացնելով նրանց էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Մալբերի համակարգի հմտություններին:

Տեղեկատվության ազատության ուսուցումների արդունավետությունը բարձրացնելու նպատակով 2010թ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պատրաստել է երկու ուսումնական տեսաֆիլմ` “Տեղեկատվություն տրամադրելու Ձեր պարտականությունը” եւ “Տեղեկացված լինելու իմ իրավունքը” վերնագրերով:

2008թ.-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ սկսեց իրականացնել ՀՀ քաղաքացիական ծառայողների վերապատրաստում։ Դրա առաջին մեկնարկը եղավ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի աջակցությամբ իրականացրած «Տեղեկատվության ազատության վերաբերյալ վերապատրաստման դասընթաց հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների համար» ծրագիրը, որը նպատակաուղղված էր Հայաստանում տեղեկատվության մատչելության առավել բարձր մակարդակի ապահովմանը և ՀՀ պետական մարմինների աշխատանքի թափանցիկության ու պատասխանատվության բարձրացմանը։ Ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի մարմինների՝ ներառյալ 10 մարզպետարանների հասարակայնության հետ կապերի 84 պատասխանատուներ 2-օրյա ուսուցումների արդյունքում ձեռք բերեցին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառման համար անհրաժեշտ գործնական գիտելիք եւ հմտություններ:
Որպես այս ուսուցումների արդունք 2008թ. ապրիլի 17-ի N 302-Ա որոշմամբ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը «Տեղեկատվության ազատությունը եւ հասարակայնության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում» վերապատրաստման դասընթացը ընդգրկեց հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացների ծրագրում:

Այս համագործակցության հաջորդ արդյունքը եղավ այն, որ ՀՀ քաղծառայության համակարգի մարմինների հասարակայնության հետ կապերի պատասխանատուների պաշտոնի անձնագրերը լրամշակվեցին՝ այդուհետ ներառելով նաեւ կոնկրետ գործառույթներ ու պարտականություններ ՏԱ ոլորտում:

ԻԱԿ-Քաղծառայության խորհուրդ համագործակցության շարունակություն եղավ այն, որ “Տեղեկատվության ազատության ոչ ֆորմալ կրթական կենտրոն”-ում 2010թ. նոյեմբերից վերսկսեցին քաղաքացիական ծառայողների վերապատրաստումները։ 2011թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եւ 2011թ մարտ-հունիս ամիսներին կրթական կենտրոնի վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 301 քաղաքացիական ծառայող ՀՀ նախարարություններից, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից, ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեից, Սոցիալական ապահովության ծառայությունից, ՀՀ 10 մարզպետարաններից, ինչպես նաեւ պետական կառավարման այլ թիրախային մարմիններից: Եռօրյա Դասընթացների ավարտին մասնակիցներին տրվեցին պետական նմուշի վկայականներ:

Ուսումնական կենտրոնում դասընթացներն իրականացվում են ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2010թ. հոկտեմբերի 28-ի N847 որոշմամբ հաստատված "Ամբողջականության հիմունքները եւ տեղեկատվության ազատությունը եւ հասարակայնության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում" ծրագրով: Դասընթացներն իրականացվում են ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի եւ ՀՀ Քաղաքացիական ծառայողների միության հետ համատեղ։

2011թ. հոկտեմբերից “Տեղեկատվության ազատության ոչ ֆորմալ կրթական կենտրոն”-ում ԻԱԿ-ը ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ իրականացնում է համայնքային ծառայողների վերապատրաստում: Դասընթացներն իրականացվում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2011թ. հոկտեմբերի 20-ի N129-Ա որոշմամբ հաստատված "Ամբողջականության հիմունքները եւ տեղեկատվության ազատությունը եւ հասարակայնության հետ կապերի ապահովումը տեղական ինքնակառավարման համակարգում" ծրագրով: